Ռուսական օդուժը սիրիական Դեյր Զոր քաղաքի շրջանում ոչնչացրել է հրամանատարական կետ, կապի հանգույց և 4 ազդեցիկ դաշտային հրամանատարների, որոնցից մեկը «Իսլամական պետության» «պատերազմի նախարար» Ղուլմուրոդ Հալիմովն է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի ՊՆ մամուլի հաղորդագրությունը:
«Դեյր Զոր քաղաքի շրջանում ռուսական օդուժի ճշգրիտ հարվածի հետևանքով ոչնչացվել է հրամանատարական կետ, կապի հանգույց և ԻՊ շուրջ 40 զինյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունից հայտնել են, որ ոչնչացված զինյալների թվում է նաև «Դեյր Զորի էմիր» Աբու Մուհամմադ ալ-Շամալին, որը պատասխանատու էր ֆինանսավորման և հավաքագրված գրոհայիններին ուսումնական բազաներ տեղափոխելու համար: Չեզոքացվել է նաև զինյալների «պատերազմի նախարար» Ղուլմուրոդ Հալիմովը:
Հալիմովը Տաջիկստանի ՆԳՆ ՕՄՈՆ-ի նախկին հրամանատարն է: 2015թ. մայիսին նա իր 6 ենթակաների հետ միացել էր ԻՊ-ին՝ զբաղեցնելով «պատերազմի նախարարի» պաշտոնը: Սեպտեմբերին ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Հալիմովը նշանակվել է ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիին փոխարինող:
Պատրաստեց՝ Վիկտորյա Անդրեասյանը