Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Իգլա»-ի գործով հերթական դատական նիստն էր: ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Գործով մյուս մեղադրյալներն են Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն Քոչարյանը, Անդրանիկ Քոչարյանը, Ժորա Զաքարյանը, Դավիթ Հարությունյանը: Սամվել Բաբայանին նաեւ փողերի լվացման մեղադրանք է առաջադրվել:
Այսօրվա նիստում շարունակվեց վկաների հարցաքննությունը: Սուսաննա Հարությունյանը, որն այս գործից անջատված մասով նաեւ մեղադրյալ է, դատարանին նախ ասած, որ զարմացած է այս գործով Սամվել Բաբայանին առաջադրված մեղադրանքներից: Նրա պատմածներից պարզ դարձավ, որ ապրիլին ԱԺ ընտրություններին մասնակցող «ՕՐՈ» դաշինքի նախընտրական շտաբում կազմակերպչական աշխատանքներով է զբաղվել, այդ նպատակով առնչվել Սամվել Բաբայանի հետ:
Սուսաննա Հարությունյանը պնդեց, որ Սամվել Բաբայանն անգամ չի ճանաչել գործով որոշ մեղադրյալների: «Նա՝ Արցախի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտը չէր կարող գործ ունենալ Հրաչյա Մայիլյանի եւ Արմեն Պողոսյանի հետ: Նա չի ճանաչել նրանց»,-ասաց կինը: Նշեց, որ գործով մեղադրյալներ Արմեն Պողոսյանն ու Սանասար Գաբրիելյանն այցելել են իրենց շտաբ, տեղեկացրել, որ Վրաստանում են եղել. «Ձերբակալության նախորդ օրը ասեցին, որ Երեւան-Սեւան մայրուղում իրենց ԱԱԾ-ն խուզարկել է: Հաջորդ օրը, երբ իմացա, զանգեցի Սամվել Բաբայանին եւ ասացի, որ մեր կողմնակիցներից մեկին ձերբակալել են: Բաբայանն ասաց՝ «լավ են արել»…երբեք չէի մտածի, որ նման խնդիր կար, հեռուստացույցով եմ իմացել «Իգլա»-ի մասին: Ես շատ վաղուց եմ ճանաչում Սամվել Բաբայանին եւ բարձր կարծիք ունեմ նրա մասին: Կարծում եմ՝ աշխարհում 10 միլիոն հայ գիտի, թե ով է Արցախի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը»:
Տիկնոջ հարցաքննությունը հաճախ էր դահլիճում ներկաներին, այդ թվում՝ Սամվել Բաբայանին, քմծիծաղի տեղիք տալիս: Նա բավականին անմիջական էր՝ պատմում էր գործի հետ կապ չունեցող մանրամասներ, գովում մի աղջիկ-քննիչի, որն Արցախից է, ինչ-որ ֆիլմից դրվագներ հիշում, ԱԱԾ աշխատակիցների՝ իր տուն մտնելը համեմատում Լենկ Թեմուրի արշավանքի հետ:
Մանրամասն քիչ ուշ՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ