Մեկ տարվա սպասումից, համաշխարհային պրեմիերաներից ու ցուցադրություններից հետո՝ Հարություն Խաչատրյանի «Փակուղի» («Deadlock») ֆիլմի համացանցային պրեմիերան webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ, հայաստանյան և միջազգային առաջատար մեդիա ռեսուրսներով:
Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է Շվեյցարիայում՝ Նիոն քաղաքի «Vision du Reel» ﬕջազգային կինոփառատոնի շրջանակում: ֆիլմի ասիական պրեմիերան կայացել է Իրանի «Ֆաջր», ամերիկյան պրեմիերան՝ Նյու Յորքի Սիրակյուզի, համառուսաստանյան պրեմիերան՝ Մոսկվայի 38-րդ միջազգային կինոփառատոնների շրջանակներում:
«Փակուղու» հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը ցուցադրվել է նաև «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրում:
Ռումինիայի «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի 10-րդ միջազգային կինոփառատոնում «Փակուղին» առաջադրվել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Սոֆիայի 21-րդ միջազգային կինոփառատոնում «Փակուղի»-ն ներկայացվել է «Պրեմիերաներ» արտամրցութային ծրագրում:
Ֆիլմն ունեցել է նաև համաշխարհային այլ կինոպրեմիերաներ: «Փակուղին» ցուցադրվել է աշխարհի բազմաթիվ քաղաքներում, փառատոններում և ահա մեկ տարի անց ֆիլմի արտադրությունից և համաշխարհային շրջապտույտից հետո կայանում է ֆիլմի համացանցային մեծ պրեմիերան:
Այս ընթացքում Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ընտրանին ցուցադրվել է Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում, որի կազմակերպիչն ու համադրողն էր աշխարհահռչակ կինոօպերատոր և ռեժիսոր Ֆրեդ Քելեմենը:
Ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվել Ռուսաստանի՝ «Հայելի», Փարիզի «Evropa Akt Film», Բանգալորի (Հնդկաստան), Ռեյկյավիկի (Իսլանդիա) «Stockfish», Վառնայի, Բաթումիի, Թբիլիսիի և բազմաթիվ այլ միջազգային կինոփառատոնների շրջանակներում:
Հարություն Խաչատրյանն արժանացել է նաև մի շարք պատվո մրցանակների որոնցից առավել հիշատակելի են՝ «Սուրբ Գևորգ»-ը (Մոսկվայի միջազգային կինոփառատոն), «Պրոմեթևս»-ը (Թբիլիսիի միջազգային կինոփառատոն) և «Ոսկե փիղ»-ը (Ռուսաստանի կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիա):
«Փակուղի» ֆիլմը մի մարդու մասին է, որը 1990-ական թվականներին շահում է «բաղձալի» «Գրին քարտը» և ընտանիքով մեկնում Միացյալ Նահանգներ:
Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևել է իր հերոսին և «Փակուղի» ֆիլմում ներկայացրել նրա ընտանիքի և կյանքի տարբեր հանգրվանները:
«Փակուղին» հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմն է:
Արայիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ