Լրահոս
Օրվա լրահոսը

Հապճեպ դատողությունների ճիրաններում

Սեպտեմբեր 08,2017 10:16

Զարմանում եմ, թե մարդիկ որեւէ արտառոց կամ ոչ այնքան արտառոց դեպքի մասին լսելիս որքան են շտապում հայտնել իրենց հեղինակավոր կարծիքը, իրենց ձեռքի տակ եղած կարծրատիպերով սկսում են դատել մարդկանց` հերոսացնել նրանց կամ ցեխը մտցնել: Հապճեպ դատողությունների «մարտավարական» թերությունն այն է, որ դրանք փոփոխական են` 180 աստիճանով:

Հիշո՞ւմ եք, Դավիթաշենի լողավազանի դիմաց ծառեր էին կտրվել: Նկարը դրվեց, աղմուկ բարձրացավ, կտրողը ձերբակալվեց, բայց աղմուկն այնքան շատ էր, որ մարդիկ ոգեւորված կոչ էին անում` ի՞նչ ձերբակալել` գնդակահարել, վառել, քառատել ծառ կտրողին: Հետո ծառերը շիվեր տվեցին, պարզվեց, որ դրանք խորը էտվել էին, եւ նույն «հուզական մարդիկ» նույն հուզականությամբ բացականչում էին` «այդ խեղճ մարդուն՝ երեք անչափահաս երեխաների հորը, ինչո՞ւ են ձերբակալել»: Էմոցիաներն այսպիսով խանգարում են` չնայած դրականորեն են ընկալվում հանրության մի մասի կողմից` մանավանդ, երբ զուգորդվում են «պետության կործանման» մասին լացուկոծով:

Երբ երիտասարդը դանակը դրել էլ աղջկա վզին եւ պատանդներ էր պահանջում, առաջին արձագանքներն էին` թմրամոլ, հրեշ, սերիական մարդասպան (առավել ցնցող էր ԱՄՆ-ում 5 մեքսիկացի սպանելու անհեթեթ «լուրը»): Մեկ շաբաթ հետո պարզվեց, որ նրա վարքը բացատրելի էր, գործողությունները` ընդունելի, ոմանց կարծիքով՝ նույնիսկ գեղեցիկ, որ նա հերոս է, արդարության մարտիկ: Երկու ծայրահեղություններն էլ անընդունելի են, բայց քանի որ երիտասարդը սպանվել է (եւ դրա իրավաչափությունն, ի դեպ, հարցեր է առաջացնում), ես կնախընտրեի ոչ թե դասական «ոսկե միջինը», այլ մի փոքր շեղումը դեպի «դրականը»` այդ անձնավորության հանդեպ:

Երկու օր առաջ Ավանում տեղի ունեցավ սարսափելի մի վթար, որը ներկայացվել էր բոլոր սահմռկեցուցիչ մանրամասներով: Եվ դարձյալ առաջին արձագանքը հապճեպ էր եւ հուզական՝ «խստորեն պատժել «Համմերի» վարորդին», «ա՛խ, այդ հարուստները», «իհարկե, նա անպատիժ կմնա», եւ այդպես շարունակ: Հետո պարզվեց, որ «Համմերի» վարորդն այնքան էլ մեղավոր չէ, գուցե թերեւս պետք է ավելի դանդաղ քշեր, եւ ձերբակալվեց մեկ այլ մեքենայի վարորդ, որի մասին դարձյալ չեմ ցանկանա գրել մեղադրական ոճով: Նախ՝ գոյություն ունի անմեղության կանխավարկած, երկրորդ, որն ավելի կարեւոր է, ոչ մեկս ոչ մեկի դատավորը չենք:

Երբ մենք տեսնում ենք, որ երեխան որեւէ սխալ կամ վտանգավոր բան է անում, մենք բռնում ենք նրա ձեռքը, սահմանափակում ենք նրա գործելու ազատությունը եւ ոչ թե ատելություն ենք սերմանում նրա նկատմամբ: Թիրախը պետք է լինի գործողությունը, ոչ թե անձը: Սովորաբար մարդկանց արձագանքը հակառակն է լինում՝ ցավ պատճառել մարդուն, որեւէ մեղադրական ու վիրավորական, «սպանիչ» արտահայտություն անել նրա հասցեին: Այդպիսով արատը, զանցանքը եւ, ի վերջո, հանցագործությունը արմատախիլ չեն արվում: Մարդուն, այո, կարելի է վերացնել, բայց ի՞նչ օգուտ դրանից:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Թիրախը պետք է լինի տգիտությունը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930