Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահե Լոռենց. «Փիլիպոսյան Աշոտի բերած վարկածում դիտավորություն կա»

Սեպտեմբեր 08,2017 15:47

Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության նախաձեռնությամբ 2017-ի օգոստոսին վերսկսվել էին պեղումները «Զորաց քարեր» հուշարձանի տարածքում: Կառույցի գիտնական- քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը հայտարարել էր, թե Զորաց քարեր հուշարձանն աստղադիտական նշանակություն չունի, ինչը բուռն քննարկումների տեղիք է տվել:

Aravot.am-ի հետ զրույցում պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցը նշեց, որ հայտարարության մեջ դիտավորություն եւ միտում է տեսնում, որը նրա ձեւակերպմամբ, վայել չէ գիտնականին:

«Միտում տեսնելու համար ունեմ հիմքեր, թե Փիլիպոսյանը եւ թե Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ղեկավարությունը հակված չեն ավելին տեսնել, քան ուզում են: Դեռեւս 2-3 տարի առաջ պեղումների մասին խոսք անգամ չկար, բայց նրանք հերքում էին այդ ամենը: Ինչ-որ բան հաստատելու համար անհրաժեշտ է գիտական հիմքեր ունենալ, հերքելու համար պետք է կրկնակի շատ հիմքեր ունենալ…

Պեղումները սկսեց Աշոտ Փիլիպոսյանը եւ արդեն պեղումների նախնական փուլում, ընդամենը մեկ դամբարան պեղելուց հետո ընդարձակ հարցազրույց տվեց ու հեգնական տոնով հերքեց այն, ինչն այսօր շատ լուրջ հիմքերով շրջանառվում է: Անաչառ գիտնականն իրավունք չունի իր կարծիքը պնդել մինչեւ պեղումների ավարտը: Դեռեւս տարածքի 5-10%-ը պեղելով, 1-2 դամբարանով չի կարելի մեկնաբանություն անել:

Էլ չեմ խոսում Փիլիպոսյանի մեկ այլ ծիծաղահարույց մեկնաբանության մասին: 1000 ներողություն, ինքս հնագետ չեմ, բայց կարծում եմ հատուկ մասնագիտական կրթություն պետք չէ ունենալ հասկանալու համար որոշ բաներ: Ասենք՝ քարերի վրա անցքերի պահը, որ ասվում է, թե իբր անցքերն արված են պարան անցկացնելու ու քարերը քաշ տալով բերելու համար: Հարգելիս, պարան անցկացնելու համար միանման անցքեր չէին անի: Ինչո՞ւ են բոլոր անցքերը ողորկ, սիրուն, բոլորը մի չափով, ձեւով, ինչո՞ւ ոչ բոլոր քարերն ունեն անցքեր, կամ ուղղակի քարերը քաշ տալու համար դրանք կարելի էր սայլի վրա դնել եւ եզներով բերել, ինչո՞ւ նման տիտանական աշխատանք անել…

Ծիծաղ հարուցող անհեթեթ մեկնաբանություններ են նրա մեկնաբանությունները: Կամ նման մի բացատրություն լսեցի, թե ինչ-որ ժամանակ մեկի համար կարիք է եղել պարսպապատել տարածքը եւ դամբարանների գերեզմանաքարերը բերել է ու այդպես շարել է: Այ հարգելիս, դու երբեւիցե տեսե՞լ ես գերեզմանաքարով պարսպապատեն տարածքը, էն էլ մեկումեջ նման քարեր շարելով, արանքները 10-20 մետր կամ 2-3 մետր հեռավորություն թողնելով: Ո՞րն է իմաստը դրա: Երկրորդ դասարանի աշակերտի մակարդակի պրիմիտիվ մեկնաբանություն, որ վայել չէ գիտնականին:

Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում, իհարկե, շատ վաստակաշատ մարդիկ կան, բայց ղեկավարությանը ճանաչելով, այլ ակնկալիք կարող էի չունենալ կամ որ Փիլիպոսյան Աշոտը կարող է այլ բան ասել…Առհասարակ Փիլիպոսյան Աշոտից շատ ավելի խելացի ու կիրթ մարդիկ, որ տասնյակ տարիների վաստակ ունեն ոլորտում, գտել են, որ Քարահունջն Աստղադիտարան է: Ընդ որում, խոսքը միայն հայ մասնագետների մասին չէ, խոսքը Պարիս Հերունու, Վաչագան Վահրադյանի կամ Գեւորգյանի մասին չէ, խոսքը օտարազգի գիտնականների մասին է»:

Վահե Լոռենցի խոսքերով, օտարազգի գիտնականները գտել են, որ Քարահունջը հնագույն աստղադիտարան է, եթե ոչ հնագույններից մեկը աշխարհում: «Ես Փիլիպոսյան Աշոտի բերած վարկածում դիտավորություն եմ տեսնում: Հնագիտության ու ազգագրության ինստիտուտն այսօր ավելի շատ օտարի ջրաղացին է ջուր լցնում, քան մեր: Ես չեմ ասում, թե գիտնականը պետք է պատմություն հորինի ծառայեցնելու համար իր ազգին, ինչպես մեր հարեւաններն են անում, մյուս կողմից էլ, եթե յուրաքանչյուր գիտություն մեր ազգային-պետական շահերին չի ծառայում, ինձ պետք չէ»,-ասում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, այսօր զբոսաշրջությունը Հայաստանում համարվում է տնտեսության հեռանկարային ճյուղերից մեկը, իսկ Քարահունջը կամ Զորաց քարերը ամենազբոսաշրջային երթուղին է, ամենաթեժ գծերից մեկը, քանի որ բոլորն այդտեղ այցելում են որպես հնագույն աստղադիտարան:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` Ֆեյսբուքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930