Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Սեֆիլյանի եւ մյուսների գործով» հերթական դատական նիստն է: Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին կրկին պառկել է դատարանի առաջ՝ դեմքը փակելով «Մարինե Թովմասյան, դուք իմ ներկայացուցիչը չեք դատարանում» գրությամբ պաստառով: Նա դժգոհ է Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան Մարինե Թովմասյանի գործողություններից:
Մեր դիտարկմաննն ի պատասխան, որ Մարինե Թովմասյանն ասել է, թե իր՝ որպես Ժիրայր Սեֆիլյանի պաշտպան ներգրավումը դատարանի որոշումն է, այդ պատճառով է նա գալիս նիստի, Գասպարին ուսերը թափ տվեց:
Նիստը սկսվելուն պես հետաձգվեց 40 րոպեով՝ պաշտպաններից մեկի ներկայությունն ապահովելու համար: Սեֆիլյանի պաշպանը՝ Տիգրան Հայրապետյանը, նիստերի դահլիճում էր՝ ապակե պատնեշից այս կողմ: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալի շահերով է առաջնորդվում եւ նիստին չի մասնակցի, մինչեւ Սեֆիլյանը դահլիճում չլինի: Իսկ Սեֆիլյանը որոշակի ժամանակահատվածով հեռացված է նիստերի դահլիճից՝ դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար:
Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու փորձի մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ