Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեր պետությունը ՀՀ քաղաքացու կյանքն այլ երկրում փրկելու որեւէ լիազորություն չունի

Սեպտեմբեր 08,2017 18:45

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում եւ նրա սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո». սա հատված է ՀՀ Սահամանադրությունից: ՀՀ քաղաքացիների պաշտպանությունը մեր պետությունը ստանձնել է ՀՀ գլխավոր փաստաթղթով, սակայն երբ հերթը հասնում է գործնական քայլերին, պարզվում է քաղաքացին որեւէ արժեք չունի պետության համար:

Հայաստանի քաղաքացի 48-ամյա Վահան Մարկոսյանը մեկնել էր Աբխազիա արտագնա աշխատանքի: Նա սեպտեմբերի 5-ին սրտի կաթվածով շտապ օգնության մեքենայով տեղափոխվել էր Աբխազիայի Գագրա քաղաքի հիվանդանոց, որտեղ նրան առաջնային բուժօգնություն են ցուցաբերել: Սակայն մեր համաքաղաքացու կյանքը մազից է կախված, նա անօգնական է, իսկ հիվանդանոցում չկան համապատասխան հնարավորությունները Մարկոսյանին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար: Այս մասին Aravot.am-ին պատմեց տվյալ հիվանդանոցի բժիշկ Կարեն Մաղաքյանը: Նա մարդասիրական մղումներով եւ մասնագիտական պարտականություններից ելնելով փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ՀՀ քաղաքացուն տեղափոխեն Հայաստան:

Բժշկի պատմելով՝ «Վահան Մարկոսյանը վիրահատության կարիք ունի, եթե նրան ստենդավորում կամ բաց վիրահատություն չարվի՝ նա կմահանա: Այստեղ նման վիրահատության հնարավորություն չկա: Նա հիմա վերակենդանացման բաժանմունքում է, անհրաժեշտ դեղորայքը ես եւ նրա մի քանի ծանոթները գնել ենք, բայց միայն դեղերը բավարար չեն կյանքը փրկելու համար: Նրա կյանքին վտանգ է սպառնում, օրերի հարց է, 90% է հավանականությունը, որ կմահանա՝ եթե անմիջապես միջոցներ չձեռնարկվեն»:

Բժիշկը հիվանդից պարզել է, որ հարազատներ, կարելի է ասել՝ չունի, ամուսնալուծված է, կինն ու երեխանները կապ չունեն նրա հետ, եղբայրն էլ Սիբիրում է ապրում եւ կրկին կապ չունի նրա հետ:

«Ես զանգահարել եմ Սոչիում ՀՀ-ի հյուպատոսարան, այստեղից ինձ ասացին՝ ոչինչ չենք կարող անել: Զանգահարեցի ՀՀ առողջապահության նախարարություն, ասացին՝ մենք իրավասություն չունենք: Զանգահարեցի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ զանգերիս ոչ ոք չպատասխանեց: Ես ուղղակի խնդրում եմ օգնել այս մարդու կյանքը փրկել: Նրան պետք է հատուկ պայմաններով տեղափոխել Հայաստան: Հասկանո՞ւմ եք, Ռուսաստանում անգամ, եթե քաղաքացու շունն արտերկրում սատկում է, այդ երկիրը կարող է կենդանու դին տեղափոխել իր երկիր: Իսկ մեր պետությունն իր քաղաքացուն տեր չի կանգնում: Վահան Մարտիրոսյանի մոտ կարող է թոքի այտուց առաջանալ, դա սրտի կաթվածի բարդություն է: Նրան հարկավոր է անհապաղ վիրահատել»,-ասաց բժիշկ Մաղաքյանը:

Aravot.am-ը փորձեց պարզել նման դեպքերում պետությունն ի՞նչ պարտավորություններ ունի իր քաղաքացու հանդեպ, արդյոք նման դեպքերում պետությունն ի վիճակի է փրկել քաղաքացու կյանքը:

Առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Մելիք-Նուբարյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ նման դեպքերում՝ այլ պետությունում ՀՀ քաղաքացու առաջին բժշկական օգնության խնդիրները կարգավորվում են միջպետական, միջկառավարական համաձայնագրերի հիման վրա. «Աբխազիայի հանրապետությունը միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտ չէ, ուստի Հայաստանի հանրապետությունը որեւէ իրավական ուժ ունեցող պարտավորվածություն չունի: Եթե դեպքը լիներ ԱՊՀ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ, ապա բժշկական օգնության համաձայնագրով առաջին եւ շտապ բուժօգնությունն ամբողջ ծավալով կիրականացվեր: Իսկ տվյալ պարագայում ՀՀ առողջապահության նախարարությունը որեւէ լծակ չունի ազդելու, առավելեւս հիվանդին տեղափոխելու առումով: Ես անգամ չեմ պատկերացնում ինչպես կարելի է տեղափոխումը կազմակերպել»:

Մեր դիտարկմանը, որ դեպքեր լինում են, երբ համապատասխան միջոցներով մեր հիվանդ քաղաքացիներին տեղափոխում են հայրենիք, պարոն Մելիք-Նուբարյանն այսպես արձագանքեց՝ «Այսինքն՝ ՀՀ-ից շտապօգնության մեքենան գնա Ռուսաստա՞ն, հետո…  քարտեզին քաջատեղյակ եք, գիտեք քանի ժամ է տեւում: Եթե հիվանդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, որեւէ շտապօգնության մեքենա այդ ճանապարհն անցի եւ հիվանդին  բարեհաջող հասցնի Հայաստան, տեխնիկապես անիրատեսական է: Որեւէ փաստաթուղթ, որով Հայաստանի հանրապետությունը պարտավոր է իր բոլոր քաղաքացիներին տրամադրել այդ բժշկական օգնությունը, տեղափոխումը, չկա: Առանձին դեպքում, երբ խոշոր իրադարձություններ, աղետներ , վթարներ են լինում, Հայաստանի հանրապետությունը տվյալ երկրի կառավարության հետ համագործակցելով վերցնում է այդ պարտավորությունը: Բայց առանձին անհատների վերաբերյալ դա չի արվում, եւ չի էլ կարող արվի, գործնականում անհնար է: Ցավում եմ, սա է: Տվյալ դեպքում կարող են Աբխազիայից ՌԴ-ի մի մոտ  քաղաք տեղափոխել»:

Մեր պնդմանը՝ Վահան Մարկոսյանը որեւէ հարազատ չունի, միթե պետությունն իր քաղաքացու հանդեպ որեւէ պարտավորություն չունի, պետի պաշտոնակատարն այսպես պատասխանեց՝ «Հասկանում եմ, ամեն անհատի կյանքը թանկ է, բայց պետությունը նման պարտավորություն չի ստանձնում: Բացի այդ,  մեքենան մոտ 20 ժամ գնա, գա, հավանականությունը, որ հիվանդը կենդանի կմնա,  այն էլ որ ասում եք՝ վիճակը ծանր է, հավանականությունը ցածր է»:

Գագրային մոտը եւ քիչ թե շատ նորմալ բժշկական ծառայություններ ունեցող ռուսաստանյան հիվանդանոցներից մեկը կարող է ՌԴ-ի Կրասնոդար քաղաքում լինել:

Նախարարությունից նաեւ հետաքրքրվեցինք՝  հնարավոր չէ՞ միջպետական համաձայնագրի հիման վրա Կրասնոդարի գործընկերների հետ պայմանավորվել, մեր քաղաքացու կյանքը փրկելու համար, ասենք՝ հենց Կրասնոդարցի բժիշկներն ու շտապօգնության հատուկ պատրաստված մեքենան մեկնեն Գագրա եւ նրան տեղափոխեն Կրասնոդար: Մեր այս հարցին ի պատասխան նախարարությունից ասացին՝ եթե ՀՀ քաղաքացուն ինչ-որ կերպ, կամ Գագրայի հիվանդանոցի, կամ այդ քաղաքացու ընկերների միջոցով տեղափոխեն Կրասնոդար, կամ Սոչի, գուցե նախարարությունն ինչ-որ բան անի միջպետական համաձայնագրով, բայց դա անվճար ծառայություն չէ:

Մարդու իրավունքների պարտապանի գրասենյակից էլ Aravot.am-ը փորձեց պարզել, թե որքանով է ՀՀ քաղաքացու իրավունքները պաշտպանված օտար երկրներում: ՄԻՊ-ից մեզ վստահեցրին՝ «Այն, ինչ պատասխանել է առողջապահության նախարարությունը, դրանից ավելի ոչինչ չենք կարող ասել, նախարարությունը տվյալ դեպքում որեւէ իրավասություն չունի»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Մարդու իրավունքների պարտապանի գրասենյակ …

  2. Լավատես says:

    Հիշեցնում է առաջին հանրահավաքների ժամանակները, երբ միամտորեն կարծում էինք, որ եթե նամակ գրենք Միացյալ Ազգերի Կազմակերպությունը կամ Խորհրդային Միության կառավարությանը ու նրանք հենց իմանան մեր արդար պահանջները, միանգամից կաջակցեն, կյանքը ցույց տվեց, միակ իրական արդար ուժը ազգի նվիրյալների՝ ազնվականների անձնական նախաձեռնության մեջ է, հիմա էլ, եթե մեր կառավարությունը բաղկացած լիներ ազգանվեր ազնվականներից, հիվանդ քաղաքացու խնդիրը անլուծելի չէր մնա: Ինչքան բանակին մարտունակ զինվոր է պետք, այնպես էլ ազգին մարտունակ քաղաքացի է պետք ու այդ ժամանակ էլ կունենանք ազնվականներից կազմված կառավարություն: Կարելի է խնդրել մեր որեւէ ազնվականին՝ ասենք Տիգրան Մանսուրյանին, իր անունով թող հաշիվ բացի՝ ազնվական կառավարության հիմնադրամ ու փոխանցված փողն ուղարկել մեր հիվանդին: Մարտիրոս Սարյանը մեր առաջին համալսարանի ուսանողների համար լուսանցքները ինքն իր ձեռքով էր գծում, դրանից իր հանճարը չպակասեց, այլ ավելացավ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930