Թերեւս կանխազգալով, որ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարվա ամփոփման «կարմիր թելը» լինելու է ներդրումների թեման, նախարարությունը մի ընդարձակ մեկնաբանություն է շարադրել։
Բոլորն են հիշում, թե որն է եղել Կարեն Կարապետյանի ամենաարժանահիշատակ հայտարարությունը. այս տարվա ընթացքում մեր տնտեսության մեջ կլինեն 850 միլիոն դոլարի ներդրումներ, առաջիկա երկու-երեք տարվա ընթացքում ներդրումների ծավալը կլինի 3.2 միլիարդ դոլար, իսկ ընդհանրապես, կառավարության տեսադաշտում կան ավելի քան 5 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր։ «Դրանք ռեալ ծրագրեր են»,- հաճախ ասում է Կարեն Կարապետյանը։
Ու նախարարությունը երեկվա հաղորդագրությամբ անդրադարձել է «ներդրումներ» եզրույթի տնտեսագիտական սահմանմանը, միջազգային ֆինանսական կառույցների կողմից ընդունված ձեւակերպումներին, ինչ է օտարերկրյա ներդրումը, մասնավորի կողմից արված ներդրում, պետական ներդրում, որն է պորտֆելայինը, ինչ է ներդրումների հոսքը, որն է զուտ հոսքը եւ այլն, եւ այլն, եւ այլն։ «Խոսքը վերաբերում է 830-850 մլն դոլարի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ներդրումների մասին, որոնք իրականացվելու են 2017թ.։ Դրանց մեջ ներառված են տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝ վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն -մասնավոր համագործակցության ներդրումային ծրագրերը, ինչպես նաեւ մասնավոր այն ներդրումային ծրագրերը, որոնք պետության կողմից ստացել են հարկային, մաքսային կամ այլ արտոնություններ։ Ընդ որում նշենք, որ առաջին կիսամյակի ընթացքում հայտարարված ներդրումների շուրջ 40 տոկոսը արդեն իսկ իրականացվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։ Սի խոսքով, 850 միլիոն դոլարի օտարերկրյա ներդրումներ Հայաստանում չեն լինելու այս տարի։
Մեղավո՞ր է արդյոք Կարեն Կարապետյանը Հայաստանի տնտեսության մեջ իրականացվող ներդրումների նվազման հարցում։ Ե՛վ այո, ե՛ւ ոչ։ Երբ նա ստանձնեց վարչապետի պաշտոնը, մեր տնտեսությունը արդեն տառապում էր ներդրումների ծարավից։ Շատերը դա բացատրում էին 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողություններով, որից մի քանի ամիս հետո էլ տեղի
ունեցավ ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռեր» խմբի կողմից։ Դա, իհարկե, ազդեցություն ունեցավ, որ ներդրումները նվազեին։ Բայց հենց նույն պաշտոնական վիճակագրությունը արձանագրել էր, որ ներդրումների ծավալները հետեւողականորեն ու համառորեն նվազում էին դեռ մինչեւ ապրիլյան դեպքերն ու ՊՊԾ-ի գրավումը։ Ու դրա պատճառները շատ ավելի խորն են, քան կարելի էր պատկերացնել։
Ներդրումների նվազման հիմնական պատճառները ունեն քաղաքական շարժառիթներ, որոնք արտացոլվում են տնտեսության վրա։ Եթե տնտեսության հիմնական մասը վերահսկվում է մոնոպոլիաների ու օլիգոպոլիաների կողմից, ապա այդպիսի տնտեսությունը գրավիչ չէ ներդրողի համար, քանի որ մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները ստեղծել են իշխանությունները ու հովանավորվում են իշխանության կողմից։ Եթե երկրում կոռուպցիան կրում է կառուցվածքային բնույթ, ապա ներդրողի համար տվյալ երկիրը գրավիչ չէ: Եթե երկրում պետական բարձրաստիճան չինովնիկները մինչեւ կոկորդները խրված են բիզնեսի մեջ, այսինքն` քաղաքականությունն ու բիզնեսը սերտաճած են, ապա պոտենցիալ ներդրողներին դա, մեղմ ասած, վանում է։ Եթե երկրում ներդրողը չի կարող հույս դնել իրավապահների ու դատական համակարգի վրա այն ժամանակ, երբ ունի ապօրինի ոտնձգություններից պաշտպանվելու խնդիր, ապա տվյալ երկիրը գրավիչ չէ ներդրողների համար։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում