Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղղիչ աշխատանքային գաղութ ուղարկելու փոխարեն նախագահական են հրավիրում, պարգեւատրում, հետն էլ լուսանկարվում. «Հրապարակ»

Սեպտեմբեր 08,2017 11:00

Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ մոտ 30 րոպե ճգնում էր արդարացնել մի երեւույթ, որը նորմալ երկրներում, նորմալ մարդիկ երբեւէ չեն արդարացնում։ Խոսքը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի որդուն՝ դպրոցական Ռազմիկ Դանիելյանին ՀՀ նախագահի նստավայրում նախագահի կողմից ոսկե մեդալով պարգեւատրելու մասին է:

Մի կողմ թողնենք, թե նրա հայրն ինչ ճանապարհով, ինչ մեթոդներով է քաղաքապետ դարձել մի քանի անգամ, ինչպես է քաղաքը ղեկավարում եւ այլն։ Խնդիրն այն է, որ նրա անչափահաս որդին այս տարվա հունիսի 8-ին հոր ծառայողական Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել Հրազդան քաղաքի 5Ց–ամյա մի բնակչի, որը մահացել էր։ Նա ստորագրությամբ ազատ է արձակվել, հայրը հրաժարական չի տվել։

Եվ չնայած Հանրապետականից ամիսներ առաջ ասում էին, թե այդ հարցը դառնալու է ՀՀԿ ղեկավար մարմնի քննության առարկան, բայց քննարկելու, հետեւություններ անելու, պատժելու փոխարեն, փաստորեն, պարգեւատրեցին։ Այս մասին հրապարակումից հետո մեծ աղմուկ բարձրացավ, բայց կրկին ոչ մի մեկնաբանություն եւ արդարացում չհնչեց։ Ավելին՝ դպրոցի տնօրենը մի խայտառակ հարցազրույց տվեց՝ գովերգելով քաղաքապետի որդուն։

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը երեկ բառի բուն իմաստով կրակն էր ընկել այս թեմայի ձեռքը, խնդրում էր առաջադիմությունը երեխայի կատարած արարքից տարանջատել՝ մեկը մյուսի հետ կապ չունի։ «Ես հետաքրքրվել եմ, իսկապես լավ սովորող երիտասարդ է։ Նա այդ մեդալին արժանացել է 12 տարվա առաջադիմության, գիտելիքի համար։ Հիմա, եթե եղել է դժբախտ դեպքը, ի՞նչ հիմքով իր ուսման, գիտելիքի համար նախատեսված պարգեւն իրեն պիտի չտրվեր։ Եկեք պայմանավորվենք՝ որեւէ պաշտոնյայի երեխա իրավունք չունի՞ մեդալ ստանալու»,- կրկնում էր նախարարը՝ արդարացումներ որոնելով։

Նա համառորեն շրջանցում էր խնդրի բարոյական կողմը։ Փորձում էր անգամ իր օրինակով համոզել, որ պաշտոնյաների զավակներն էլ կարող են լավ սովորել եւ պարգեւների արժանանալ։ Օրինակ՝ իր հայրը համալսարանի ղեկավար կազմում է եղել, ինքն էլ՝ նույն համալսարանում լենինյան թոշակառու։ Բայց հարցը պաշտոնյայի զավակ լինելը չէ, այլ այն, որ ուղղիչ աշխատանքային գաղութ ուղարկելու փոխարեն նախագահական են հրավիրում, պարգեւատրում, հետն էլ լուսանկարվում ու տեղադրում նախագահականի կայքում։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930