Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրյալ. «Իմանայի, որ Խաչիկն ուզում է օդանավ գրավել կամ իշխանության յուրացման փորձ անել, նրան զոռով կպահեի»

Սեպտեմբեր 08,2017 16:53

Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված  զինված խմբի գործով դատական նիստը։ Գործը մեղադրյալների քննության փուլում է: Այսօրվա նիստում ցուցմունք տվեց նաեւ Անուշավան Գրիգորի Թադեւոսյանը: Վերջնս դատապարտվել է այս գործից առանձնացված մասով: Պատիժը կրում է «Արթիկ» ՔԿՀ-ում:

Անուշավան Թադեւոսյանը նույնպես հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց: Այս դեպքում եւս հրապարակվեց մեղադրյալի նախաքննական ցուցմունքը: Սակայն նիստի ընթացքում նա սկսեց պատասխանել հարցերի: Իր պատասխաններն ակնհայտորեն տարբերվում էին նախաքննական ցուցմունքից:

Անուշավան Թադեւոսյանը տաքսու վարորդ է, մի քանի անգամ Արթուր Վարդանյանին ինչ-որ տեղ է տարել: Արթուր Վարդանյանի հետ էլ ծանոթացել է մեկ այլ տաքսու վարորդի`Հակոբի միջոցով:

«Քո հետ ինչ-որ մեկը հանցավոր համաձայնության եկե՞լ է»,- հարցրեց Արթուր Վարդանյանը: «Ես քո հետ ի՞նչ գործ ունեմ: Մենք ընդամենը նույն խցում ենք եղել»,- պատասխանեց Անուշավան Թադեւոսյանը:

«Առաջին անգամ Արթուրին գյուղ եմ տարել ու նա ինձ վճարել է հինգ հազար դրամ: Արթուրը ողջ ժամանակ խոսում էր հեռախոսով, բայց ես չեմ իմացել ում հետ»,-ասաց Անուշավան Թադևոսյանը`հավելելով, որ հետագայում շփվել է Արթուր Վարդանյանի հետ, համաձայնել է նրա առաջարկին`գնալ Քեսաբ եւ գումարի դիմաց կռվել: Այդ նպատակով ինքը նաեւ տարբեր մարդկանցից զենք է ձեռք բերել եւ վաճառել Արթուր Վարդանյանին:

Այսօր ցուցմունք տվեց նաեւ Մկրտիչ Սիմոնի Հովհաննիսյանը: Նա պատիժը կրում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Մկրտիչը Խաչիկ Ավետիսյանի մարտական ընկերն է, վերջին հինգ տարիներին էլ բավական մտերիմ հարաբերությունների մեջ են եղել: Խաչիկ Ավետիսյանին փոխանցել է զենք`երեք ինքնաձիգ, բայց մեկը կոտրված է եղել, նաեւ`պայթուցիչներ: Խաչիկն էլ դա Քեսաբ պետք է տեղափոխեր: Դրանք իր մոտ մնացել էին արցախյան պատերազմից:

Ասում է` եթե իմանար, որ Խաչիկն ուզում է օդանավ գրավել կամ իշխանության յուրացման փորձ անել, ապա նրան զոռով կպահեր իր գյուղի տանը:

Մկրտիչ Հովհաննիսյանը Արթուր Վարդանյանին անձամբ չի հանդիպել ու չի ճանաչել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930