Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հոգեւոր հովիվն ահազանգում է. «Պետական պահպանության սրբավայրերը բարձիթողի վիճակում են»

Սեպտեմբեր 10,2017 18:06

Լոռու մարզում հաշվառված են մոտ 2400 պատմամշակութային արժեքներ՝ սրբավայրեր, խաչքարեր եւ այլն: Դրանց մի մասը գտնվում է Մայր Աթոռի հովանու ներքո, մի մասը համայնքապետարանների ենթակայության տակ է, մնացածն էլ՝ պահպանվում են պետության կողմից:

Գուգարաց թեմի Օձունի եւ ենթաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը Aravot.am- հետ զրույցում ասաց, որ պետության պահպանության տակ գտնվող սրբավայրերը մատնված են անուշադրության. «Ցավոք սրտի այն հուշարձանները կամ սրբավայրերը, որ պետության պահպանության տակ են, բացի մի քանիսից, որտեղ մուտքը տոմսով է, ուղղակի բարձիթողի վիճակում են: Պետությունը դրանց պահպանման ուղղությամբ ոչինչ չի անում: Շատ անգամ մարդիկ պատրաստակամություն են ունեցել հին սրբավայրերը վերականգնեն, սակայն հանդիպել են վարչարարական խոչընդոտների եւ հիասթափվել են: Այսինքն, պետական պաշտոնյաների մի մասն իրենց պաշտոնական դիրքը չարաշահելով, արհեստական խոչընդոտներ են ստեղծում հների վերականգնման ոլորտում, որը նաեւ առիթ է դառնում, որ բարերարները ստիպված նորերը կառուցեն»:

Քահանայի խոսքով` շատ սրբավայրերում նաեւ հուղարկավորություններ են իրականացվում, ինչն անթույլատրելի է: Վերջին հուղարկավորությունը եղել է  7-րդ դարում կառուցված Արդվու Սուրբ Հովհաննեսի վանքի տարածքում. «Խնդիրը ոչ միայն Արդվիում է: Իմ ենթաշրջանում նաեւ Հոռոմայրում ունենք այս խնդիրը: Աքորիից վերեւ վանական համալիր կա, էդ տարածքում էլ է առկա խնդիրը, Հաղպատի Կուսանաց վանքի տարածքում եւ այլ: Տասնյակ թաղումներ են կատարվել եւ կատարվում են: Եթե որեւէ մեկի կինը կամ ամուսինը ողջ է, մենք դեմ չենք, որ նրան իր կողակցի կողքին թաղեն: Ուղղակի ուզում ենք, գոնե նոր տեղազավթումներ չլինեն: Տարածքում ոչ՛ պահակ ունեն, ո՛չ հավաքարար: Այսօր գյուղացիների ուժերով տարածքից հեռու պետքարան ենք կառուցում, որ այցելուները կարողանան իրենց կարիքները հոգալ: Ի վերջո, այդ սրբավայրը եկեղեցուն է պատկանել, թող տան իրական տիրոջը, մենք էլ փորձենք դրա մասին հոգանք»:

Տեր Վրթանես քահանա Բաղալյանն ասում է, որ մի քանի ամիս առաջ խնդիրը բարձրաձայնել են նաեւ ՀՀ մշակույթի նախարարությունում, սակայն մինչ օրս ոչինչ չի փոխվել, հուղարկավորությունները շարունակվում են. «Ես այս խնդրով հուլիսին գրավոր դիմել եմ Գուգարաց թեմի առաջնորդ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին: Ասել եմ, որ պետական պատկանելության  սրբավայրերում տարածվում են հուղարկավորությունները, եւ խնդրել եմ, որ ինքը դիմի համապատասխան մարմիններին՝ արգելեն: Եւ տեղյակ եմ, որ սրբազանը դիմել է մշակույթի նախարարությանը: Պատասխանել էին, որ հուղարկավորություն չի արվել, կամ շատ շուտ է արվել եւ այլն: Այնտեղ մարդիկ կան, որ իրենց գործով չեն զբաղվում»:

Հոգեւոր հովիվը նշում է, որ բոլոր սրբավայրերը պետք է պատկանեն եկեղեցուն: Իր խոսքով միայն այդ դեպքում իրենք կարող են պահպանել տարածքը. «Նախկինում բոլորն էլ եկեղեցու ենթակայության տակ են եղել: Խորհրդային շրջանում դրանք խլվել են եկեղեցուց: Կոթողների ու  խաչքարեր մի մասը վերադարձվել է եկեղեցուն, եւ գործում են, իսկ մյուս մասը՝ պետության հոգածության տակ է: Մարդիկ գալիս են պատերին գրում են, պատերի վրա են մոմերը վառում, փչացնում, մրոտում եւ ոչ ոք դրանց չի հետեւում: Շատ սրբավայրեր դուռ ու դարպաս չունեն, կենդանիները ներս են մտնում: Որեւէ ձեւով իրենք իրենց գործառույթը չեն իրականացնում: Երեկ Լոռու բերդի տարածքով եմ անցել: Խոտը չեն հնձել, աշխատող չեն պահում, որ մաքրի: Պատմական միջավայրում պաժառ էին տվել, Լոռու բերդի ամբողջ տարածքը վառել էին: Էդ ձեւի՞ են պահում: Կամ պետք է տրվի համայնքներին կամ եկեղեցուն, որպեսզի մենք մեր սահմանափակ կարողություններով փորձենք դրանցով զբաղվենք, կամ էլ, եթե պետության հովանու տակ է չի նշանակում բարերարի ի հայտ գալուց էլ պետք է հայտնվեն ու սկսեն խոչընդոտներ ստեղծել: Պետական պահպանության սրբավայրերը բարձիթողի վիճակում են»:

Լուսանկարները՝ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930