Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հերթական պարտադրանքը Ռուսաստանից

Սեպտեմբեր 11,2017 13:00

Օդային պատահարների հարցով Եվրասիական հանձնաժողովը
Հայաստանին կամ հարվածելու է, կամ ոչինչ չի տալու

Օգոստոսի 4-ին եւ 5-ին Ղրղըզստանի Չոլպոն-Աթա քաղաքում անցկացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների 8-րդ խորհրդակցությունը, որին մասնակցել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը: Ռուսաստանի ներկայացուցիչն առաջարկել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներից դուրս ստեղծել անկախ մարմին` ավիացիոն պատահարների քննության նպատակով: Ղազախստանը հետաքրքրվել է թեմայով, Հայաստանը բան չի ասել: Այսպես գրված է Գագիկ Գրիգորյանի գործուղման հաշվետվության մեջ:

Այս խորհրդակցությունից մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 5-ին, Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը TASS-ին ասել է, որ ստեղծվելու է օդային պատահարների հարցով Եվրասիական հանձնաժողով, Ղրղըզստանի, Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի իր գործընկերները կողմ են դրան: Կառույցը բաց է լինելու բոլորի համար: Ռուսաստանը մեկ ամսում մտափոխվել է եւ հանձնաժողովը լինելու է ԵԱՏՄ-ական, ոչ թե ԵԱՏՄ-ից դուրս: Սա չէ կարեւորը, այլ այն, որ Հայաստանին հերթական անգամ պարտադրվում է մի քայլ, որով երեւում է, որ մենք ինքնիշխան չենք:

Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտական գործակալություններից մեկը «Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունն» է՝ (International Civil Aviation Organization ICAO): Ստեղծվել է 1944 թվականին, ունի մոտ 200 անդամ, այդ թվում՝ ԵԱՏՄ բոլոր պետությունները: 73-ամյա կազմակերպությունը ռազմավարական հինգ նպատակ ունի. որոնցից երկուսը անվտանգությանն են վերաբերում՝ «Թռիչքների անվտանգություն», «Ավիացիոն անվտանգություն եւ վարչարարության պարզեցում»: Սրանից բացի, ICAO-ն ունի ավիացիոն պատահարները հետաքննող լիազոր կառույց եւ ճգնաժամային իրավիճակներին արագ արձագանքող խմբեր, մշտապես անցկացնում է ավիացիոն անվտանգության ստուգումներ: Այս ամենը չի գոհացնում Ռուսաստանին ու նա պարտադրում է Հայաստանին միանալ իր հովանու ներքո ստեղծված կառույցին, որի աշխատանքի արդյունքները բացառապես Ռուսաստանի սրտով են լինելու, ինչպես Ռուսաստանի սրտով են Հայաստանի կեղծված ընտրությունները օրինական ճանաչելու ԱՊՀ դիտորդների եզրակացությունը, կամ ապրիլյան պատերազմ սանձազերծած Ադրբեջանին հասկացող եւ չդատապարտող ԵԱՏՄ անդամների կարծիքները:

73-ամյա ICAO-ն մշտապես համաժողովներ է կազմակերպում, վերջին տարիների մարտահրավերներով պայմանավորված՝ առավելապես կենտրոնանալով անվտանգության վրա: Օրինակ, սեպտեմբերի 12-14-ը Կանադայում անցկացվելու է ավիացիոն անվտանգության գլոբալ գիտաժողով, հոկտեմբերի 11-13-ը՝ ավիացիոն համագործակցության երկրորդ գլոբալ համաժողովը, որի կարգախոսն է «Կառուցենք ապահով եւ անվտանգ ավիացիոն հասարակություն»: Անվտանգության համաժողովներ են կազմակերպվում նաեւ տարածաշրջանների մակարդակով: Հոկտեմբերի 16-18-ը նման հավաք է անցկացվելու Էստոնիայում: Տեսնես Հայաստանի ներկայացուցիչը կմասնակցի՞ այս համաժողովներին, թե՞ ինչպես Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի դեպքում եղավ, ժամանակ չի ունենա:

Անկախ Հայաստանի պաշտոնյաների զբաղվածության աստիճանից, «Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը» աշխատող կառույց է եւ արձագանքում է մարտահրավերներին, ինչը չես ասի ռուսական «ծագման» կազմակերպությունների մասին՝ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ: Սրանք ռուսական ազդեցությունը տարածելու գործիքներ են եւ միայն: Նույնը լինելու է Ռուսաստանի նախաձեռնած օդային պատահարների հարցով Եվրասիական հանձնաժողովը: Ու այսօրվա Ռուսաստան-Արեւմուտք լարվածության ծիրում Ռուսաստանի կամոք Հայաստանը հակադրվելու է Արեւմուտքին: Օրինակ, եթե ԵԱՏՄ անդամ որեւէ երկրի ինքնաթիռի հետ ավիապատահար լինի Ուկրաինայում կամ Վրաստանում: Ռուսաստանն ու օդային պատահարների հարցով Եվրասիական հանձնաժողովը հայտարարելու են, թե դա երկրի իշխանության ձեռքի գործն է ու չեն փոխելու իրենց կարծիքը, անգամ եթե տեսանյութ հրապարակվի, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է: Ու կստացվի, որ օդային պատահարների հարցով Եվրասիական հանձնաժողովի անդամ Հայաստանը հակադրվում է տրամաբանությանն ու փաստերին:

Միակ բանը, որ Հայաստանին տալու է օդային պատահարների հարցով Եվրասիական հանձնաժողովը, հարված է երկրի միջազգային վարկին: Եթե, իհարկե, ֆորպոստը նման վարկ ունենում է: Եթե չի ունենում՝ ոչինչ չի տալու:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

09.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930