Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նախկին քիմպրոմցիները հանդիպեցին փոխմարզպետին. Նրանք պատրաստվում են ծայրահեղ քայլերի դիմել (Տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2017 14:24

Այսօր վաղ առավոտից «Վանաձոր-Քիմպրոմ»-ի ջերմաէլեկտրակայանի (ՋԷԿ) նախկին աշխատակիցները հավաքվել էին Լոռու մարզպետարանի դիմաց: Նրանք շարունակում են պահանջել իրենց չվճարված աշխատավարձերը:

Քանի որ մարզպետ Արթուր Նալբանդյանը գտնվում է հանրապետությունից դուրս, քիմպրոմցիների հետ հանդիպեց փոխմարզպետ Արսեն Դարբինյանը: Նրա հետ զրույցում ցուցարարները տեղեկացրեցին, որ գործարանը մաս-մաս վաճառվել է, սակայն իրենք այդպես էլ աշխատավարձ չեն ստացել. «Էլ գործարան չի մնացել, սաղ վաճառել են, մենակ պատերն ա մնացել: Ուր ասես գնացել ենք, կառավարության շենքի առաջ էլ ենք հավաքվել, էլ տեղ չի մնացել: Մեր ձայնը հասցրեք նախագահին»:

«Տանելը ուրիշ ա, վաճառելը՝ ուրիշ: Դրա գումարը տվե՞լ են, թե՞ մեր հայկական տարբերակով՝ տալիս են, հետո փողերը կստանան… Կառավարիչը ձեզ չի ասում, թե էդ գումարն ինչի՞ համար է օգտագործում՝ մատակարարի պարտք է տալիս, բյուջեի, թե՞ հոսանքի,- հետաքրքրվեց Դարբինյանը:

Վերջինս ցուցարարներին հորդորեց, սպասել մինչեւ մարզի ղեկավարը գործուղումից վերադառնա:

Սակայն նրա պատասխանը դուր չեկավ քիմպրոմցիներին. «Դա պատասխան չի, որ մեզ տվեցիք: Ի վերջո, մեր երկրում օրենք գործում է, թե՞ չէ: 6 տարի ա չենք տեսնում, այ սենց քրտնել եմ, աշխատել: Գոնե մարդկանց մարդատեղ դրեք էլի, գոնե բարեւն առեք էլի…»:

ՋԷԿ-ի աշխատակիցները ասացին, որ պատրաստվում են ամենատարբեր քայլերի դիմել, մինչեւ որ խնդիրը լուծում ստանա. «Պիտի հավաքվենք, մտածենք, որ մեզ մարդատեղ դնեն: Վերեւից ասեն, էս մարդիկ ի՞նչ են ուզում, 150 հոգի հո խելագար չեն, որ գնացին էս քայլին դիմեցին: Էն որ 2 տարի առաջ գրավեցին էն շենքը, ըտենց մի բան անենք, մենք էլ մարզպետարանը գրավենք: Էս պետությունն առանց արտակարգ բաների, ժողովրդին բանի տեղ չի դնում»,- սրտնեղած ասում է Վեսմիր Խարազյանը:

Քիմպրոմցիներն օրերս դիմել էին նաեւ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանին: Վերջինս էլ նամակով դիմել էր վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով աջակցություն, լուծելու ընկերության աշխատակիցների աշխատավարձերի հարցը:

Պատասխան նամակում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշել է. «… Ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ հիշյալ կազմակերպությունը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԼԴ/0038/04/14 քաղաքացիական գործի շրջանակներում ճանաչվել է սնանկ եւ դատարանի որոշմամբ սկսվել է ընկերության լուծարման վարույթ, ինչի արդյունքում կասեցվել է ընկերության գործունեությունը…

ՀՀ կառավարությունը լիազորված չէ միջամտելու դատարանի գործունեությանը կամ փոփոխելու դատարանի որոշումները, ուստի գործի ընթացքի ներկա փուլում որեւէ գործողություն կատարելու իրավասություն չունի»:

«Ստացվում է, որ մենք նորից օդից կախվեցինք, ոչ մեկը չի ուզում մեզ օժանդակի: Մենք արդեն էլ ուրիշ ելք չունենք, ստիպված դիմելու ենք այլ քայլերի: Հավանաբար կգնանք գործարանը կփակենք: Չենք թողելու որեւէ մեկը մտնի, դուրս գա: Էլ ուրիշ տարբերակ չունենք, միակ տարբերակն էդ ա մնում»,-ասում են քիմպրոմցիները:

Հիշեցնենք, որ դատարանի որոշմամբ ընկերությունը 153 աշխատակցի պարտք է շուրջ 130 միլիոն դրամ: Այն 2011 թվականի 4 ամսվա աշխատավարձն ու վերջնահաշվարկն է:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930