Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վարչապետ. «Ցանկանում եմ վերահաստատել, որ Եվրոպական միությունը, ի դեմս իր բոլոր կառույցների, եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գործընկերներից մեկը»

Սեպտեմբեր 08,2017 15:57

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցությանը, Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրին վերաբերող հարցեր:

Վարչապետը նկատել է, որ ավանդական դարձած հանդիպումները թույլ են տալիս մտքեր փոխանակել գործակցության օրակարգի վերաբերյալ, բաց ու անկեղծ խոսել ծրագրերի ու անելիքների մասին: «Ցանկանում եմ վերահաստատել, որ Եվրոպական միությունը, ի դեմս իր բոլոր կառույցների, եղել և մնում է Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն գործընկերներից մեկը», – ընդգծել է վարչապետը:

Դեսպան Պյոտր Սվիտալսկին, անդրադառնալով գործակցության ներկա փուլին, նշել է, որ նախապատրաստվում են շատ լուրջ իրադարձության՝ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը, որը համագործակցության նոր էջ է լինելու: Նա հավաստիացրել է, որ իրենց կողմից արվելու է ամեն ինչ, որպեսզի գործակցության բոլոր ուղղությունները նոր որակ ստանան: Ըստ դեսպանի՝ Միասնական աջակցության շրջանակային փաստաթուղթը շատ խոստումնալից է և նոր տարրեր է ներառելու: «Մենք մեծապես աջակցում ենք բարեփոխումների ձեր օրակարգին: Արտաքին փորձագետների միջոցով մանրամասն վերլուծել ենք ձեր բարեփոխումների ծրագիրը: Դա հավակնոտ ծրագիր է, հիմա մենք մտածում ենք, թե ինչպես Հայաստանում մեր գործողություններն ավելի հարմարեցնենք բարեփոխումների ձեր օրակարգին: Մենք ցանկանում ենք գումարներ ներդնել այնտեղ, որտեղ գտնում եք, որ բարեփոխումներն արդյունավետ կլինեն», – նշել է դեսպանը:

Վարչապետն իր հերթին նկատել է, որ ԵՄ-ի կողմից համագործակցությունն ու աջակցությունը բարեփոխումների ծրագրին՝ հետևողական ու հաստատակամ լինելու լրացուցիչ լիցք է հաղորդում: «Գնահատելի է, որ ձեր փորձագետները վերլուծել են կառավարության ծրագիրը և համակարծիք են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Ուզում եմ հավաստիացնել, որ մենք գիտենք, պատկերացնում ենք՝ ինչպես պետք է մեր երկիրը փոխենք ու գիտենք նաև մեր խնդիրներն ու թերությունները», – ընդգծել է վարչապետը:

Կողմերն արձանագրել են, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի և Միասնական աջակցության շրջանակի վերաբերյալ աշխատանքները բնականոն հունով են ընթանում, և իրենց պատկերացումներն ու մոտեցումները համընկնում են:

Երկուստեք կարևորվել է ԵՄ աջակցությունից օգտվելու համար արդյունավետ ծրագրերի ընտրությունը, ինչպես նաև իրականացվելիք ծրագրերի թափանցիկությունն ու թիրախային բնույթը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ավիացիոն ոլորտի համաձայնագրի հետ կապված հարցերին, մտքեր փոխանակել ԵՄ-ում ներկայիս քաղաքական գործընթացների շուրջ։

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
 ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930