Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հավատում եմ, որ կառավարության կազմում նշանակվելու են մարդիկ, ովքեր լավ գիտեն տվյալ ոլորտը և ցանկություն ունեն աշխատել». «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար

Սեպտեմբեր 08,2017 14:59

Արցախի Հանրապետության ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս անցած տարիների ընթացքում Արցախի կառավարության կատարած աշխատանքը գնահատում է դրական. «10 տարի գործել է այս կառավարությունը, նկատի ունեմ կառավարության ղեկավարը, բնականաբար եղել է, որ որոշ նախարարներ փոխվել են: Ըստ էության, այս կառավարությունը իրականացրել է նախագահ Բակո Սահակյանի ծրագրերը տարբեր ոլորտներում: Կառավարության կատարած աշխատանքի շնորհիվ տնտեսությունը առաջընթաց է գրանցել: Միգուցե ոչ այնքան բարձր, որքան կուզենայինք տեսնել, միգուցե ժողովրդի կենսամակարդակի վրա այնքան էլ շոշափելի չէ, բայց տնտեսական աճ, անշուշտ, կա»:

Վ. Բաղրյանը նշում է, որ իրենց կուսակցությունը «Դաշնակցություն» և «Ազատ հայրենիք» կուսակցությունների հետ պաշտպանել է կառավարության գործունեությունը, նախագահի ծրագիրը և նաև կրելով պատասխանատվություն` կառավարության գործունեության համար:

Նրա խոսքով նոր ձևավորվող կառավարության կազմում կլինեն կադրային փոփոխություններ, բայց կարծում է նաև, որ ոչ էական փոփոխություններ կլինեն դրանք: «Անշուշտ շատ բան կախված է այն անձանցից, ովքեր ղեկավարում են այս կամ այն ոլորտը, բայց թերևս ավելի շատ բան կախված է ընդհանուր մոտեցումից, ծրագրերից և այդ ծրագրերը իրականացնելու ցանկությունից: Իսկ այն, որ մենք գիտակցում ենք դրա կարևորությունը՝ միանշանակ է: Հավատում եմ, որ կառավարության կազմում նշանակվելու են մարդիկ, ովքեր լավ գիտեն տվյալ ոլորտը և ցանկություն ունեն աշխատելու, որովհետև բոլորիս լավ աշխատանքից է կախված երկրի հզորությունը»,- նշում է խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով անցումային փուլում կատարվելիք աշխատանքներին, նշում է, որ Ազգային ժողովը այս ժամանակաընթացքում բավականին անելիքներ ունի. «Անցումային փուլը ինչ-որ առումով նաև նորություն է մեզ համար, բայց ծուլանալու իրավունք չունենք` սպասելով, թե ինչ կլինի 2020 թվականին: Մենք պետք է օրենքները համապատասխանեցնենք նոր Սահմանադրությանը, որպեսզի կարողանանք արդեն 2020 թվականին լիարժեք կերպով անցում կատարել նախագահական կառավարման համակարգին»:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930