Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Խաչատրյան. «Մեծ էգոիզմ է մնալ «Ոսկե ծիրանում» եւ հաճույք ստանալ փառատոնը բացել-փակելով». «Հրապարակ»

Սեպտեմբեր 08,2017 11:26

Հարցազրույց ռեժիսոր Հարություն Խաչատրյանի հետ

– Պարոն Խաչատրյան, երեկ «Ոսկե  ծիրան»  կինոփառատոնի գրասենյակից տեղեկացրին, որ սեփական դիմումի համաձայն ազատվել եք կինոփառատոնի տնօրենի պաշտոնից։ Դա որքանո՞վ է առնչվում այն խոսակցություններին, որ պատրաստվում եք հոկտեմբերի 7-ին առաջադրվել Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնում։

– «Ոսկե ծիրանն» ստեղծվեց նրա համար, որովհետեւ Հայաստանի կինեմատոգրաֆը վտանգի տակ էր, ֆիլմեր չէին նկարահանվում, չէին ցուցադրվում, «Հայֆիլմը» քանդվել էր, վաճառվել էին  բոլոր  կինոթատրոնները, մինչդեռ ամենակարեւոր գործիքներից մեկը՝ աշխարհի հետ երկխոսելու համար, կինոն է։ Պետք էր ստեղծել մի միջավայր, որ նորից վերականգնվեր կինոմթնոլորտը, ցանկություն առաջանար կինո նկարելու, աշխարհից գային մարդիկ՝ ծանոթանալու Հայաստանի հետ, բերեին իրենց ֆիլմերը, վարպետության դասեր անեին, որն արվեց եւ վատ չարվեց։

14 տարի մենք զբաղվեցինք այդ ամենով, բայց հայկական կինոն էլի դուրս էր մնացել աշխարհի քարտեզից, որովհետեւ հայկական կինոյի տեսակը չստեղծվեց։ Հայկական կինոն իմպուլսիվ հաջողություններ ունեցավ, մի քանի ֆիլմեր գնացին փառատոների, մի քանի ֆիլմեր փորձեցին ցուցադրել, նաեւ եղան սուտ ինֆորմացիաներ Կաննի փառատոնի մասնակցության մասին, որը շուկայի հետ ոչ մի կապ չունի, մարդիկ իրենց երազանքներն ուզեցին որպես իրականություն ներկայացնել, բայց այդ իրականությունը, մեծ իմաստով, չունեցանք, եւ ընդհանուր կինոմթնոլորտ չստեղծվեց, չստեղծվեցին այն ֆիլմերը, որ կխոսեին աշխարհի լեզվով՝ աշխարհի հետ։

Եվ այսօր զբաղվել միայն «Ոսկե ծիրանով», շատ մեծ շռայլություն է ինձ համար, որովհետեւ կինոյի նվիրյալ եմ, իմ ամբողջ մտածողությունը կինեմատոգրաֆիկ է, եւ կուզեմ ավելի մեծ գործ անել կինոյի համար, որն իր շուրջ կհավաքեր բոլոր լավագույն փառատոները, կինոդպրոցները, կինոարտադրությունները եւ կօգներ երիտասարդներին, ովքեր վաղուց անտերության են մատնվել։

Եվ քանի որ Կինեմատոգրաֆիստների միությունն իրավունք է տալիս եւ հնարավորություն՝ զբաղվել այդ ամենով, որոշեցի առաջադրվել։ Թեկուզ ժամանակին բավականին գործ արվել է նաեւ սոցիալական հարցերի լուծման առումով, բայց նոր փուլ է եկել, իսկ որպեսզի հայկական կինոն ունենա տեսակ, որակ, ճանաչում, ընդունվի կինոյի մասին օրենք, պաշտպանվեն կինեմատոգրաֆիստների իրավունքները, դրա համար շատերի խնդրանքով՝ կինոինստիտուտի դասախոսներ, դոկումենտալ ստուդիայի, «Հայֆիլմի» աշխատակիցներ, մարդիկ, ովքեր թոշակի են գնացել, եկան ինձ մոտ առաջարկությամբ, որ իմ թեկնածությունը դնեմ։

Սկզբում դա իմ մտքով չէր անցնում, հետո հասկացա, որ մեծ էգոիզմ է մնալ «Ոսկե ծիրանում» եւ հաճույք ստանալ փառատոնը բացել-փակելով։ Հիմա եթե մարդիկ կամենան ու ցանկանան, որ իմ հնարավորությունները ներդնեմ հայկական կինոյի մեջ՝ կաշխատեմ, բայց պետք է ասեմ, որ ծանր աշխատանք է սպասվելու։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930