Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոսկվայում տեղի ունեցավ «Հայաստան. հայացք դեպի ապագան» քաղաքագիտական ֆորումը

Սեպտեմբեր 11,2017 12:05

ԴԻԱԼՈԳ հասարակական կազմակերպության ջանքերով սեպտեմբերի 7-ին «Պրեզիդենտ-Հոթելում» տեղի ունեցավ «Հայաստան. հայացք դեպի ապագան» Մոսկվայի հայկական քաղաքագիտական ֆորումը:

Ֆորումի նախաձեռնող, ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը բացելով միջոցառումը ընդգծեց, որ այն հանդիսանում է լրացուցիչ հարթակ Մոսկվայի հայկական կազմակերպությունների, հայ գիտնականների և փորձագետների ներուժի համախմբման, Հայաստանի և Արցախի անվտանգության և տնտեսական զարգացման հարցերի քննարկման, ինչպես նաև ռուսաստանյան հասարակական-քաղաքական կազմակերպությունների և հետազոտական հաստատությունների հետ երկխոսության խորացման և զարգացման համար:

Ֆորումի բացմանը ընթերցվել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ողջույնի ուղերձը:

Միջոցառման մասնակիցներին ողջույնի ուղերձներով դիմել են նաև ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ երկրների, եվրասիական ինտեգրացիայի և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը («Եդինայա Ռոսսիյա» խմբակցություն), գեներալ-լեյտենանտ, «Ցարգրադ» հեռուստաընկերության խորհրդի նախագահ Լեոնիդ Ռեշետնիկովը, ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Կազբեգ Տայսաևը (Կոմունիստական խմբակցություն), ՌԴ նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների հարցերի խորհրդի անդամ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Ողջույնի ուղերձներում ընդգծվել է Ռուսաստանի պետական կյանքում հայ ժողովրդի ուրույն դերը, Ռուսաստանի և Հայաստանի միջև երկխոսության դաշտի ընդլայնման, ինչպես նաև կովկասյան տարածաշրջանում անվտանգության ամրապնդման առաջնահերթությունը:

Միջոցառումը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 26–ամյակին, ընդգրկում էր երեք թեմատիկ նստաշրջան` անվտանգության խնդիրների, տնտեսական համագործակցության և ռուս-հայկական հարաբերություններում հայ համայնքի դերի վերաբերյալ:

«Հայաստանի անվտանգության ժամանակակից մարտահրավերները: Հայ-ռուսական համագործակցության ռազմավարական համագործակցության նշանակությունը» նստաշրջանում (նիստավար` գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանց) զեկուցումներով հանդես են եկել ԴԻԱԼՈԳ կազմակերպության փոխնախագահ Գոռ Կարախանյանը, ՀԱՊԿ քարտուղարության խորհրդական Պավել Սարգսյանը, ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչի տեղակալ Սերգեյ Սարգսյանը, լրագրող-միջազգայնագետ Արսեն Մելիք-Շահնազարովը, քաղաքագիտության թեկնածու Արթուր Ուստյանը:

Նրանք գնահատել են քաղաքական, կառավարման, ժողովրդագրական, ռազմական, արտաքին քաղաքական, բնապահպանական և ժամանակակից այլ մարտահրավերները հայկական պետականության համար, բերել են թվեր, որոնք որոշ դեպքերում նաև տագնապալի են: Միաժամանակ ընդգծվել է այն միտքը, որ Հայաստանի և Արցախի առջև ծառացած իրական խնդիրները չպետք է քաղաքական նկատառումներով հասարակական գիտակցության մանիպուլյացիայի առարկա դառնան:

Հատուկ ուշադրություն է դարձվել հայ հասարակությանը հուզող այնպիսի խնդրին, ինչպիսին Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարումն է: Այն դարձել է աշխույժ, հաճախ էմոցիոնալ, բայց կառուցողական բանավեճի առարկա, ինչը թույլ է տվել ավելի լավ պատկերացնել տարածաշրջանային իրողությունները, հայ-ռուսական ռազմա-տեխնիկական համագործակցության առավելությունները (այդ թվում և ՀԱՊԿ շրջնականերում) և ձևակերպել որոշ գործնական առաջարկություններ:

Մասնագիտական տեսանկյունից ոչ պակաս հետաքրքիր էր նաև տնտեսական հարցերի քննարկումը «Ի՞նչն է խանգարում Հայաստանի տնտեսական առաջընթացին: Ինչպե՞ս հասնել հայության ներուժի իրացմանը» թեմատիկ նստաշրջանում (նիստավար` տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ նախագահին կից Ժողովրդական տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի Կորպորատիվ կառավարման ֆակուլտետի դեկան, ՌԴ վաստակավոր տնտեսագետ Սերգեյ Կալենջյան) հիմնական զեկուցողներն էին տնտեսագիտության դոկտոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնտեսության բաժնի վարիչ Ազա Միհրանյանը, պատմագիտության թեկնածու, REX գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանը, ԱՐՄՌՈՍՍ հայ-ռուսական իրավաբանական ընկերակցության նախագահ Ռուբեն Կիրակոսյանը, ՌԴ նախագահին կից Ժողովրդական տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտ Հակոբ Աբրահամյանը և Մոսկվայի պետական շինարարական համալսարանի մագիստր Ներսես Ստեփանյանը: Նրանք բարձրացրեցին գործնական լուծումներ պահանջող մի շարք խնդիրներ և ուրվագծեցին դրանց ընթացք տալու ուղիները:

Հարկ է հատուկ ընդգծել այն հարցերի քննարկումը, որոնք կապված են Հայստանի և Եվրոպական միության միջև նոյեմբերին նախատեսված փաստաթղթի ստորագրման հետ: Այդ փաստաթղթի նախապատրաստումը կապված է ընդհանրապես Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության ու նրա առանձին անդամների միջև լայն երկխսության հետ, ինչը պահանջում է առավելագույն թափանցիկություն և կանխատեսելիություն գործընկերների կողմից: Միաժամանակ, ինչպես Եվրասիական տնտեսական միության, այնպես էլ հայ-ռուսական հարաբերությունների իրավա-նորմատիվային բազան կարիք ունի կատարելագործման ոչ միայն բիզնեսի, այլ նաև շարքային քաղաքացիների համար, ովքեր զանգվածաբար բախվում են սոցիալ-կենցաղային և իրավական խնդիրների հետ:

Վերջապես, «Ռուսաստանի հայ համայնքը իբրև գործոն միջպետական հարաբերություններում» թեմատիկ նստաշրջանի ընթացքում (նիստավար` իրավագիտության դոկտոր, Մոսկվայի «Բարշևսկի և գործընկերներ» փաստաբանական կոլեգիայի նախագահ Սամվել Կարախանյան) ներկայացվել է մի շարք տարածաշրջանների և հայկական կազմակերպությունների կոնկրետ ծրագրերի դրական փորձը, որն ուղղված է ազգամիջյան համաձայնության ամրապնդմանը և քաղաքացիների տարբեր խնդիրների լուծմանը: Այս նիստում զեկուցումներով հանդես են եկել ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, փիլիսոփայության դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սոցիոլոգիայի ինստիտուտի հայագիտության և սոցիալական գործընկերության բաժնի վարիչ Գերասիմ Միրզոյանը, բժշկագիտության թեկնածու, ՎԻՎԱ կազմակերպության նախագահ Տատյանա Հովհաննիսյանը, ՌՀՄ Կամչատկայի բաժանմունքի նախագահ Արթուր Խաչատրյանը, ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահի խորհրդական, կոմպոզիտոր, «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային շարժման կազմկոմիտեի անդամ (Ժնև), Արտակարգ և Լիազոր Դեսպանորդ, ՌԴ ԱԳՆ վաստակավոր աշխատող Դավիթ Մնացականյանը:  Նրանք մանրամասն պատմել են ռուսաստանյան հասարակությունում հայերի դերի և տեղի, ինչպես նաև տնտեսության, գիտության և մշակույթի ոլորտներում հայկական կազմակերպությունների գործունեության մասին:

Ֆորումի մասնակիցները մտքեր են փոխանակել նաև առանձին ուղղություններով հետագա աշխատանքների կազմակերպման մասին: Ընդգծվել է ինչպես ՌԴ պետական և տեղական ինքնավարության մարմինների, այնպես էլ հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ ավելի սերտորեն համագործակցելու անհրաժեշտությունը, ուր բավական չօգտագործված հնարավորություններ կան:

Աշխատանքի ավարտին Ֆորումը ընդունել է Ամփոփիչ հայտարարություն և ընտրել Հայստանի Հանրապետության և մայիսյան հերոսմարտերի 100–րդ տարելիցի միջոցառումները համակարգող մոսկովյան հանձնաժողով:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930