Սեպտեմբերի 10-ին Ոսկեպարի սահմանագոտում` հայկական պաշտպանական դիրքերի մոտ գտնվող 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցում զանգ է օծվել եւ տեղադրվել: Այն ձուլվել է 1891թ.` Ռուսաստանի Տուլա քաղաքում: Եկեղեցում տեղադրվել է Սուրբ Մարիամ Աստվածածնի պատկերը: Օծվել են նաեւ վերջերս տեղադրված 2 դռները, մոմակալները: Հոգեւոր կառույցում նորոգման որոշ աշխատանքներ են կատարվել, գմբեթին աճած բույսերը մաքրվել են, պատի ճաքած քարերը՝ նորոգվել: Եկեղեցու լուսամուտներից չղջիկները մտնում էին ներս, աղտոտում: Հիմա եկեղեցում պատուհաններ են տեղադրված, այլեւս չղջիկները չեն կարող հոգեւոր օջախ մտնել: Օծման արարողությունը կատարել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը՝ Տեր Հրայր քահանա Բեջանյանի, Տեր Սմբատ քահանա Աբրահամյանի, Տեր Սիմեոն քահանա Առաքելյանի մասնակցությամբ:
Միջոցառմանը մասնակցել են խոշորացված Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Հայաստանի գրողների միության Տավուշի բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանը, Ոսկեպարի եւ հարակից գյուղերի վարչական ղեկավարներ, Ոսկեպարի բնակիչներ, սահմանապահ զինծառայողներ: Վերջում մատաղ է մատուցվել: Ոսկեպարի վարչական ղեկավար Սերոբ Մախսուրդյանն ասաց, որ միջոցառումը կայացել է բարձր մակարդակով:
Հետայսու Սուրբ Աստվածածին եկեղեցին կդառնա գործող եկեղեցի. այնտեղ հոգեւոր արարողություններ կկայանան: Սահմանին գտնվող եկեղեցին քարեղեն վկան է մեր հինավուրց պատմության: Այն ոգեղեն ուժ է տալիս հայ սահմանապահներին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ