Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թող Կովկասի հինավուրց և սուրբ հողի վրա հաստատվի օրհնյալ խաղաղություն»

Սեպտեմբեր 08,2017 21:50

Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում (ՌԴ) տեղի ունեցած տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպման արդյունքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքը և Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն հանդես եկան հետևյալ հայտարարությամբ:

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ

ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Այսօր մենք՝ ադրբեջանցի և հայ ժողովուրդների հոգևոր առաջնորդներս, կրկին հանդիպեցինք Մոսկվայում Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հրավերով՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները, առանց որոնց հնարավոր չէ հասնել Կովկասում հաշտության և անվտանգության։

Մենք հատուկ նշանակություն ենք ընծայում խաղաղարարական երկխոսության հետևողական զարգացմանը, բանակցությունների շարունակմանը և միջազգային հանրության միջնորդական ջանքերին, որոնք կօգնեն հասնել հակամարտության համապարփակ կարգավորմանը։

Համոզված ենք, որ տարաձայնությունները կարելի է հաղթահարել՝ հենվելով բարիդրացիության սկզբունքների և ավանդական կրոնների կողմից քարոզվող բարոյական արժեքների ՝ բարության, մերձավորի նկատմամբ սիրո, փոխադարձ ներողամտության և բարեգթության  վրա։

Հայ և ադրբեջանցի ժողովուրդները մշտապես ապրելու են կողք կողքի, այդ իսկ պատճառով չկա այլընտրանք, քան խաղաղությունն ու համագործակցությունը։ Բազմաթիվ մարտահրավերների առջև մենք՝ մեր ժողովուրդների հոգևոր առաջնորդներս, պարտավոր ենք փնտրել համատեղ պատասխաններ։

Աղոթում ենք խաղաղության պահպանման և հակամարտության հետ առնչված բոլոր հումանիտար խնդիրների շուտափույթ լուծման համար և առ այդ հորդորում մեր ժողովուրդների քաղաքական և հասարակական գործիչներին։

Մենք կոչված ենք միասին հոգ տանել տառապյալների և ընչազուրկների համար, վկայել հոգևոր և բարոյական անանց արժեքների մասին, փնտրել հակասությունների հանգուցալուծման խաղաղ և արդար ուղիներ։ Խիստ կարևոր է հրաժարվել ռազմատենչ և թշնամական հռետորաբանությունից։

Կոչ ենք ուղղում համապատասխան անձանց՝ նպաստելու բոլոր այն խաղաղ բնակիչների ազատ արձակմանը, ովքեր չեն մասնակցել ռազմական գործողություններին և հայտնվել են գերության մեջ։

Իբրև հոգևոր առաջնորդներ՝ մենք կոչված ենք պաշտպանելու եկեղեցիները, մզկիթներն ու այլ սրբավայրեր։ Հետևաբար` խիստ կարևոր է ապահովել կրոնական նշանակության հուշարձանների անձեռնմխելիությունն ու հարգալից վերաբերմունքը դրանց նկատմամբ։

Կոչ ենք ուղղում մեր ժողովուրդներին երիտասարդությանը դաստիարակել բարյացակամության և փոխադարձ հարգանքի, խաղաղասիրության և ավանդական բարոյականության ոգով։

Մենք, որպես հոգևոր առաջնորդներ, մեր կողմից պատրաստակամություն ենք հայտնում պաշտպանելու ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանն ուղղված խաղաղարարական նախաձեռնությունները։ Հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումների պատմությունը վկայում է նման շփումների դրական ներգործության մասին հակամարտության կարգավորման գործընթացի վրա, որը երբեք չպետք է վերաճի կրոնական հակամարտության։

Մենք մեծ հույսեր ենք կապում բանակցային գործընթացի հետ։ Մեր ժողովուրդների առջև պատասխանատվությունն ու պարտքը մղում են մեզ՝ հոգևոր առաջնորդներիս, անխոնջ և հետևողական ջանքեր գործադրել հանուն խաղաղության և բարու իդեալների երկար սպասված հաղթության։ Մենք պատրաստ ենք գործադրել բոլոր առկա հնարավորությունները տարածաշրջանում խաղաղության հաստատման համար։

Մեր համայնքների բոլոր զավակներին ուղղում ենք խաղաղության, բարօրության և բարի ձեռնարկումներում հաջողությունների բարեմաղթանքներ։ Աղոթում ենք Բարձրյալին տարաձայնությունների հաղթահարման և չարիքից ու մեղքից մեր ժողովուրդներին պահպանելու համար։ Թող Կովկասի հինավուրց և սուրբ հողի վրա հաստատվի օրհնյալ խաղաղությունը, իսկ մեր երկրների ժողովուրդներն ապրեն հաշտ և խաղաղ, աստվածատուր բարոյական օրենքներով։

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու պատվիրակությունը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ, Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, և Կովկասի մահմեդականների վարչության պատվիրակությունը՝ շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի գլխավորությամբ, հատուկ շնորհակալություն են հայտնում Ռուս Ուղղափառ Եկեղեցուն և նրա գահակալ Մոսկվայի և Համայն Ռուսիո Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքին տվյալ եռակողմ հանդիպման կազմակերպման, Կովկասում խաղաղության հաստատման գործում կարևորագույն ներդրման համար և Նորին Սրբությանը մաղթում Բարձրալի օգնականությունը աստվածահաճո այդ բարձր առաքելությունը շարունակելու գործում։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին, Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930