Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խաղող վերամշակողները իրարից խլում են գյուղացիների պայմանագրերը (Տեսանյութ)

Սեպտեմբեր 08,2017 12:52

Այսօր գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը վստահեցրեց, որ խաղողի մթերման գործընթացում խնդիրներ չեն առաջանա, հակառակը մի բան էլ խաղողի պահանջարկ կա: Նախարարությունում կազմակերպված ասուլիսում պարոն Մակարյանն ասաց, որ մթերումներն արդեն սկսվել են, եւ կոնյակի գործարանը խաղողագործներից կիլոգրամը 130 դրամով է խաղողը մթերում:

«Քանի որ խաղողի պահանջարկ կա, վերամշակողները սկսել են իրարից «պայմանագրեր գողանալ», այսինքն` իրենք են ցանկանում գյուղացիների հետ պայմանագրեր կնքել, որպեսզի երաշխավորված իրացնեն»,-ասաց փոխնախարարը` խաղողագործներին կոչ անելով առանց պայմանավորվածությունների գործարաններին չհանձնել, հետո` վճարումների հետ խնդիրներ ունենալ:

Մանրամասները`  տեսանյութում

Aravot.am-ի հարցին, թե ինչո՞ւ է խաղողի պահանջարկ առաջացել` ցրտահարությունն է պատճառը, թե գյուղացիները հրաժարվել են այգիները մշակել, պարոն Մակարյանը պատասխանեց, որ հիմնական պատճառը ցրտահարություններն էին եւ որ գյուղացիները այգիները չէին թաղել. «Իսկ պահանջարկի ավելացման ամենակարեւոր գործոններից մեկը արտահանման ծավալներն աճել են թե գինու, թե կոնյակի մասով»:

Ռոբերտ Մակարյանի տվյալներով, արտահանվել է 78 հազար տոննա պտուղբանջարեղեն, որից 74 հազար տոննան Ռուսաստան, 3500 տոննան` Վրաստան, մնացածը` Արաբական միացյալ էմիրություններ, Բելառուս, Ուկրաինա: Փոխնախարարն ասաց, որ գյուղացիական տնտեսությունների համար ցածր` 5 % տոկոսադրույքով վարկեր կտրամադրեն` 3-10 միլիոն դրամի չափով:

Մայրաքաղաքում գործող գյուղատնտեսական շուկաներին էլ կավելանա եւս մեկը, որը  կբացվի Նոր Նորքի 1-ին զանգվածում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930