Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Խզմալյան. Մենք խոսում ենք մշակույթը կապիտալիզացնելուց, բայց այսօր թատրոնի դեպքում դա չի կարող իրականացվել. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 08,2017 12:07

Օրեր առաջ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այցելել էր Երեւանի թատրոններ՝ մասնակցելու կիսամյակային հաշվետվությանը։ Ըստ ցուցանիշների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Երեւանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի ֆինանսական ցուցանիշներն անկում են արձանագրել. «Դուք հրաշալի թատրոն ունեք, հրաշալի կոլեկտիվ, բայց չեք կարողանում ճիշտ մատուցել ձեր աշխատանքի արդյունքը։ Պետք է քայլեր ձեռնարկեք»,- ասել էր Արմեն Ամիրյանը։ Իսկ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի կիսամյակային հաշվետվությանը ծանոթանալուց հետո նախարարը նշել էր. «Վատ չեք աշխատում, հրաշալի կոլեկտիվ ունեք, բայց պետք է վերանայեք մոտեցումները։ Պետք է ստեղծեք միջավայր, որում հանդիսատեսը նաեւ ընդմիջմանը հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենա»։ Իսկ արդյո՞ք նախարարի դիտարկումները տեղին էին եւ արդարացված. թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է թատերագետ Արա Խզմալյանի հետ։

– Պարոն Խզմալյան, նախարարի պահանջը, թե հանդիսատեսը նաեւ ընդմիջմանը հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն պետք է ունենա, այսօրվա պայմաններում կարեւորություն ունի՞։

– Չէի ասի, թե դա առաջնային խնդիր է, ես կարող եմ ավելի լուրջ խնդիրներ թվարկել։ Մեր թատրոններում, հատկապես Սունդուկյան թատրոնում, մանկական ներկայացումներից առաջ մուտքի մոտ շուկա է ձեւավորվում, վաճառվում են ձողիկներ, փուչիկներ, սուլիչներ եւ այլն։ Դրանցով երեխաները մտնում են ներկայացում դիտելու եւ հենց մուտքի մոտից ապականում են թատրոն այցելելու մշակույթը։ Իսկ այդ մշակույթը պետք է ձեւավորել վաղ տարիքից։ Այնպես որ, միայն ընդմիջումը խնդիր չէ։

– Իսկ ի՞նչ կասեք նախարարի այն դիտարկման շուրջ, որ թատրոնները չեն կարողանում ճիշտ մատուցել իրենց աշխատանքի արդյունքը։

– Մշակույթի նախարարության մտահոգությունը հասկանում եմ, մեր երկրի պետական բյուջեի միջոցները սուղ են եւ չեն կարող բավարարել մշակութային կառույցների պահանջներին։ Բայց ես շատ կցանկանայի, որ նախարարի կողքին հավաքված լինեին ոլորտից բան հասկացող մարդիկ, որոնք ճիշտ կկողմնորոշեին նրա ցանկությունը։ Մենք խոսում ենք մշակույթը կապիտալիզացնելուց, բայց այսօր թատրոնի դեպքում դա չի կարող իրականացվել, քանի որ շուկան փոքր է, իսկ ժողովուրդը թատերասեր չէ։ Սա խնդիրների խնդիրն է։

Ես ավելի շատ հակված եմ խոսելու թատրոնների տված գեղարվեստական արժեքի, հետո նոր մյուս խնդիրների մասին։ Մեկ ձեռքի մատների վրա կարող ենք թվել ներկայացումներ, որոնք կարող ենք «քուչից դուրս», աշխարհի տարբեր ծայրերում ցույց տալ։

Իհարկե, թատրոնը պետք է լինի տաքուկ ու հարմարավետ, որ մարդ տեղափոխվի ուրիշ աշխարհ, բայց եկեք՝ չմոռանանք կարեւոր խնդիրը։ Այսօր բոլորը խոսում են ամեն ինչից, բացի ամենակարեւորից՝ ինչ անենք, որ ունենանք լավ դերասաններ ու ռեժիսորներ, որ թատրոնն իր մեկուսի վիճակը հաղթահարի։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930