Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանդայի» գործ. «Արթուրն առաջարկեց որոշակի գումարի դիմաց գնալ Սիրիա եւ կռվել թուրքերի դեմ»

Սեպտեմբեր 08,2017 16:25

«Վարդանյանը ինձ հարցրեց`որպես ազատամարտիկ ի՞նչ է արել պետությունը ինձ համար: Հետո Արթուրը առաջարկեց որոշակի գումարի դիմաց գնալ Սիրիա եւ կռվել թուրքերի դեմ: Ես, բնականաբար, համաձայնվեցի»,- սա հատված է Մարատ Մելիքի Թադեւոսյանի նախաքննական ցուցմունքից: Վերջինս 2015 թվականի աշնանը, Նորքում վնասազերծված  զինված խմբի գործով մեղադրյալ է:

Հիշեցնենք, «Բանդայի գործ» անվանումը ստացած այս գործով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվում է հարցաքննության փուլը: Առավոտից, հանրային պաշտպաններից մեկի`այլ գործով զբաղվածության պատճառով երկու անգամ ընդմիջում հայտարարելուց հետո, նիստը վերսկսվեց:

Մարատ  Թադեւոսյանը չցանկացավ դատարանում ցուցմունք տալ եւ պատասխանել հարցերին: Դատավորը բավարարեց միջնորդությունը: Հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը:

Մարատ Թադեւոսյանը ջրբաժան է աշխատում Արևիկ գյուղում: Արթուր Վարդանյանի հետ ծանոթացրել է Ավետ Բարեյանը՝ Եռաբլուրում: Արթուրի հետ ծանոթանալուց հետո Մարատը անդամագրվել է վերջինիս ղեկավարած «Հայոց վահան» ՀԿ-ին: «Արթուրին երկրորդ անգամ տեսել եմ Արեւիկ գյուղում՝ ԵԿՄ շտաբում: Երրորդ եւ վերջին անգամ տեսել եմ Սպիտակ քաղաքում, իմ իմանալով՝ նրա հորական տանը: Իմ պատկերացմամբ այնտեղ էինք գնացել որսի նպատակով: Այնտեղ Ավետը ասաց, որ Արթուրը գալու է եւ ամեն բան կասի: Ես ինձ հետ վերցրել էի իմ որսորդական հրացանը: Այդ օրը Արթուրն ու Ավետը թաքուն բաներ էին խոսում իրար հետ: Իմ տանեցիները չգիտեին իմ գտնվելու վայրը, այդ պատճառով դիմել են Ավետի ընտանիքին: Նրանք նշել են, որ եթե մինչեւ հաջորդ առավոտ ես տուն չվերադառնամ, ապա ընտանիքս կդիմի ոստիկանությանը: Դրանից հետո ես վերադարձա Երեւան: Հաջորդ օրը Ավետը իմ զենքով կրակել է եւ ոստիկանությունը առգրավել է զենքը: Ես գնացի Սպիտակ եւ Ավետ Բարեյանի հետ գնացի ոստիկանության բաժին: Ավելի ուշ  քսան հազար դրամ տուգանք վճարեցի եւ հետ վերցրի հրացանս: Այդ գումարը տվել է Արթուր Վարդանյանը: Դրանից հետո Արթուրին ես այլեւս չեմ տեսել»,- ասված է նախաքննական ցուցմունքում:

Ուշագրավ է, որ մեղադրյալը փաստաբան Հայկ Ալումյանի հարցին ի պատասխան ասաց, որ իր հոր անունն Իլիչ է: Մինչդեռ, դատարանում հրապարակվեց Մարատ Մելիքի Թադեւոսյանի նախաքննական ցուցմունքը: Դատավորը դա «ընդամենը փաստաթղթային վրիպակ» անվանեց:

Հիշեցնենք, ըստ մեղադրական եզրակացության, Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:

Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին: Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը),  235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930