Լրահոս
Օրվա լրահոսը

«1002 փաստաբան փաստացի հավանություն է տվել պալատում տիրող ապօրինություններին» 

Սեպտեմբեր 10,2017 15:56

«Նման նկատառումները ճիշտ կլինեին, եթե խոսք գնար աթոռակռվի մասին։ Խոսքը գնում է փաստաբանության փրկության մասին։ Փաստաբանությունը քանակով չէ, այլ որակով է որոշվում։ Ես անձամբ վաղուց որևէ հույս պալատի հետ չեմ կապում։ Փաստաբանության փրկությունը տեսնում եմ այլընտրանքային կառույց ունենալու մեջ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանն` անդրադառնալով Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին։ Հիշեցնենք` պալատի նախագահի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու Արա Զոհրաբյանը կրկին ընտրվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ:

Պալատի նախագահի ընտրություններից հետո, սոցիալական ցանցերում տեսակետեր հնչեցին` այս ընտրությունների արդյունքները փաստում են այն մասին, որ փաստաբանական ճամբարների կոնֆլիկտում ճիշտ է Արա Զոհրաբյանը:

«1002 փաստաբան փաստացի հավանություն է տվել պալատում տիրող ապօրինություններին։ Հոդված պատվիրելուն, հարձակում կազմակերպելուն, ապօրինի կարգապահական վարույթներին և այլն, և այլն։ Քվեարկության նման արդյունքը ոչ թե հերքում է իմ ասածները, այլ ամբողջությամբ հաստատում։ Սա պարտավորեցնող է իմ համար շարունակելու իմ պայքարը»,-ասաց Տիգրան Աթանեսյանը:

Ընտրությունների արդյունքները անակնկալ չէին ընդդիմադիր մեկ այլ փաստաբան` Երվանդ Վարոսյանի համար: Նա կարծում է, որ դրանք ոչ մեկի համար անակնկալ չէին. «Դրանք կանխորոշված էին, ինչպես այսօր փաստաբանների պալատում ամեն ինչ։ Փոխում են արդյոք դրանք իրավիճակ. կարծում եմ` ոչ, քանի որ երբեք մեր կողմից բարձրացված հարցերը նպատակ չեն ունեցել որևէ պաշտոն զբաղեցնել կամ որևէ մեկին զրկել իր համար բաղձալի աթոռից։ Ինչ խնդիր տեսել ենք` բարձրացրել ու հիմնավորել ենք, այսուհետ ևս ինչ խնդիր տեսնենք կրկին բարձրաձայնելու ենք ու հիմնավորենք։ Կրկին շեշտելով, որ փաստաբանությունը կանոնակարգող ոլորտում ամեն ինչ չէ, որ կախված է անձերից, շարունակելու ենք փաստաբանների պալատում կառուցվածքային փոփոխություններին, ինչպես նաև փաստաբանության զարգացումն ապահովող միակ տարբերակի` մեկ պալատի մենաշնորհը վերացնելու ուղղությամբ ձեռնարկվող ու ձեռնարկվելիք քայլերը»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930