Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական ակտիվիստը պնդում է՝ ոստիկաններն իրեն պահանջ չեն ներկայացրել

Սեպտեմբեր 08,2017 16:44

Վարչական դատարանն այսօր քաղաքացիական ակտիվիստ Վահրամ Պետրոսյանի գործով դատաքննության ժամանակ հետազոտեց գործում առկա գրավոր ապացույցներն ու տեսանյութերը, որոնք ներկայացվել էին թե՛ ոստիկանության, թե՛ Պետրոսյանի կողմից:

Հիշեցնենք, որ Վահրամ Պետրոսյանը քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության քննարկմանն ընդառաջ 2016 թ. մարտին կազմակերպված հավաքի մասնակիցներից է, որը հավաքի օրը բերման էր ենթարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնականի բաժին, որտեղ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ: Ոստիկանությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել վերջինիս ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1-րդ հոդվածի 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով: Վահրամ Պետրոսյանն էլ իր հերթին հակընդդեմ հայցով պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ ոստիկանության՝ հավաքը ցրելու, իրեն ձերբակալելու, ֆիզիկական ուժ գործադրելու գործողությունները:

Ոստիկանության ներկայացուցիչը հավաքի օրը Վահրամ Պետրոսյանին օրինական պահանջ ներկայացնելու ապացույց վկայակոչում է հենց այսօր հետազոտված տեսանյութը: Որը, ըստ Պետրոսյանի ներկայացուցիչ Տաթեւիկ Սիրադեղյանի, պարզապես ներկայացնում է հավաքի օրը ոստիկանության աշխատակիցների ու հավաքի մասնակիցների գործողություններն եւ նշված տեսանյութում չկա փաստացի հատված, որը կհավաստի, որ ոստիկանության որեւէ ներկայացուցիչ Պետրոսյանին պահանջ է ներկայացրել:

Այս դատական նիստին դատարանը որոշեց որպես վկա հարցաքննել Վահրամ Պետրոսյանին, նա ցուցմունք տվեց՝ իրեն հայտնի փաստական հանգամանքների մասին: Մասնավորապես, պնդեց, որ իրեն օրինական պահանջ չի ներկայացվել ու վարչական իրավախախտման մեջ նշված պահանջը ու առհասարակ որեւէ պահանջ չի ներկայացվել:

Դատարանը որոշեց գործով որպես վկա ներգրավել ոստիկանության երկու աշխատակցի, որոնք, ըստ ոստիկանության ներկայացուցչի, Վահրամ Պետրոսյանին անմիջականորեն պահանջ ներկայացնողներն են:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կլինի հոկտեմբերի վեցին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930