Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյանը հիշեցրեց ՀՀԿ-ի տված ու չկատարած խոստումները

Սեպտեմբեր 08,2017 16:43

«Էն որ ասում էր Երեւանում պիտի նստենք` Թեհրանի կայարանում իջնենք, գյումրեցիներին խոստացավ, որ Գյումրիում ոչ մի տնակ չի մնալու, բայց այսօր 2700 մարդ բուդկի մեջ է ապրում, էն որ ասեց` 3-րդ ատոմակայանը պիտի բաց անեմ երեք տարի հետո, արդեն բաց ա՞ արել»,-դիմելով ՀՀԿ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանին՝ ասաց Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը: Այսօր «Հայելի» ակումբում Գուրգեն Եղիազարյանը Լեռնիկ Ալեքսանյանին մի շարք հարցեր ուղղեց` ՀՀ նախագահի ու ՀՀԿ-ի տված, բայց չկատարած խոստումների մասին:

Ի պատասխան՝ պարոն Ալեքսանյանն ասաց, որ Գուրգեն Եղիազարյանին չի սազում նման կերպ արտահայտվել, քանի որ թե’ տնտեսական, թե’ անվտանգության եւ թե’ ժողովրդավարության առումով արդյունքները տեսանելի են:
Նախկին ԱԺ պատգամավոր Արշակ Սադոյանը, որը նույնպես մասնակցում էր քննարկմանը, կարծիք հայտնեց, որ Եվրասիական միությանն անդամակցելն ուղղակի «խայտառակություն» էր: Ի պատասխան Լեռնիկ Ալեքսանյանը պարոն Սադոյանին հիշեցրեց, որ հենց նա է դեմ արտահայտվել Եվրոպային եւ խորհուրդ տվել` «կտրվել Եվրոպայից»: Պարոն Սադոյանը զարմանքով ընդունեց ՀՀԿ-ականի հայտարարությունը:

Գուրգեն Եղիազարյանի խոսքով. «Որոշ մարդիկ հայտարարություններ են անում, որ մենք առանց Սերժ Սարգսյանի կյանք չունենք, որ, եթե ցանկանում ենք մի քիչ ապահով Հայաստանում ապրենք, նորից պետք է շեֆը լինի Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանն էլ համեստաբար, տարուկես առաջ, որ ասեց` ես ձեզ խոստանում եմ, որ ոչ մի պաշտոն ինձ չի հետաքրքրում, ոչ մի պաշտոնի ես չեմ լինելու, հետո, կամաց-կամաց, խոսելով ասեցին, որ անվտանգության ոլորտում լուրջ հաջողություններ է գրանցել: Ասեմ ձեզ, որ ինքը անվտանգության ոլորտում լուրջ անհաջողություններ է գրանցել»:

Պարոն Եղիազարյանի կարծիքով, Սերժ Սարգսյանի մուտքը անվտանգության ասպարեզ ավարտվեց հոկտեմբերի 27-ի ողբերգությամբ. «Այն ժամանակվա անվտանգության շեֆը Սերժ Սարգսյանն էր, առաջին պատասխանատուն: Հիմա իր մարդկանց քցելա առաջ, որ խոսեն, որ առանց իրանց կյանք չկա Հայաստանում, չէ’, կա պարոն Սերժ Սարգսյան: Առանց ձեզ լուրջ կյանք կա, պարոն Սարգսյան: Էն որ ասեցիք ընդամենը 200 մետր է եղել, հետո հրաժարական չտվեցիք, հետո պարզվեց` 200 մետր չի եղել: Ժիրայր Սեֆիլյանը ճիշտ էր ասում, հլը մի բան էլ պակաս , էն որ ասեցիք 800 հեկտարը անպիտան, ոչ ոքի պետք չեկող հող էր, որի վրա հերոսներ զոհվեցին, ա՞յ, դրա հաջորդ օրը պետք է հրաժարական տայիք, բայց էլի չտվեցիք: Հիմա էլ բավական է հրաժարական չեք տալիս, այդ անվտանգության մաման լացացրել եք»:

Արշակ Սադոյանին զայրացրեց, որ Գուրգեն Եղիազարյանը անընդհատ անցյալից է խոսում եւ ապագայի մասին ոչինչ չի ասում. «Կամ ասեք ոչինչ չենք տեսնում, ոչ մի հեռանկար չենք տեսնում, դրա համար էլ վերադառնում ենք անցյալի դարդերին»:

Լեռնիկ Ալեքսանյանը գտնում էր, որ նախագահի փորձառությունը պետք չէ կասկածի տակ դնել, քանի որ 25 տարի է մեր երկիրը եւ մի շարք հարցերում առաջընթաց է գրանցել. «Ձեզ հետ համաձայն չեմ 180 աստիճանի անկյան տակ: Մեր հասարակությունը օրգանիզմ է, զարգացում է ապրում, կլինի առաջին, կլինի երկրորդ, թե երրորդ նախագահը, հասարակությունն ինքը զարգացում է ապրում: Կուսակցությունները, նախագահները, քաղաքական ուժերը դանդաղեցնում կամ արագացնում են այդ զարգացումը, այդ զարգացումը դեպի ժողովրդավարություն, դեպի տնտեսություն, իրոք ահռելի գործ է կատարվել՝ տնտեսական եւ անվտանգության առումով»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930