Վոլգոգրադ քաղաքում արդեն 20 տարի իր ընտանիքով բնակվող Գեղամ Վարդանյանը հայրենի քաղաքի` Սևանի հետ չի խզել կապերը: Այստեղ իր ընկերներն են, բարեկամները, իսկ Սևանի Նաիրյան 4 շենքում` բնակարանը:
Հերթական այցի ժամանակ Գեղամը որոշեց` շենքում անհրաժեշտ է իրականացնել անհետաձգելի աշխատանքներ, իր շենքն էլ հոգածության կարիք ունի, ինչու չունենալ բարեկարգ մուտքեր: Որոշեց, և օրեր անց իր ընկերոջ, նույն շենքի բնակիչ Ռուդիկ Թոռչյանի միջոցով և «Գառաժ» համատիրության նախագահ Առնակ Սահակյանի աջակցությամբ իրականացրեց իր վաղեմի ցանկությունը:
Այս տարվա մայիսի վերջից մեկնարկեցին 1973թ. շահագործման հանձնված շենքի վերանորոգման աշխատանքները: Երեք ամիս անց շենքը ներկայանում է նորովի ու թարմացած:
Համատիրության նախագահ Առնակ Սահակյանն ու բնակիչներն էլ անթաքույց հպարտությամբ ներկայացնում են կատարված աշխատանքը: Վերանորոգվել են շենքի 4 մուտքերի 1-5-րդ հարկերը, տեղադրվել են մուտքերի երկաթե դռներ, ներկվել են պատուհաններն ու ճաղավանդակները, մուտքերում առկա բոլոր լարերը առանձնացվել են, մեկուսացվել, շենքի արտաքին մասում ևս իրականացվել են աշխատանքներ. վերանորոգվել են մուտքեր տանող աստիճանները, ճակատային մասում կատարվել են կոսմետիկ աշխատանքներ:
Շենքի հին ու նոր բնակիչների գոհունակությունն անսահման է: Իրենց ուժերով այսքան աշխատանք հնարավոր չէր իրականացնել, իսկ Գեղամ Վարդանյանը` իրենց հարևանն ու ընկերը, նվիրեց կոկիկ և աչք շոյող մուտքեր և ամենակարևորը` լավատեսություն:
Իհարկե, բարերար Վարդանյանն այլ ծրագրեր էլ ունի շենքի և հարակից տարածքի բարեկարգման վերաբերյալ, որը ժամանակի խնդիր է:
Գեղամ Վարդանյանը չի սիրում բարձրաձայնել իր կատարած գործի մասին, այն համարում է իր պարտքը, սակայն իրողությունն այն է, որ Սևանից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվելով, ապրում է իր նախկին հարևանների հոգս ու խնդիրներով` չմոռանալով մի լավ բան անել:
Այս ձեռնարկի շնորհիվ ոչ միայն միավորվեցին Գեղամի և բնակիչների ցանկությունները, այլ նաև յուրաքանչյուրն իր հնարավորության սահմաններում մասնակցեց իր շենքի և մուտքի հիմնանորոգման աշխատանքներին:
Ու այսօր էլ միմյանց լրացնելով` նրանք իրենց` երբևէ բացակա չդրած մանկության ընկերոջն ու հարևանին հայտնում են իրենց շնորհակալությունն ու երախտագիտությունը, որը միաժամանակ դարձավ համախմբման լավագույն միջոց, իսկ մյուս բնակիչներին հրավիրում` տեսնելու այն աշխատանքը, որի արդյունքում արդեն իսկ ունեն օրինակելի շենք:
Սա համայնքում իրականացված բարեգործական հերթական նախաձեռնությունն էր, և ևս մեկ ազդակ, որ մի լավ բան անելու համար պետք չէ սպասել հատուկ առիթների:
Օտար ափերում ապրող սևանցիները, անկախ ժամանակից և հեռավորությունից, մնում են այս քաղաքի բնակիչներ, իսկ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն էլ, գնահատելով բարեգործական յուրաքանչյուր մեծ ու փոքր ձեռնարկ, վստահեցնում է. «Կանգնելու ենք ցանկացած համայնքապահպան նախաձեռնության կողքին` համախմբելով և գաղափարները, և մարդկանց»:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ