ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը սեպտեմբերի 8-ին ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին` Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնի գլխավորությամբ:
Հյուրերը նախարարին ներկայացրել են ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիլվի Բոսութղոյին:
Նախարարը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է Սիլվի Բոսութղոյին նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ ՀՀ և ՀԲ 25-ամյա համագործակցությունը նրա ղեկավարման օրոք ևս հաջողությամբ կշարունակվի և առավել կընդլայնվի:
Հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ ինքը շահագրգռված է ընթացիկ ծրագրերի բարեհաջող իրականացմամբ և նոր նախագծերի համատեղ մշակմամբ:
ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնը շեշտել է հատկապես ճանապարհաշինության ոլորտում հաջող համագործակցությունը: Շնորհակալություն հայտնելով «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի հաջող իրագործման համար` նա նշել է, որ անձամբ է այդ ճանապարհներին ականատես եղել կատարված աշխատանքների բարձր որակին:
Մերսի Տեմբոնը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստանի կառավարության և ՀԲ-ի առաջնահերթությունները համընկնում են, և Հայաստանը գնում է տնտեսության թվայնացման ճանապարհով:
Սիլվի Բոսութղոն էլ հայտնել է, որ ՀԲ-ն պատրաստվում է Հայաստանի հետ համագործակցության նոր ծրագիր կազմել, որը հիմնվելու է երկրի տնտեսության ախտորոշման վրա` հասկանալու, թե ինչ ուղղությամբ կարելի է նպաստել զարգացմանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն