Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարոն Տարոն Մարգարյան, քո պապի տունը քուրդը վերանորոգում է, դու Աֆրիկյանների տունն անողոք ձևով քանդեցիր». Սոֆյա Հովսեփյան

Սեպտեմբեր 08,2017 16:47

Երևան քաղաքի ավագանին թեև մերժել է ավագանու ԵԼՔ խմբակցության առաջարկները բոլշևիկ հայ գործիչների անուններով փողոցներն անվանափոխելու վերաբերյալ, սակայն առաջիկա չորս ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետը դրանք պետք է մտցնի ավագանու օրակարգ:

«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը Երևանի ավագանու Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը վստահեցրեց, որ Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամները պատրաստի որոշմամբ եկել էին նիստի:

Հիշեցնենք, որ ԵԼՔ-ն առաջարկում է Կասյան փողոցն անվանակոչել Վազգեն Առաջինի, Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող հատվածը Մոնթե Մելքոնյանի, Միկոյան փողոցը Քըրք Քըրքորյանի, Ամիրյանը Վռամշապուհ արքայի, Ֆրունզեի փողոցը ապրիլյան հերոսների անուններով: Ավելի վաղ «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես էր եկել նախաձեռնությամբ Լենինգրադյան փողոցը անվանակոչել Լեոնիդ Ազգալդյանի անունով, սակայն ավագանին անընդհատ դրա քննարկումը հետաձգում է:

Արայիկ Հարությունյանի տեղեկացմամբ` ՀՀԿ-ականները միայն Մոնթե Մելքոնյանի անունով փողոցն անվանակոչելու վերաբերյալ են որոշ դեպքերում ձեռնպահ մնացել, մնացած բոլոր դեպքերում նախաձեռնությանը դեմ են քվեարկել: Մինչդեռ ըստ պարոն Հարությունյանի` սա արժեհամակարգային շատ լուրջ խնդիր է. «Հարցը բարձրացնելով` շատ մեծ հույս չունեինք, որ ՀՀԿ-ի մոտ փոփոխություն է տեղի ունենալու, բայց այս հարցի քննարկումը բացահայտեց մեր հասարակության շրջանում գոյություն ունեցող լուրջ արատներ: Այդ մարդիկ կասյանների և միկոյանների տիպի մարդիկ են: Միկոյանն ու Կասյանն այն անուններն են, որ հանցանք են գործել մեր պետականության և ազգային շահերի հանդեպ: Միկոյանն ու Կասյանը մեծ ներդրում են ունեցել առաջին հանրապետության տապալման գործում»:

Արայիկ Հարությունյանը հավաստիացրեց, որ իրենց ձեռքի տակ գտնվող փաստաթղթերը Միկոյանի և Կասյանի հետ կապված, արխիվային են և  միայն մեկ-երկուսն են կասկածի տակ դրվում, բայց մյուսներն անգամ չեն հերքվել խորհրդային շրջանում:

ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ այս հարցում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հակասում է ինքն իրեն. «Ասում է, թե Երևանը զարգացող քաղաք է. այն փողոցները, որոնք դեռ անվանակոչված չեն, կարելի է դրանք անվանակոչել, բայց Իսակովի պողոտան Լենինգրադյանին կապող հատվածը անվանակոչված չէ: ՀՀԿ-ն որդեգրել է հետևյալ մոտեցումը. հնարել փաստարկներ, որ այս նախաձեռնությունը տապալվի: ՀՀԿ ներկայացուցչի առաջարկն էր Ֆրունզեի փողոցն անվանակոչելը, բայց մեր առաջարկին դեմ են քվեարկում: Չեմ բացառում, որ դա արտաքին ազդեցության հետևանք է: Երբ Արմեն Աշոտյանը հայտարարում է, որ իր համար վիրավորական է Լենինգրադյան փողոցն անվանակոչելը, քանի որ իր պապերն են կռվել Լենինգրադյան բլոկադայում, դրանով Աշոտյանը անարգում է մեր ռազմավարական գործընկերոջը, քանի որ նրանք փոխել են այդ քաղաքի անունը»:  Պարոն Խաժակյանն ասաց, որ դեմ չեն այս հարցով տեղական հանրաքվե կազմակերպելուն:

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը հանրաքվեի գաղափարը համարեց հերթական փողերի շորթման առիթ: Նա վրդովվեց. «Տարոն Մարգարյանն այսօր Լեոնիդ Ազգալդյանի փողոցի ծախսից  է խոսում այն դեպքում, երբ այդքան միլիոն դրամի կոնյակ է գնում: Կոնյակից որ խոսում եք, ինչո՞ւ եք կողքից բերում փողոցի անվան ծախսերը: Չէ՞ որ այդ ծախսն է պետք, որ երեխայի մոտ արժեհամակարգ ձևավորվի: Իսկ ո՞ւր էր պարոն Աշոտյանը, երբ Աֆրիկյանների տունը քանդվեց, ո՞ւր էին Բյուզանդի փողոցն ավերակ դարձնողները, հանրային քննարկումը: Անվանափոխեցին Մաշտոցի պուրակը, իսկ դա պատմություն չէ՞ր: Չէ՞ որ բազում երիտասարդներ այդտեղ անքուն գիշերներ են անցկացրել, որպեսզի փրկեն պուրակը: Այսօր բոլորը դարձել են վիրավորվողներ: Մենք երկրի 25 տարի տարվա կառավարումից վիրավորվում ենք, դա չի կարևորվում, բայց մենք պիտի հարգենք իրենց վիրավորանքը: Մենք պահանջներն ավելի խիստ ենք դնելու: Գնում ենք Կոմիտասի անվան պանթեոն, հարց է առաջանում` այն Անդրանիկ Մարգարյանի անունո՞վ է, թե՞ Կոմիտասի: Անդրանիկ Մարգարյանի հուշարձանն ավելի ճոխ ու մեծ է դրված, քան Կոմիտասինը, որը անշուք մի անկյունում է: Եթե այսպես գնանք, մի օր հայտնվելու ենք Սերժ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սեյրան Սարոյանի կամ մեկ այլ հանրապետականի փողոցում»:

ԵԼՔ խմբակցության անդամները հավաստիացրին, որ փողոցների անվանափոխումը ոչ մի լրացուցիչ ծախս չի ենթադրում, քանի որ գոյություն ունի կազմակերպություն, որը պարտավոր է պարբերաբար թարմացնել փողոցների ցուցանակները: ԵԼՔ-ի անդամները նաև առաջարկում են` ցուցանակների վրա մնա նաև փողոցի նախկին անվանումը: Սոֆյա Հովսեփյանը նաև մի դրվագ պատմեց իր` Մուշի հայկական թաղամաս այցելությունից. «Մուշի քաղաքապետը, որն ազգությամբ քուրդ է, հատկացրել էր բավականին մեծ գումարներ հայկական թաղամասի պահպանության համար: Հատուկ շեշտվեց, որ տներից մեկը Տարոն Մարգարյանի պապի տունն է: Պարոն Տարոն Մարգարյան, քո պապի տունը քուրդը վերանորոգում է, դու Աֆրիկյանների տունն անողոք ձևով քանդեցիր, Բյուզանդ փողոցը քանդեցիր, այսօր պահում եք բոլշևիկյան կուսակցության պատմությունը և դեռ խոսում եք պատմությունի՞ց»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930