Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քառօրյա պատերազմի մասնակից Հովիկի մոտ առողջական խնդիրներ են առաջացել

Սեպտեմբեր 11,2017 12:30

21-ամյա Հովիկ Պետրոսյանը Լոռու մարզի Դեբեդ համայնքից է: Հովիկն ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից է: Ծառայել է Մարտակերտի զորամասում՝ որպես հետախույզ: Ծառայությունն ավարտել է այս տարվա հունվարին. «Ես էն պոստում եմ եղել, որ Քյարամ Սլոյանն է եղել, Արմենակ Ուրֆայանը, Ռոբերտ Աբաջյանն ու մյուս տղաները: Էդ դիրքերը մենք ենք թուրքերից հետ վերցրել: 150 հոգու դեմ 15 հոգով պայքարել ենք ու հետ վերցրել»:

Հովիկը լավ ծառայության համար արժանացել է մի քանի մեդալի: Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստացել է «Արիության մեդալ», արժանացել է նաեւ «Քաջարի մարտիկ» եւ «Լավագույն մարզիկ» մեդալների:

Զորացրվելուց հետո երիտասարդն աշխատանքի է տեղավորվել գյուղի քարի արտադրամասում: Սակայն աշխատել չի կարողացել, վերջինիս մոտ ի հայտ են եկել մի շարք առողջական խնդիրներ. «Մի ամիս էլ չկար, ինչ աշխատում էի, գործի տեղը վատացա: Ընկերս մեքենայով եկել է տարել հիվանդանոց: Մոտ 10 օր առաջ եմ ստուգվել: Բժիշկներն ասացին, որ հիվանդությունս առաջացել է վաղուց, դեռեւս ծառայության ժամանակ: Ուժեղ մրսածություն է, թոքերս, փայծաղ, լյարդ, երիկամ ու ողնաշարի խնդիր ունեմ: Հիմա գրեթե չեմ կարողանում քայլել: Բուժում են նշանակել, բաց դեռ որեւէ արդյունք չի տալիս: Մենակ փող եմ ծախսում, էս մի քանի օրվա ընթացքում 200.000-250.000 դրամ ծախսել եմ: Էլ հնարավորություն չունենք, որ գնամ ուրիշ հիվանդանոցում էլ ստուգվեմ, բուժում ստանամ»:

Հովիկն ասում է, որ առողջական խնդիրներն ի հայտ են եկել դեռ ծառայության ժամանակ: Սակայն, նրա խոսքով, ծառայությունն ավելի կարեւոր էր, ժամանակ չի եղել առողջության մասին մտածելու: Երբ նժարին եղել է հայրենիքի սահմանները պահելու հարցն ու սեփական առողջությունը, երիտասարդը ընտրել է առաջին տարբերակը. «Բանակում զգացի, որ վատառողջ եմ, լավ չեմ զգում ինձ, բայց էսքան խորը չէր: Հետո էլ արդեն կռիվներ էր, չգիտեինք վաղը ողջ կլինե՞նք, թե՞ չէ, էլ ոչ մեկն իրա առողջության մասին չէր մտածում: Իմ ջերմությունն էդ ժամանակ 40 աստիճան էր, ինձ չէին ուզում տանեն դիրքեր, բայց ես գնացել եմ: 3 ամիս քնել ենք անձրեւի տակ, ցեխի ու ձյան մեջ: Հիվանդություններս էդ ամենի հետեւանքն են»:

Հովիկի ընտանիքը բաղկացած է 6 հոգուց: Նրանց եկամտի միակ աղբյուրը գյուղատնտեսությունն է: Հովիկն իրենից փոքր 2 եղբայր եւ քույր ունի:

Լիարժեք բուժում ստանալու ու ապաքինվելու համար տղայի ընտանիքը հնարավորություն չունի:

 

ՏԱԹԵՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ

«Առավոտ»

09.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930