«Agile Spirit 2017»-ը աշխարհի սկիզբն ու վերջը չէ: Ստեպ-ստեպ ի հայտ են գալիս իրադարձություններ, որոնց հայելու մեջ առավել հստակ ու տեսանելի է իրավիճակը: Կարևորը ոչ թե հայելին է, այլ՝ եզրակացությունները, որ արվում կամ չեն արվում ի հետևանս: Օրինակ՝
1. Ի՞նչ հետևանք կունենա «Agile Spirit 2017»-ը հայ-վրացական հարաբերությունների վրա: Հայոսի ու Քարթլոսի դարավոր բարեկամության սոուսի տակ միջադեպը կմոռացվի՞, թե՞ նստվածք կտա հարաբերությունների մյուս հարթակներում:
2. Երբ զորավարժությունների լոգոյից հանվեց Հայաստանի դրոշը, ավելացվեց Ադրբեջանինը: Բաքուն սիրով ու պատրաստակամ գնում է դեպի ՆԱՏՕ: Որևէ մեկը հաշվարկե՞լ է, թե իրավիճակը ինչպես կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի հարցի ու շփման գծի անցուդարձի վրա: Համենայն դեպս, դարակազմիկ գաղտնիք չէ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակետները հրապարակավ համընկնում են, իրականում ավելի շատ հակադիր են: Ի՞նչ է ձեռնարկելու Բաքուն այդ պատկերը իր օգտին շրջելու համար:
3. Երբ ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ Հայաստանը չէր էլ ասել, թե անպայման մասնակցելու է զորավարժություններին, մոռանու՞մ է, որ հակառակն էլ չէր ասել: Ընդհանրապես Հայաստանը ի՞նչ է ասում: Ազգ-բանա՞կ: ՀԱՊԿ ու ԵԱՏՄ: Անվտանգության ապահովում՝ առաջին հերթի՞ն: Բայց այդ դեպքում առաջին ու վերջին հերթին պիտի տարածաշրջանում ռազմաքաղաքական հավասարակշռությունը պահի, որ հնարավոր է միայն այլընտրանքի առկայությամբ: Ինքնիշխանության ամրապնդման:
4. Աշխարհաքաղաքական այս իրավիճակում Մոսկվան ոչ թե խանդով, այլ սրված խանդով է վերաբերվելու ոչ միայն Հայաստանի, անգամ Ադրբեջանի դեպի Արևմուտք քայլերին: Ի՞նչ է սպասվում նոյեմբերին: ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումից առաջ ու, առավել ևս, հետո: Պաշտոնական անձինք Երևանում հաստատում են, որ հրաժարումը զորավարժություններից չի ազդի երկրի իմիջի վրա: Համարենք, թե չի ազդի, թեպետ Արևմուտքը հերթական ծանուցումը ստացավ հայկական արտաքին ու ռազմական քաղաքականության անկայունության ու անկանխատեսելիության մասին: 2009-ին էլ Հայաստանը հրաժարվեց մասնակցել «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող զորավարժություններին՝ սկսվելուց մեկ օր առաջ տեղեկացնելով: Կա 2013-ը, երբ ԵՄ-ի հետ քառամյա բանակցություններից հետո Հայաստանը հրաժարվեց ԵՄ-ի հետ ասոցացման ստորագրության պատրաստ համաձայնագրից:
5. Տեղավորվու՞մ են մեր պատկերացումները իրականության շրջանակներում: Գուցե խաղը բոլորովին այլ բովանդակություն ունի, քան հրապարակային մակարդակում է: Գուցե Հայաստանը, այնուամենայնիվ, այնքան էլ զրոյական վիճակում չէ և ինչ-որ փոխհատուցում ստանալու է Ռուսաստանից՝ իր հեղինակությանը հասցված հարվածի դիմաց: Ի՞նչ փոխհատուցում և ե՞րբ: Չի՞ դառնա դա նոր բումերանգ:
6. Պեկինից վերադառնալուց հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հարկ կհամարի՞ պարզաբանում տալ, թե՞ ակնհայտ է, որ որոշումը ինքը չի կայացրել, ուստի բացատրությունն էլ իրենից չպետք է սպասել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում