Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շարքային Գագիկ Մայսուրյան. «Չպետք է մտածես, որ հակառակորդը հեռու է, հետևաբար կարելի է շեղվել ծառայությունից»

Սեպտեմբեր 08,2017 15:23

«Պաշտպանության բանակի լավագույն դիրքապահները» ծրագրի շրջանակներում ներկայացնում ենք դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում իրենց լավագույնս դրսևորած զինծառայողներին: Ծրագիրն իրականացվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» հասարակական կազմակերպությանը հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Զինծառայողների հետ զրուցել է Հրայր Փաշայանը։

«Զինծառայության և մասնավորապես դիրքապահի պարտականություններին վերաբերող բոլոր հարցերին, նույնիսկ մանրուք թվացող, ես մոտենում եմ ամենայն լրջությամբ: Ինձ վստահված ցանկացած առաջադրանք կատարում եմ ամենայն պատասխանատվությամբ` հասկանալով, որ նաև իմ ծառայության որակից է կախված  եղբայրներիս, քույրերիս ու հարազատներիս անվտանգությունը: Այս ամենը ես կատարում եմ ոչ թե ստիպողաբար, այլ գիտակցաբար: Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր քաղաքացու ոչ միայն սահմանադրական, այլև սրբազան պարտքն է»,- սա շարքային Գագիկ Մայսուրյանի պատկերացումներն ու վերաբերմունքն է դիրքապահի պարտականությունների վերաբերյալ:

Գագիկ Միհրանի Մայսուրյանը ծնվել է 1998 թվականի հունիսի 25-ին, Երևան քաղաքում: Դպրոցական վերջին տարիներին ուսմանը զուգահեռ մասնակցել է համակարգչային դասընթացների, որն ավարտելուց հետո, նախքան բանակ զորակոչվելը, որպեսզի պարապ չմնա, զբաղվել է տան գործերով: Զորակոչվել է զինծառայության 2016 թվականի հուլիսին: Այժմ երկու եղբայրներով ծառայում են նույն զորամասում:

Խոսելով դիրքերում մարտական հերթապահությունը բարձր մակարդակով կատարելու մասին` շարքային Գ. Մայսուրյանը նախևառաջ կարևորեց անձնակազմի միջև տիրող ընկերական, ընտանեկան մթնոլորտը. «Եթե դիրքի անձնակազմի միջև ընտանեկան մթնոլորտ է տիրում, ապա զինվորները միմյանց հուզող հարցերը ընդունում են որպես սեփական խնդիր և օգնում են իրար դրանք վերացնելու համար, արդյունքում` ապահովված է մարտական խնդիրները հաջողությամբ կատարելու նախապայմանը:

Եթե որևէ մեկն իմ նկատմամբ բարի քայլ է կատարում, ես էլ փորձում եմ նույն կերպ պատասխանել: Եվ հակառակը: Արդյունքում անձնակազմի միջև ձևավորվում են այնպիսի հարաբերություններ, որտեղ յուրաքանչյուրը ձգտում է ինչ-որ բանով օգնել իր ընկերոջը,- ոգևորված պատմում է շարքային Մայսուրյանն ու հավելում,- դիրքապահի պարտականությունների կատարումը կոլեկտիվ մտածելակերպ ու գործելաոճ է պահանջում, քանի որ միայն միասնական ջանքերով է հնարավոր ձախողել հակառակորդի մտադրությունները»:

Ինչ վերաբերում մասնագիտական պատրաստվածությանը, ապա շարքային Գագիկ Մայսուրյանն այս հարցում կարևորեց անցկացվող պարապմունքներն ու փորձի փոխանակումը: «Ինչպես մշտական տեղակայման վայրում, այնպես էլ դիրքերում պարբերաբար պարապմունքներ են անցկացվում: Բացի դրանից թե հրամանատարական կազմը, թե ավագ դիրքապահներն իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցում նորեկներին: Դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում կան նրբություններ, որոնք փոխանցվում են սերնդեսերունդ՝ այդ փորձն ու հմտություններն ավագներն ինձ են փոխանցել, ես՝ նորեկներին,- ասում է շարքային Գ. Մայսուրյանն ու ավելացնում, – ինչպես ժողովրդական խոսքն է ասում, վատ աշակերտ չի լինում, ամեն ինչ ուսուցանողից է կախված»:

Շարքային Գագիկ Մայսուրյանի կարծիքով՝ դիրքապահի պարտականությունների կատարման ընթացքում կան այնպիսի պարտականություններ, որոնք ինքնըստինքյան պետք է ամրակայվեն յուրաքանչյուրի ենթագիտակցության մեջ՝ դառնալով նրա գործունեության անբաժան մասը: Դրանց թվում Գագիկը մասնավորապես նշում է զգոնությունն ու անվտանգության կանոնների պահպանումը թե դիտարկումների կատարման ընթացքում, թե զենքի հետ շփվելիս և թե ընդհանրապես առօրյա ծառայության ընթացքում. «Մարտական հերթապահության կրման ընթացքում պետք է ամեն ինչին լուրջ և ուշադիր լինել: Չպետք է մտածես, որ հակառակորդը հեռու է, հետևաբար կարելի է շեղվել ծառայությունից: Հատկապես դիտարկումների կատարման ընթացքում պետք է զգոն և ուշադիր լինել, այլապես վտանգի ես ենթարկում այն ամենը, ինչի համար այստեղ ենք գտնվում, ինչի համար պայքարել է մեր ավագ սերունդը: Դա պարզապես անթույլատրելի է: Անթույլատրելի և անընդունելի է նաև զենքի հետ վարվելիս անվտանգության կանոնների խախտումը, որից երբեմն դժբախտ պատահարներ են տեղի ունենում»:

Ահա այսպիսին են Շարքային Գագիկ Մայսուրյանի պատկերացումներն ու վերաբերմունքը ծառայության և մասնավորապես դիրքապահի պարտականությունների կատարման նկատմամբ, որոնք նրան թույլ են տալիս բարձր պատասխանատվությամբ կատարելու սեփական պարտականությունները՝ հանդես գալով որպես սահմանի տվյալ հատվածի հուսալի պաշտպան:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930