Լրահոս
Օրվա լրահոսը

«Տապալել գործող իշխանությունը՝ հիմնահատակ քանդելով». Փոստանջյանը հաղորդում է պատրաստում՝ հանցագործության մասին

Սեպտեմբեր 08,2017 15:05

«Մենք չունենք ազգային իշխանություններ, այսօրվա իշխանությունը բացարձակ կապ չունի ազգի շահերի հետ: Մեր գործունեությունն է լինելու տապալել գործող իշխանությունը՝ հիմնահատակ քանդելով: Շուտով այդ մասին դուք նույնպես տեղեկացված կլինեք»,- այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը:

Թե ինչպես պետք է տապալեն՝ նա կոնկրետ չասաց՝ նշելով, որ դա պետք է անի ոչ թե մեկ ուժ, այլ՝ քաղաքացիները: Ըստ տիկին Փոստանջյանի, իշխանությունը տապալելու համար չպետք է սպասել մինչեւ 2018-ը., «Ասում եք դուրս գալ փողոց՝ մենք ամեն օր պետք է փողոցում լինենք, շփվենք մեր քաղաքացիների հետ: Մեր ազգի զգալի մասը ապրում է ՀՀ-ից դուրս եւ այդ մասն է, որ անկախ է: Բոլոր քաղաքացիները պետք է ներգրավված լինեն քաղաքական գործընթացների մեջ: Ինչպես պետք է դա անենք՝ դա լինելու է տեսանելի, մենք դա անելու ենք ուղիղ եթերների միջոցով: Մենք ուղիղ եթերներով փորձելու ենք մեր հանրությանը քաղաքականացնել: Ոչ թե մի քաղաքական ուժ պետք է դա ներկայացնի, այլ ողջ հանրությունը պետք է իր կազմակերպված քաղաքական հայտը ներկայացնի: Մեր հանրությունը պետք է դառնա գործոն, ինչպես 88-ին էր»:

Հարցին, թե ի՞նչ կարծիք ունեք, Սերժ Սարգսյանը 2018-ին կդառնա՞ վարչապետ՝ Փոստանջյանը պատասխանեց, նրան եւ բոլոր նրանց, ովքեր քառորդ դար ձախողել են քաղաքականությունը չպետք է որեւէ կերպ ներել. «Այսօր շուրջ 30 մլրդ դոլար ապօրինի հանել են մեր երկրից, դա, իհարկե, ներելի չէ: Շուրջ 8 մլրդ դոլար պարտք կուտակելը նույնպես ներելի չէ, սրանք քրեորեն հետապնդելի արարքներ են: Այս ամենը պատահական տեղի չի ունեցել, սա եղել է դիտավորյալ քաղաքականության ներքո գործելակերպ եւ սա պետք է դատապարտենք»:

Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ հաղորդում են պատրաստել հանցագործության մասին. «Դրանով մենք մեղադրում ենք Սերժ Սարգսյանին դավաճանության մեջ նաեւ, որովհետեւ քառօրյա պատերազմի հիմնական եւ առաջին պատասխանատուն հենց ինքն է: Մեր երիտասարդ կյանքերը, 20-ամյա մեր երիտասարդները, որոնք ուղղակի կյանքի գնով կանխեցին այդ աղետը, իրեն պետք է նաեւ դրա համար պատասխանատվության ենթարկենք»:

Լրագրողները ճշտեցին՝ ներկայացրե՞լ եք հաղորդում արդեն՝ Փոստանջյանը պարզաբանեց, որ դա անելու են հրապարակավ. «Դա ուղղակի փաստաթուղթ չի լինելու, ուղիղ եթերներով ենք հաղորդելու»:

Մեր հարցին՝ դուք խոսեցիք փողոցային պայքարի, հեղափոխական տրամադրությունների մասին, «Ելքն» ասում է, որ ոնց որ 10 հազար դրամով մարդիկ գնացել եւ ընտրել են ՀՀԿ-ին, այդպես էլ 10 հազար դրամով ցանկացած հանրահավաքից կտանեն իրենց տուն, ո՞նց եք պատկերացնում այդ հեղափոխությունը՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ մարդիկ, որոնք այդ գիտակցության կրողն են, այդպես կվարվեն: Մարդիկ, որոնք իրենց կյանքի գնով պայթեցնեն, պահեն սահմանը, ես չեմ կարծում, որ այդ գիտակցությունը մեր ժողովուրդը կորցրել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930