Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՆ-ի գեներալը Բյուրականի հրդեհը չկանխելու համար մեղադրում է «Հայանտառին». «խոտը ժամանակին չեն հնձել»

Սեպտեմբեր 08,2017 11:03

«Հայանտառն» էլ արձագանքում է՝ «Գեներալը տեղում չի եղել, չգիտի»

Երեկ արտակարգ իրավիճակների նախարարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը մի փոքր նեղսրտած էր, որ վերջին շրջանում անտառային հրդեհների մարման աշխատանքներն ով ասես, որտեղ ասես՝ քննադատում է: Գեներալ-մայորը երեկ «մարտական» էր տրամադրված՝ հասունացել էր պահը, որպեսզի նա հանրությանը պարզաբանի, թե հրդեհավտանգ դեպքերում որ գերատեսչությունն ինչ պարտականություն ունի հրդեհների կանխարգելման աշխատանքներում:

Երեկ Գաբրիելյանն ասաց, որ Բյուրականի անտառներում այրվում են հիմնականում խոտածածկ տարածքները: Գաբրիելյանը վստահեցրեց՝ եթե Բյուրականի անտառի խոտածածկ տարածքներում խոտհունձ արված լիներ, ապա հրդեհը մեծ ծավալների չէր հասնի: «Առավոտի» հարցին՝ անտառներում խոտածածկ տարածքների հունձքը ո՞ր գերատեսչությունը պետք է անի, եթե այդ տարածքները գյուղացիների տնօրինման տակ չեն, Գաբրիելյանը պատասխանեց՝ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը:

«Հրդեհային անվտանգության մասին» օրենքում հստակ գրված է, թե որ հարցի համար ով է պատասխանատու: Օրինակ՝ անտառային հողերի պահպանման հրդեհային անվտանգության աշխատանքների տեսանկյունից աշխատանքները համակարգում է գյուղատնտեսության նախարարությունը: Այսինքն՝ կանխարգելիչ ու պրոֆիլակտիկ աշխատանքները՝ բարձր հրդեհավտանգ շրջանում պետք է իրականացնել համապատասխան գործողություններ, նման անտառներում՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը»,- ասաց Գաբրիելյանը: Նա նաեւ վստահեցրեց՝ «Հայանտառը» պետք է խոտը հնձի, համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ իրականացնի. «Սահմանազատող հողաշերտը որ կա՝ պատրաստի, որ հրդեհ ծագելու դեպքում չծավալվի: Հակահրդեհային նման աշխատանքներ որ ժամանակին իրականացվեն, հրդեհներն այս ծավալի չեն հասնի: Շատ դեպքերում շփոթում են մեր գործառույթները մյուս կառույցների գործառույթների հետ, պետք է իրերն իրենց անուններով տալ»:

ԱԻՆ գեներալ-մայորն, ըստ էության, մեղադրեց «Հայանտառին», որ իրենց ենթակայության տակ գտնվող անտառներում ժամանակին խոտհունձ չեն անում, ինչի արդյունքում հրդեհավտանգ իրավիճակն ավելի է սրվում, հրդեհն էլ մեծ ծավալների է հասնում:

Իսկ ահա «Հայանտառի» տնօրենի տեղակալ Ռուբեն Կարապետյանը, արձագանքելով մեղադրանքներին, մեզ հետ զրույցում ասաց. «Ես չգիտեմ՝ ով է ԱԻՆ-ի այդ պաշտոնյան, բայց ես հասկացա, որ հայտարարողը չի եղել այդտեղ, չի տեսել, որ այդտեղ հնձված տարածքներ կան: ԱԻՆ-ի այլ աշխատակիցներ կարող են վստահեցնել, որ հնձել ենք»: Պարոն Կարապետյանն ասաց, որ մոտ 2 ամիս առաջ Բյուրականի անտառներում, որտեղ հնարավոր էր, մոտ 20 հեկտար տարածքում խոտհունձք են արել. «Այդքան հնձված տարածքներ ունենք այնտեղ, որտեղ բնությունը թույլ է տալիս, քարեր չկան: Մնացած տեղերն էլ հնձել հնարավոր չէր՝ թեք լանջեր են, ժայռեր ու քարքարոտ տեղեր են, այստեղով է անցել հրդեհը: Մի քանի չհնձված հատված մնացած կարող է լինի, բայց դա որպես հրդեհի տարածման պատճառ չենք կարող ընդունել»:

Կարապետյանը վստահեցրեց՝ խոտհունձ արված տարածքները չեն կարող կանխարգելել հրդեհի տարածումը, հրդեհը բռնկվել է անտառից դուրս, հետո թափանցել է անտառի տարածք. «Չորացած շատ խաշամ կա, տարիներով կուտակված տերեւներ, չորացած ճյուղեր, չենք կարող անտառն ամբողջովին մաքրել, որ չբռնկվի, այդ չորացած տերեւներն ու ճյուղերն այրվում են հրդեհի դեպքում: Բայց հրդեհը անտառ է թափանցել գյուղատնտեսական տարածքներից»:

Ինչ վերաբերում է ժամանակին կանխարգելիչ գործողություններ իրականացնելու պարտականությանը, ապա Ռուբեն Կարապետյանն ասաց. «Դրանցից մեկն էլ խոտհարքն է, բայց այսօր մենք ոչ մեկս չգիտենք՝ որտեղ հրդեհ կբռնկվի, որպեսզի այդ տարածքը ամբողջությամբ խոտազուրկ տարածք անենք, սա գործնականորեն հնարավոր չէ»:

Թե Բյուրականի անտառում քանի ծառ է այրվել, եւ ինչ վնասներ կարող են լինել, Կարապետյանն ասաց, որ այդտեղ աճում են բնաշիվային կաղնիներ՝ իրենց ուղեկցող թխկի, հացենի եւ այլ տերեւավորներ. «Այրվել են որոշակի ծառեր, բայց անտառին մեծ վնաս այս պահին չկա: Վնասի իրական չափը կարող ենք ճշտել միայն գարնանը՝ վեգետացիոն շրջանը սկսելուց հետո: Միայն այդ դեպքում կարող ենք ասել, օրինակ՝ 100 հատ ծառ է չորացել կամ այրվել հրդեհի պատճառով»:

Պարոն Կարապետյանն էլ կարծես նեղսրտել էր, որ «Հայանտառի» աշխատակիցների աշխատանքը թերագնահատվում է: Կարապետյանն էլ փորձեց «Հայանտառի» պատիվը բարձր պահել՝ ասելով. «Մեր տղաները ամենամաքսիմալ ձեւով իրենց պարտականություններն արել են այդ արտակարգ իրավիճակում: Մենք ոչ մեկին մեղադրելու չունենք, պետք է բոլորս սա որպես դաս ընդունենք՝ տարբեր աշխատանքների ճիշտ կազմակերպման համար: Ցանկալի չի, որ մեկը մյուսին մեղադրում է, դա ճիշտ չէ»:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

08.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930