Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արծուիի «Այլաստանցի Մուչիկ Հայաստանցի» գրքի շնորհանդեսը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 10,2017 18:28

«Ավելի լավ է Հայաստանը հեռվից սիրեմ, իմը հոգևոր Հայաստանն է, թե չէ ամեն անգամ գալիս եմ, ներվայնանում ու գնում եմ»,-ասաց մտքում Մուչիկը` ինքնաթիռ բարձրանալով ու գիտակցեց, որ ամեն անգամ նույն բանն է մտածում, բայց որոշ ժամանակ անց, միևնույն է, գալիս է իր հոգևոր Հայաստանը, լիցքավորվում արևով, վառ գույներով, օրգանական սննդով, թարմացնող ուժերով, նոր տպավորություններով ու, ավաղ, նոր տհաճություններով`միշտ նույն զգացողությունները. ուրախ է, որ գնում է Հայաստան և ուրախ է, որ գնում է Հայաստանից:

Այսպես է ամեն անգամ մտորում հայագետ Արծուիի (Արծվի Բախչինյան) նոր գրքի` Այլաստանցի Մուչիկ Հայաստանցիի» հերոսը: Թափառական հայ նկարչի պատմությամբ մեր այսօրը գեղարվեստորեն արտացոլելու գաղափարը հեղինակի մեջ տարիներ շարունակ եփվում էր`ծանոթ նկարիչ ընկերը, որն անընդհատ թափառում, նոր ներշնչանքներ էր փնտրում`ինքնին ներշնչել էր հեղինակին, բայց մի բան պակասում էր, և ահա մի օր` շատ պատահաբար, ընկերոջից լսում է մի թափառական նկարչի մասին, որը Մուչիկ անունն է ընդունել, և կարծես թե ամեն ինչ իր տեղն ընկնում ու վիպակը մի շնչով գրվում է: Հենց գրքի սկզբում ընթերցողները տեղեկանում են, որ այստեղ ոչ մի կերպար հորինված չէ և նույնիսկ մի մասը հանդես են գալիս իրենց իրական անուններով:

Օրերս Ավ. Իսահակյանի անվան գրադարանում կայացած գրքի շնորհանդեսի ժամանակ Արծվի Բախչինյանը, խոսելով իր հերոսի մասին, ընդգծեց. «Երբ ստեղծագործում ես կարծես մի կենդանի արարած ես ծնունդ տալիս, որ ուզում ես փայփայել ու ներկայացնել: Մուչիկին քույր և եղբայր չեն պակասում, մեր ժողովուրդը լի է «մուչիկներով», մենք բոլորս էլ ինչ-որ չափով Մուչիկ ենք»:

Գրքի խմբագիր, «Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանի համոզմամբ, հեղինակը եզակի գիրք է գրել. «Կարդալով երգիծական մոտիվով այս վիպակը` հանկարծ նկատում ես, որ սա դրամա է` հայկական ժամանակակից դրամա: Երբ հասնում ես գրքի երկրորդ շերտին` ընկալում ես սատիրական այն վիճակը, որում հայտնվել  ենք, և քանի որ գերանը մոտիկ է, չենք նկատում ինքներս մեզ, մեր օտարասիրությունը, մեր թափառաշրջիկ կյանքով ապրելու մեծ մոլուցքը, մեզ անգամ թվում է, որ այնտեղ ուր մենք չկանք, շատ ավելի լավ է, քան այնտեղ, որտեղ մենք ենք: Մուչիկը բախտախնդիր մեկն է, ով փնտրում, որոնում է իրեն, բայց կա այսպիսի մի սահմանում` նա կարող է փախչել ամեն ինչից` ընտանիքից, ծնողներից, հայրենիքից, բայց ինքն իրենից ու՞ր է փախչելու»:

«Այլաստանցի Մուչիկ Հայաստանցի» շուտով հնարավոր կլինի ձեռք բերել գրախանութներից: Գրքի վաճառքից գոյացած գումարը կօգտագործվի բարեգործական նպատակներով:

Արծվի Բախչինյանը բանասիրական գիտությունների թեկնածու է: Հեղինակել է այնպիսի պատմաբանասիրական գրքեր, ինչպիսիք են`«Նապոլեոն Բոնապարտը և հայերը» (2003թ.), «Հայերը համաշխարհային կինոյում» (2004թ.), «Սառա Բեռնարը և հայերը» (2007թ.), «Հայերը սկանդինավյան երկրներում. հայ-սկանդինավյան պատմամշակութային առնչությունները» (2010թ.), «Հայերը համաշխարհային պարարվեստում(2016թ.) և այլն:

Նանե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մեսրոպ Թումանյան says:

    Շուտով շատ հայեր Հայաստան են վերադառնալու: Առաջին հերթին նրանք, ովքեր Հայաստան են գալիս մեծ ուրախությամբ և հեռանալիս տխուր ու նյարդայնացած են գնում, ովքեր ապրում են Հայաստանով և Հայության հոգսերով ու խնդիրներով: Առաջիկա տաս տարում մենք նորից կտեսնենք մեր երկիրը շեն ու լիքը:

  2. Մանուշ says:

    Արծուիի գիրքը ավաղ թույլ էր, շաբլոն արտահայտչամիջոցներով: Հիասթափությունս մեծ էր:

    • Գարուշ says:

      Մանուշ, էդ ե՞րբ և ո՞րտեղ հասցրիք կարդալ։ Գիրքը վաճառքում չի եղել, շնորհանդեսի օրն է եղել, երևում է, որ հենց էնպես գրել եք՝ մարդուն կպած լինելու համար։ Ինչ ինչ՝ շաբլոն ոչինչ չկար այնտեղ։ Էդտեղից երևում է, որ գիրքը չեք կարդացել։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930