Լրահոս
Օրվա լրահոսը

«Համաձայն չեմ, որ Պուտինի անունով փողոց լինի» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 11,2017 14:00

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման շրջանակներում Երեւանի փողոցներն անվանափոխելու «Ելքի» նախաձեռնության թեմայով բանավիճում են Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Աստղիկ Գեւորգյանը եւ «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Հռիփսիմե Ջեբեջյան.- Պարոն Խաժակյան, հիմնական քննադատությունը, որ հնչում է «Ելքի» առաջարկի հետ կապված, հետեւյալն է, թե՝ լավ, էս ազգը ուրիշ խնդիր չունի՞, ամբողջ դարդ ու ցավը թողած՝ իրեն ընդդիմադիր հռչակող քաղաքական ուժը փողոցների անվանափոխությո՞ւնն է գտել կարեւոր այդ խնդիրների մեջ: Ի՞նչ կասեք այդ մասին:

Դավիթ Խաժակյան.– Տրանսպորտի խնդիրների շուրջ առաջարկություններ ենք արել, աղբահանության խնդիրներով ենք զբաղվել: Մենք զբաղվել ենք բազմաթիվ այլ խնդիրներով, եւ սա մեր հերթական նախաձեռնությունն է: Բայց սա մեր ամենակարեւոր հարցն է: Եթե մենք մեր պատմությունը հենց այսօր չենք վերարժեւորում եւ չենք ասում, որ մեր նորօրյա հերոսները պետք է գնահատվեն, նրանց անուններով փողոցներ ունենանք, նրանք փոխարինեն կասյաններին, միկոյաններին, ֆրունզեներին, քանի դեռ այդ արժեքային փոփոխությունը տեղի չի ունեցել, եւ մեր տրամաբանության մեջ մենք չենք ֆիքսել անկախ պետության արժեհամակարգը, մենք չենք կարող ունենալ անկախ պետությանը հարիր քաղաքային կառավարում:

Աստղիկ Գեւորգյան.- Թույլ տվեք չհամաձայնել այն մասով, որ փողոցների անվանակոչությունը պետք է կապել անկախ պետության կայացման հետ: Ոչ շատ հեռավոր անցյալում, երբ նոր էր ավարտվել պատերազմը, ես շատ լավ հիշում եմ, թե ինչ արագ՝ մի գրչի հարվածով փոխվեցին մեր փողոցների անունները այս սկզբունքով, թե պետք է բոլորը կրեն մեր 5-րդ դարի պատմիչների անունները, որովհետեւ խորհրդային համակարգից մնացած ինչ հնարավոր է՝ պետք է ոչնչացնել, փոխել, որովհետեւ դա խանգարում է մեր առաջընթացին: Փոխվեց կոնկրետ այն փողոցի անունը, որտեղ ես ապրում եմ՝ Եզնիկ Կողբացի, դրանից ոչ փողոցի մաքրությունն է շահել, ոչ վերելակներն են լավ աշխատում, որեւէ բան չի փոխվել… Փողոց անվանակոչելը նախ՝ շատ ծախսատար է: Մեր երկիրն այն վիճակում չի, որ մենք այդքան ծախս անենք… Իմ մոտեցումը հետեւյալն է՝ քաղաքական գործիչների անունով պետք է փողոցներ չանվանակոչվեն, որովհետեւ հասարակարգը փոխվում է, վերաբերմունքը փոխվում է այդ գործչի նկատմամբ, սկսվում է մյուս գործընթաց, վկա՝ Լենինի հրապարակը, Ստալինի պողոտան: Ի դեպ, Լենինի հուշարձանը կարելի էր գիշերը լուռ ապամոնտաժել, բայց ոչ երբեք գլուխը ծածանել օդում օրը ցերեկով, շատ գավառական ձեւով օղու բաժակով խփել գլխին, ինչպես արեց հանգուցյալ քաղաքապետը, խմում էր, շնորհավորում էր հայ ժողովրդին: Դա վայրագություն էր, մեզ հարիր չէր, մենք այդ ազգը չենք: Կարելի էր անել գիշերով, հետո տեղեկացնել ժողովրդին, եթե տեր էին կանգնում, թող տեր կանգնեին պատվանդանի այն հրաշք ժանյակավոր զարդանախշերին, որ մինչեւ հիմա ոչ մեկս չգիտի, թե ում ամառանոցն է զարդարում:

Հ. Ջ.– ՀՀԿ-ին ասում են, որ այ, եթե առաջարկեին փողոց անվանակոչել Պուտինի անունով, ոչ ծախսատարությունը կհիշեիք, ոչ էլ բարդությունը, սիրով կհամաձայնեիք:

Ա. Գ. – Չէ, սխալ մոտեցում է: Ես ինքս անձամբ համաձայն չեմ, որ Պուտինի անունով փողոց լինի:

Դ. Խ.– Եթե անդրադառնանք ծախսատարությանը, անվանափոխությունը բյուջեի վրա փոփոխություն չի նախատեսում: Մեր անձնագրերը կարճ ժամանակահատվածում փոխարինվելու են ID քարտերով… Գործընթացը սկզբում այսպես եղավ, մենք ասացինք, որ վերցրել ենք 3 փողոց, որոնք անհրաժեշտ է անվանափոխել: Լենինգրադյանը, որի համար կար շուրջ 9000-անոց ստորագրահավաք, Կասյանի ու Միկոյանի դեպքում ամեն ինչ հստակ էր՝ բերել էինք ազգային արխիվից վերցրած տեղեկանքներ, որտեղ նրանց գործունեությունը ապացուցվում էր որպես հակապետական, հակաժողովրդական:

Ա. Գ.– Ստորագրությունը ինձ բոլորովին չի հանգստացնում: Դրականը չեք վերցրել, Միկոյանի պարագայում դրականը վերցրե՞լ եք:

Դ. Խ.- Վերցրել ենք: Եթե նա գործել է հանցանք հայ ժողովրդի շահերի եւ հայոց պետականության նկատմամբ, իր գործած որեւէ բարեգործություն չի կարող դա ծածկել: Դա մոտավորապես նույնը կլինի, ինչ որեւէ բարեգործ բազմաթիվ աշխատանքներ տարած լինի, հաջորդ օրը գնա մի 10 հոգու ոչնչացնի, ասենք՝ բայց դե հաշվի առեք նրա բարեգործությունները, եւ փողոց անվանակոչենք:

Ա. Գ.- Ես դեռ չգիտեմ, թե այն անունները, որոնք հնչում են, որոնց անուններով պետք է կոչել, նրանց կենսագրության մեջ ինչ սեւ կետեր կհայտնաբերեն հաջորդ սերունդները, սա շատ բարդ խնդիր է: Կարծում եմ, որ բոլորովին դրա ժամանակը չէ, որ մենք հիմա փողոցներ անվանակոչենք: Այն անունները, որոնցով կոչվել են, մի քանի խոցելի տեղեր ունեն, արտաբերումը անհնար է, հայերենը մեր ունի շատ բաղաձայների կուտակում… Պետք է մտածել նաեւ բարեհնչունության մասին, ապագա սերունդների մասին:

Դ. Խ.– Մենք ասում ենք՝ Ամիրյանը չեք ուզում անվանափոխել, լավ, Վռամշապուհ արքան մեծագույն ազդեցություն է ունեցել հայապահպանության գործում, նրա անունով փողոց չունեք, եթե Ամիրյանը չենք վերցնում, եկեք գնանք Ներքին Շենգավիթ, այնտեղ բազմաթիվ համարակալած փողոցներ կան, անվանակոչենք Վռամշապուհ արքայի անունով:

Ա. Գ.- Գնացեք հարցրեք փողոցում՝ Վռամշապուհ արքան ով է: Եթե որեւէ մեկն ասի, որ նա թագավորել է 389-417-ը եւ Սահակ Պարթեւի, Մաշտոցի հետ հայ գրերի գյուտի հարցում ինչ է արել, ես գրազ եմ գալիս ձեզ հետ, երդվում եմ, հարցում անողների 100-ից մեկը չի իմանա: Տանք այդ անունները, որ իմանան, բայց միայն նրա համար, որ մարդը եղել է ընդդիմադիր բոլշեւիկների նկատմամբ կամ բոլշեւիկ է եղել ցարական Ռուսաստանի նկատմամբ եւ համարել, որ նա կապ չունի մեր պատմության հետ ու դրա համար անունը հանել, ես կարծում եմ՝ ճիշտ չէ: Այդպես ցուցակը լայն է լինելու:

Ինչ վերաբերում է Լենինգրադյանին, ես սկզբունքորեն դեմ եմ լինելու… Ես առաջարկ եմ անում՝ մինչեւ մենք չունենանք հեղինակավոր շատ հարգարժան կառույց՝ մասնագետներից եւ քաղհասարակությունից, որը կորոշի, թե ում անունով մենք պետք է փողոց ունենանք, անընդհատ կվրիպենք… Թող գիտնականները, մտավորականները, որոնք արժանի են գնահատական տալու, գան եւ քննարկեն, թե ում անունով կարելի է կոչել: Հնարավոր վրիպումներից, թերացումներից խուսափելու համար առաջարկում եմ ստեղծել այդպիսի կառույց:

Նախկինում գեղարվեստական խորհուրդ ենք ունեցել, որը որոշել է՝ այսինչ բանը պե՞տք է եթեր դուրս գա, թե՞ ոչ: Վերացրին դա, արդյունքում մենք հիմա սերիալների գերին ենք, որը աղավաղում, այլանդակում է մեր ամբողջ ազգային ինքնությունը:

Դ. Խ.– Ակնհայտ է, որ բոլոր փաստարկներն իրար հակասում են, եւ կա մեկ նպատակ՝ «Ելքի» նախաձեռնությունը որեւէ կերպ որեւէ տոկոսով չհաջողացնել: Ֆրունզեի փողոցի փոփոխության առաջարկ արել էր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ասել էր՝ այ, օրինակ, ես համաձայն եմ Ֆրունզեի փողոցը փոխել, մենք առաջարկեցինք, որ անվանափոխվի Ապրիլյան հերոսների անվամբ, բայց դա էլ չանցավ:

Ա. Գ.- Լենինգրադյան փողոցի անունն ինչո՞ւ եք փոխում, հո Լենինգրադյան անունն էլ մարդ չի՞ սպանել:

Դ. Խ.- Ոչ, պարզապես այդ անունով այլեւս քաղաք չկա, փոխել են ռուսները:

Հ. Ջ.- Ստալինգրադ անունով քաղաքն էլ չկա, բայց Փարիզում Ստալինգրադ փողոց կա, պուրակ, նույնն էլ Իտալիայում, բա իրենք չե՞ն մտածել փոխել:

Դ. Խ– Իրենք անվանակոչել են բլոկադաների անունով, մենք անվանակոչել ենք քաղաքի անունով, որը գոյություն չունի:

Ա. Գ.- Դուք երիտասարդ եք, երեւի չեք հիշում ՍԺ-ի այն ահավոր խայտառակ նիստը, երբ պատռում էին իրենց որոշ պատգամավորներ՝ ասելով, որ Հայրենական պատերազմում տարած հաղթանակի օրը չպետք է նշվի որպես հաղթանակի օր, դա մեր պատերազմը չէր, մեր հաղթանակը չէր՝ մոռանալով, թե մենք քանի գեներալ ենք տվել, հերոսներ, մեր պապերը, եղբայրները, ամուսինները զոհվել են այդ պատերազմում: Գիտեք ինչ, պատմության հետ չի կարելի խաղ անել եւ սոսնձել էջը, ասել՝ այս էջը ինձ դուր չի գալիս: Նույնն էլ Լենինգրադյան փողոցն է: Ես կատեգորիկ դեմ եմ լինելու փոխել Լենինգրադյան անունը, Ֆրունզեին համաձայն եմ:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

09.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Երախտամոռության և անինքնասիրության վառ դրսևորում, ուրիշ ոչինչ: Ապրիլյան հերոսների անունը այսօր շահարկողներից քանիսն են, հետաքրքիր է, ապրիլյան պատերազմի ժամանակ կռվել նրանց հետ ուս ուսի տված կամ եկել նրանց օգնության: Իսկ եթե պարզվի, որ զոհվածներից մեկը կամ մի քանիսը, ասենք, հիանում էին հայ սովետական գեներալներով և մարշալներով կամ, ասենք, մեծ հարգանք էին տածում իրենց ծնողների սովետական անցյալի հանդեպ, այդ դեպքում ինչ?

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930