Լրահոս
Օրվա լրահոսը

Այսպիսի ընդդիմության մասին միայն կարելի է երազել. «Հայոց Աշխարհ»

Սեպտեմբեր 08,2017 11:37

Ամառն անցավ, բայց հայրենի ընդդիմությունը կարծես չի պատրաստվում վերադառնալ «քաղաքական արձակուրդից»։
Ընդդիմության քաղաքական ակտիվության աստիճանից դատելով՝ այս աշունը խոստանում է դառնալ ամենահանդարտ, ամենաանամպ, անփոթորիկ աշունը՝ մեր իմացած բոլոր քաղաքական աշուններից։ Տպավորությունն այնպիսին է, թե ընդդիմադիր դաշտի հիմնական դերակատարները հարմարվել են իշխանության սահմանած խաղի կանոններին եւ հարմարավետ տեղավորվել իրենց վերապահված «նիշայում»։

Ինստիտուցիոնալ ընդդիմության դերին հավակնող «Ելքը» ո՛չ ցանկություն ունի, ո՛չ էլ փորձում է «անհանգստացնել» քաղաքական մեծամասնությանը իշխանության համար իրական վտանգ ներկայացնող ինչ-որ նախաձեռնություններով, կոշտ հարցադրումներով եւ հայտարարություններով։
ԵԱՏՄ-ից դուրս գալու ի սկզբանե անհեռանկար «գործողությունը», որ դաշինքի լիդերներից մեկի անձնական կարծիքից այն կողմ չանցավ, եւ փողոցների անվանափոխության՝ ոչ այնքան իշխանություններին, որքան մեր սովետական անցյալին ընդդիմադիր նախաձեռնությունը հաշիվ չեն. նման «թիթիզ բաներով» ոչ միայն թեժ աշուն՝ թեժ աշնան իմիտացիա էլ չես ստեղծի, ուր մնաց՝ լուրջ գլխացավանք պատճառես իշխանություններին։
Նիկոլ Փաշինյանի ձայնը դուրս չի գալիս՝ այն ճակատագրական պահից ի վեր, երբ գործընկեր կուսակցության՝ «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարեց եվրասիական ինտեգրացիոն տարածքին մնաս բարով ասելու անհրաժեշտության մասին, եւ մամուլը հեղեղվեց դաշինքի ներսում գոյություն ունեցող անհաղթահարելի հակասությունների մասին լուրերով ու մեկնաբանություններով։

Ասելիք չունենալո՞ւ, կրակի վրա յուղ չլցնելու՝ այդ խոսակցություններին տոն չտալո՞ւ, թե՞ մեզ անհայտ այլեւայլ պատճառներով Փաշինյանը, որ ժամանակին դեմ էր քվեարկել ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ ներկայացրած՝ Խաչատուր Քոքոբելյանի որոշման նախագծին, «անցավ ջրի հատակը» եւ մինչեւ հիմա ջրի երես դուրս չի գալիս։ Մարուքյանի եւ «Հանրապետություն» կուսակցության լիդեր Արամ Սարգսյանի հիմնական թիրախն էլ իշխանությունը չէ, այլ՝ Ռուսաստանը եւ նրա շուրջ ձեւավորված տնտեսական միությունը։

Ազգային ժողովի երկրորդ խոշոր խմբակցությունը՝ «Ծառուկյան» դաշինքը, հատկապես խորհրդարանական ընտրություններից հետո չի ընկալվում որպես ընդդիմություն. ըստ էության, «բացակա» է՝ չկա քաղաքական դաշտում եւ զրոյական ազդեցություն ունի քաղաքական գործընթացների վրա։

Դաշինքի կորիզը կազմող «Բարգավաճ Հայաստանի» կարկառուն դեմքերը՝ Նաիրա Զոհրաբյանը եւ ԱԺ փոխնախագահի պաշտոնն ստանձնած Միքայել Մելքումյանը, «լռության ուխտ» են արել՝ համառորեն չեն ուզում երեւալ մամուլում, հարցազրույցներ չեն տալիս, չեն շփվում լրատվամիջոցների հետ՝ կանաչ լույս վառելով դաշինքում գոյություն ունեցող «գաղափարական» տարաձայնությունների եւ միջանձնային անառողջ հարաբերությունների մասին լուրերի ու բամբասանքների առաջ։

Օրինակ, ասում են, որ «Բարգավաճ Հայաստանի» վարչության նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը նեղված է, որ խմբակցության քարտուղարի պաշտոնը ոչ թե իրեն, այլ Վահե էնֆիաջյանին է բաժին հասել, եւ լրատվամիջոցների հարցերին ի պատասխան՝ ասում է. ում խմբակցության քարտուղար են նշանակել, նա էլ թող խոսի՝ ներկայացնի խմբակցության տեսակետներն այս կամ այն խնդրի վերաբերյալ։

Ստեղծված ինֆորմացիոն վակուումը լրացվում է դաշինքում գլուխ բարձրացնող կենտրոնախույս տրամադրությունների վերաբերյալ տարաբեւեռ մեկնաբանություններով, սկսած նրանից, որ խմբակցությունն «անկառավարելի» է դարձել՝ Ծառուկյանն այլեւս անվերապահ հեղինակություն չէ իր իսկ ստեղծած քաղաքական (կամ քաղաքականամերձ) կառույցում, յուրաքանչյուրն իր խաղն է առաջ տանում, վերջացրած նրանով, որ «ծառուկյանցիները» դարձել են իշխանության կցորդը եւ անհամբերությամբ սպասում են, թե երբ իրենց կընդունեն իշխանական կոալիցիայի մեջ։

Մի բան, որ սկզբունքորեն բացառվում է՝ սահմանադրության համաձայն, քաղաքական մեծամասնությունը խորհրդարանում չի կարող գերազանցել պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդի նշաձողը։ Իսկ «Ծառուկյան» դաշինքի կոալիցիա մտնելու դեպքում ընդդիմությունը, ի դեմս «Ելքի» 9 պատգամավորների, կկազմի խորհրդարանի հազիվ 10 տոկոսը։ Այնպես որ, «Ծառուկյան» դաշինքը ստիպված կլինի բավարարվել իր ներկայիս՝ «ձեւով ընդդիմություն, բովանդակությամբ՝ իշխանության ոչ ֆորմալ հենարան» կարգավիճակով։

Թեժ աշնանային սրացումների երազանքով ապրող շրջանակների միակ հույսը «արտախորհրդարանական ընդդիմությունն է», որի անունը կա՝ ամանում չկա։ ՕՐՕ դաշինքի մասին վաղուց արդեն խոսվում է անցյալ ժամանակով՝ «Համախմբում» կուսակցությունը վաղուց դուրս է դրել իրեն քաղաքական գործընթացներից, «Ժառանգությունը» ընդդիմադիր ուժերին համախմբելու հերթական անհաջող փորձից հետո թեւաթափ է եղել եւ, ի դեմս Արմեն Մարտիրոսյանի, հայտարարում է, որ իրենք նման մտադրություն չեն էլ ունեցել՝ Րաֆֆի Հովհաննիսյանի ասածը պարզապես ճիշտ չի հասկացվել։

Դե, իսկ դաշինքի առաջին ջութակ Սեյրան Օհանյանը, ինչպես սրընթաց փորձեց մխրճվել քաղաքականություն, այնպես անսպասելի մի կողմ քաշվեց եւ զբաղված է ավելի կարեւոր գործով՝ հոգում է իր առողջական խնդիրները։

Լիլիթ Պողոսյան

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Ծառուկյան դաշինքի մասով գրվածը ամբողջությամբ սուտ է: Ծառուկյան դաշինքում ամեն ինչ նորմալ է, դուք ձեր դարդերով տապակվեք: Երկրորդ, հատուկ ուշ հասկացողներիմ համար մեկ անգամ ևս կրկնում եմ, որ Ծառուկյան դաշինքը ցվանկություն չունի կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ, ինչի մասին բազմիցս հայտարարվել է: Բավական է ձեզանից ինչ-որ անմիտ բաներ հորինեք ու գրեք:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930