Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրությունները կեղծված լինելու մասին հայտարարությունները Գագիկ Ծառուկյանն անհիմն է համարում

Սեպտեմբեր 11,2017 11:38

«Ես ուզում են էդ հարցերին չպատասխանեմ: Երբ համապատասխան Հանրապետական կուսակցությունը իր որոշումը կկայացնի, իր թեկնածուին կներկայացնի, այդ ժամանակ կասենք»,- խորհրդարանում լրագրողների հարցին` 2018 թվականին հնարավո՞ր է ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում առաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, Դուք կընդունեք, այսպես պատասխանեց «Ծառուկյան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Այս հարցի վերաբերյալ «Ծառուկյան» դաշինքն ունի՞ իր մոտեցումը, իր նախընտրելի անձը` հարցերին, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Էս իրավունքը տրված է ՀՀԿ-ին: խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրենք տարել են առավելագույն ձայներ`50+1, որոշողն ու առաջարկողն իրենք են: Երբ որ կասեն, այն ժամանակ պատասխանը կլսեք»:

Նա շրջանցեց հարցը`տեսնո՞ւմ է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում: Նա անընդհատ պնդում էր, որ իրենց տեսնել-չտեսնելը էական չէ, որոշողը ՀՀԿ-ն է, ՀՀԿ-ի որոշմանը խոչընդոտողն էլ, ոչ թե իրենք պետք է լինեն, այլ ժողովուրդը, բայց ժողովուրդն ընտրությունների ժամանակ «50+1» տոկոս է տվել ՀՀԿ-ին: «Ժողովուրդը ընդվզող էր, թող այն ժամանակ, օրենքին համապատասխան, ձայնը տար ում հավատում էր: Հիմա եթե հավատացել են, տվել են`մենք կտեսնենք»,- ասաց նա:

Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը չհամաձայնեց լրագրողի դիտարկմանը, որ խորհրդարանական ընտրությունները կեղծվեցին: Ավելին, անհիմն է համարում նման հայտարարությունները. «Ո՞վ է ասում, որ կեղծվել են: Մարդը ձայն է տվել իրա քուչի տղուն, տվել է մարզպետին… բայց ասեմ, նրանք խնդիր լուծող չեն»:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին խոսակցություններ չկան: Հարցին`կմտնե՞ն կոալիցիա, ասաց, որ ոչինչ չի բացառվում:

Լրագրողները խնդրեցին գնահատել վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման արդյունքները: «Ես ասել եմ, որ Կարեն Կարապետյանն իմ ընկերն է: Ինքը խոսք է տվել, ներկայացրել է ծրագիր, աշխատում է անել: Էսօր ընկերն ընկերոջ մասին կարծիք ասելը ես կոռեկտ չեմ համարում: Երբ որ մենք իրար հետ հանդիպում ենք, ես ասում եմ բացասականն էլ, դրականն էլ: Էսօր դրականը նկատելի է, որ բանկի 25-30 տոկոսը դառել ա 10 տոկոս, եւ էսօր տուրիստների քանակի աճը, ասենք թե՝ Հայաստանում, ասենք թե 25 տոկոսից ավելի է»:

Բայց նա անընդհատ թմբկահարում էր`քանի իրենց կողմից ներկայացված 15 կետերը չեն իրականացվել, էական փոփոխություններ երկրում հնարավոր չէ ապահովել:

Նախընտրական շրջանում իր խոստացած ներդրումների`տնտեսության մեջ ներգրավելու մասին հարցին էլ պատասխանեց. «Եթե ուշադիր լինեք`Ծառուկյանը միշտ արել է, անում է, անելու է: Ներդրողներ էլ ենք բերելու, անում ենք էլ, կառուցում ենք էլ, մեր երկրի, մեր ժողովրդի համար…Ծառուկյանն այս երկրում ծնված մարդ է, երկրից հեռու չի գնալու»:

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց`ինչպե՞ս է, որ եկել է աշխատանքի, այս նստաշրջանում հաճա՞խ է գալու: Գագիկ Ծառուկյանը նեղսրտեց`ասելով, որ ինքը միշտ էլ աշխատում է, զբաղվածության պատճառով քիչ է գալիս խորհրդարան, բայց պարտադիր չէ, որ գա «ութ ժամ ստեղ» նստի:

Մանրամասները` շուտով տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930