Լրահոս
Օրվա լրահոսը

«Մտածում եմ՝ իսկ չի՞ կարող արդյոք ՀՀ-ն տեղ գտնել այդ շուկայում». ՀՀ-ում Բրազիլիայի դեսպան

Սեպտեմբեր 08,2017 14:27

Սեպտեմբերի 7-ին նշվում է Բրազիլիայի անկախության տոնը: «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ-ում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն ներկայացրեց, թե ինչպես են Բրազիլիայում նշում Անկախության տոնը. ռազմական շքերթ, որը տեղի է ունենում երկրի նախագահի ներկայությամբ, փակ են լինում բոլոր խանութները, կառավարական կառույցները, դպրոցները, երեխաները հատուկ համազգեստով երգելով՝ անցնում են փողոցներով: Դեսպանի տեղեկացմամբ՝ թեև ՀՀ-ում այդքան էլ շատ չեն բրազիլացիները, բայց այստեղ էլ է տոնը նշվում:

Այս տարի լրանում է հայ-բրազիլական հարաբերությունների 25 տարին: Անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին՝ դեսպանը նշեց, որ մինչ օրս այդ հարաբերութուններն առանձնապես լայնածավալ չեն եղել. ոչ մի կողմից ներդրումներ չեն եղել. «Մենք ուսումնասիրություններ ենք կատարել և գտել գործունեության այնպիսի ոլորտներ, որոնց շրջանակում կարող են ՀՀ-ն ու Բրազիլիան համագործակցել: Մեր տնտեսական հարաբերություններում գլխավոր դերում են առևտրային հարաբերությունները: Բրազիլիայից ՀՀ կատարվող արտահանումները աճ են գրանցել. 2014-ին դա հասել է 39 միլիոն ԱՄՆ դոլարի: Այդ ցուցանիշը եղել է մինչ օրս ամենաբարձրը»:

Դեսպանը հայտնեց, որ Բրազիլիայից ՀՀ արտահանվում է թռչնամիս, տավարի, խոզի միս, կակաո: Իսկ ՀՀ-ից Բրազիլիա արտահանումների ծավալը չի հասնում մեկ միլիոն դոլարի: Դեսպանի տվյալներով՝ մինչ օրս ՀՀ-ից Բրազիլիա կատարված արտահանումների ծավալը չի հասել 1 միլիոնի՝ 800. 000 ԱՄՆ դոլար:

Պարոն դեսպանն ասաց, որ երկու երկրների միջև համաձայնագիր է ստորագրվել, սակայն աշխատում են դա կյանքի կոչելու համար:

Պարոն Մոնտեյրոն շեշտեց, որ այս առումով ՀՀ կառավարության կողմից աշխուժություն է նկատվում, բայց միայն կառավարության կողմից աշխատանք չպետք է ակնկալել, նաև մտածել մասնավոր հատվածի կողմից նախաձեռնությունների մասին: Դեսանի կարծիքով՝ Հայաստանը կարող է ալկոհոլային խմիչքներ արտահանել Բրազիլիա. «Հիմա մենք ալկոհոլային խմիչքներ ներկրում ենք Իտալիայից, Ֆրանսիայից, Սինգապուրից. մտածում եմ՝ իսկ չի՞ կարող արդյոք ՀՀ-ն տեղ գտնել այդ շուկայում: Հայաստանը կարող է տեղ զբաղեցնել նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»:

Հարցին՝ այն, որ ՀՀ-ն աշնանը ստորագրելու է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագիր, դա կարո՞ղ է աշխուժացնել հայ-բրազիլական հարաբերությունները, պարոն դեսպանը պատասխանեց. «Երբ մենք բրազիլացի ներդրողներին ասում ենք, որ ՀՀ-ն ԵՏՄ անդամ է, որ ԵՄ-ի հետ նոր համաձայնագիր է կնքելու, դա նրանց հետաքրքրում է: Բայց դա միայն դեսպանության խնդիրը չէ: Կուզենայի հայկական կողմից ավելի շատ ջանքեր տեսնել: Սան Պաուլոն մեծ շուկա է՝ շուրջ 40.000 տեղի հայեր: Ուստի նորից եմ ասում, պետք է ավելի շատ հայ ներկայացուցիչներ մասնակցեն Բրազիլիայում կազմակերպվող միջոցառումներին, որպեսզի կարողանան ներկայացնել հայկական շուկայի հնարավորությունները»:

Դառնալով զբոսաշրջային հարաբերություններին՝ դեսպանը բերեց Թուրքիայի օրինակը և համեմատեց, որ ՀՀ-ում բրազիլացի զբոսաշրջիկների թիվը տարեկան հազար մարդուց քիչ է, մինչդեռ Թուրքիայում այն հասնում է 200.000-ի:

Այնուհետև հուշեց, որ կարելի է օգտագործել այն փաստը, որ մյուս տարի ՌԴ-ում կազմակերպվելու է Ֆուտբոլի աշխարհի գավաթը, և ճիշտ կլինի, որ Հայաստանն այդ զբոսաշրջիկներին բերի նաև Հայաստան:

Խոսելով ֆուտբոլի մասին՝ դեսպանն ասաց, որ սպորտի բնագավառում պետք է լինի համագործակցություն, և ակնկալում է, որ առաջիկայում համաձայնագիր կստորագրվի:

Այնուհետև հիշեցրեց, որ Հենրիխ Մխիթարյանը 15 տարեկանում մարզվել է Սան Պաուլոյում, ինչը հաստատ նրան օգնել է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930