Վերջին ամիսներին շրջանառվող լուրը, թե շուրջ 20 տարի հանդիսանալով Երեւանի քաղաքապետարանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, Հակոբ Ղազանչյանը ստեղծագործական գործունեությունը կշարունակի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում իբրեւ գլխավոր ռեժիսոր, իրողություն դարձավ: Այս մասին սեպտեմբերի 8-ին հրավիրված Կոմեդիայի թատրոնի կոլեկտիվի ժողովում պաշտոնապես հայտարարեց թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը:
Տեղեկացնենք, որ Հակոբ Ղազանչյանը մինչ Պատանի հանդիսատեսի թատրոնում ղեկավար պաշտոնի անցնելը աշխատել է նաեւ Կապանի եւ Գյումրիի թատրոններում, բեմադրություններ է իրականացրել Ռուսաստանի, Լեհաստանի, Ռումինիայի, Չեխիայի եւ այլ երկրների մշակութային օջախներում:
Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում ձեր` հայր եւ որդու ստեղծագործական կյանքը նույն թատրոնում, Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը հակիրճ պատասխանեց. «Վստահ եմ, որ Հակոբը օգտակար կլինի մեր թատրոնին»:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ