Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը խոստացել էր առանց լրագրողների իմացության նրանց առնչվող օրենքում փոփոխություններ չանել. Աշոտ Մելիքյան

Սեպտեմբեր 08,2017 15:36

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը, անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի փոփոխությունը, որը տեղի է ունեցել գաղտնի պայմաններում, համարում է միտում: Այսօր «Հոդված 3» ակումբում այս թեմայով քննարկում էր կազմակերպվել:

Հիշեցնենք, որ 2016-ի դեկտեմբերին Ազգային ժողովը մեկ օրում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքից հանեց 1-ին հոդվածի երրորդ կետը՝ ըստ որի անձնական տվյալներ հավաքելու եւ մշակելու արգելքը չի տարածվում միայն լրատվամիջոցների եւ գրական գեղարվեստական ստեղծագործությունների վրա։

Արդարադատության նախարարության աշխատակազմի անձնական տվյալների պաշտպանության գործակալության վարչական վարույթների իրականացման բաժնի պետ Գեւորգ Հայրապետյանի խոսքով, փաթեթի հեղինակը կառավարությունն է, բայց անձնական տվյալների պաշտպանության օրենքի հատվածը փաթեթում ներառվել է այն ժամանակ, երբ փաթեթն արդեն Ազգային ժողովում է եղել` առաջինից երկրորդ ընթացման ռեժիմում, ինչի արդյունքում անձնական տվյալների պաշտպանության գործակալության դիրքորոշումը չի լսվել: Իսկ թե ինչու, պարոն Հայրապետյանն ասաց, որ դա արդեն գործակալության լիազորություններից դուրս է:

Աշոտ Մելիքյանի կարծիքով, պետք չէ գործակալությանը հավակնություն ներկայացնել, քանի որ այն եւս այս պարագայում «զոհ է»: Նա նորմալ չի համարում, որ լրագրողական գործունեության հետ ուղիղ կապ ունեցող օրենքի փոփոխությունից ո’չ լրագրողները, ո’չ ԶԼՄ-ները, ո’չ էլ լրագրողական կազմակերպությունները տեղյակ չեն:

Նրա խոսքով, տարիներ առաջ արդարադատության ներկայիս նախարար Դավիթ Հարությունյանը լրագրողական կազմակերպություններին խոստացել էր, որ ցանկացած օրենսդրություն, որը կվերաբերի լրագրողական գործունեությանը, առանց քննարկման չի ընդունվի. «Սակայն այսօր այլ բան ենք տեսնում»:

«Անձնական տվյալների պաշտպանություն, թե տեղեկատվության ազատության սահմանափակում» թեմայով քննարկմանը նաեւ մասնակցում էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լիաննա Դոյդոյանը: Նրա խոսքով, «Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքի» նախագծի քննարկմանը մասնակցել են ՀԿ-ներ եւ լրագրողներ եւ փաստարկվել է ինչու էր անհրաժեշտ այդ հոդվածը: Բացի այդ, օրենքի նշյալ հոդվածն, ըստ Լիաննա Դոյդոյանի, ամրագրվել է հիմք ընդունելով միջազգային օրենսդրությունը, Եվրադատարանի դիրեկտիվը. «Պնդել ենք, որ այս հոդվածը պիտի լինի, որովհետեւ նա հատուկ, առանձնացված գործունեություն է իրականացնում: Լուրջ քննարկումները, լուրջ հիմնավորումները եւ հանկարծակի թաքուն, մի գիշերվա վերեւներից եկած որոշումը: Բոլոր այն հիմնավորումները, որ ԱԺ-ն այս իրավունքն ուներ պատգամավորների ներկայացմամբ արդեն իսկ կառավարության փաթեթի մեջ փոփոխություն մտցնել եւ առաջին եւ երկրորդ ընթերցումները համարել հանրային քննարկում եւ միանգամից ընդունել, այն հիմնավորումը, որ ԶԼՄ-ի օրենքում կարգավորված է, անընդունելի է եւ ամենեւին էլ այդպես չէ»:

Աշոտ Մելիքյանի համոզմամբ. «Օրենքը պետք է քննարկումներով ու պրակտիկային համապատասխան լինի: Ինչ հիմնավորում էլ որ բերվի` կա շատ ավելի ծանրակշիռ հիմնավորում: Այս օրենսդրությունը միջազգային նորմերին համապատասխանում է, դա քննարկված, եփված մոտեցում էր կոմպրոմիսային մոտեցում էր, ոչ մի քննարկում չի եղել, անտեսվել է, որ միջազգային դրույթներին համապատասխան էր եւ թաքուն, գաղտնի փոխվել է, բոլոր առումներով սա անընդունելի է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930