Վեցերորդ խորհրդարանի երկրորդ գումարման աշխատանքներին այսօր մասնակցում էր նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը: Հիշեցնենք, նորընտիր խորհրդարանի առաջին գումարման նիստերին Իշխան Զաքարյանն այդպես էլ չմասնակցեց: «Ծառուկյան» խմբակցությունից այն ժամանակ պարզաբանում էին, որ վերջինս երկրում չէ: Քաղաքական կուլիսներում եւ մամուլում, սակայն, շրջանառվեց վարկած, որ Գագիկ Ծառուկյանի եւ Իշխան Զաքարյանի հարաբերություններում ամեն ինչ չէ, որ հարթ է ու այդ պատճառով Իշխան Զաքարյանը չի ներկայանում խորհրդարան: Քննարկվում էր անգամ նրա`մանդատը վայր դնելու հարցը:
Այսօր լրագրողների հարցին`ինչո՞վ է պայմանավորված այն, որ ինքն այսօր եկել է նիստի, Իշխան Զաքարյանը պատասխանեց. «Այսուհետ գալու եմ նիստերին»:
Իսկ Գագիկ Ծառուկյանի հետ իր խնդիրների մասին հարցին էլ այսպես պատասխանեց. «Ես ոչ մի խնդիր չունեմ Գագիկ Ծառուկյանի հետ: Ես կայքերից մեկին ծավալուն հարցազրույց եմ տվել եւ ամեն ինչ մանրամասն ասել եմ: Կարդացեք, եթե հարցեր մնան`կպատասխանեմ»:
Ավանդույթի համաձայն, առաջին նիստն մասնակցում է նաեւ «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Նա խոստացավ պատասխանել լրագրողների հարցերին`փոքր ինչ ուշ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ