Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուրականի անտառներում էլ արժեքավոր գիհիներ կան

Սեպտեմբեր 08,2017 15:00

Արագածի լանջի անտառներն էլ դեղաբույսերով ու կաղնիներով են հարուստ

Խոսրովի, Արտավանի, արդեն քանի օր է նաեւ` Բյուրականի անտառներում բռնկված հրդեհի հետեւանքով մեր երկրի բազմազանությունը մեծ վնասներ կրեց եւ շարունակում է կրել: Երեկվա դրությամբ Բյուրականի անտառներում դեռեւս հրդեհի օջախներ կային, որոնք մերթընդմերթ բռնկվում էին հատկապես քամի բարձրանալու ժամանակ, ու կրակը կրկին տարածվում էր: Հրդեհը մարող ԱԻՆ աշխատակիցները, հարակից բնակավայրերի բնակիչները գիշեր-ցերեկ հերթապահում էին, որպեսզի անհրաժեշտության դեպքում կրկին լծվեն կրակը մարելու գործին: Բյուրականի անտառներում հրդեհը բռնկվել էր Ուշի գյուղի հատվածից, եւ Կարբի գյուղի հետնամասից երեկ կրակն արդեն հասել էր Արտաշավան գյուղի համայնքի սահմաններին: Այս տեղանքը հանրությանն առավել հայտնի է Տառերի պուրակ անվանումով:

Ըստ բնապահպանների` Արագածի լանջերին տեղակայված Բյուրականի անտառները ոչ պակաս հարուստ են կենսաբազմազանությամբ: Եթե Խոսրովի անտառում կրակի բաժին դարձան արժեքավոր գիհի ծառատեսակները, որոնց վերականգնումը, մասնագետների գնահատմամբ, գրեթե անհնար է, ապա Հայաստանում աճող 3500 բուսատեսակների գրեթե կեսը, ինչպես փաստում են բուսաբանները, աճում են Արագածի լանջերին, որոնց թվում են հարյուրավոր արժեքավոր դեղաբույսեր:

Երեկ «Առավոտի» հետ զրույցում «Էկո» մեդիա լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանն ասաց, որ ճիշտ է, Բյուրականի անտառները Խոսրովի անտառի համեմատությամբ նոսր են, սակայն այս անտառներն էլ ոչ պակաս հարստություն են պարունակում: Բյուրականի անտառները 1500 մետր բարձրության վրա են, տնկովի չեն:


Բացի դեղաբույսերից ու այստեղ աճող բազմամյա այլ բույսերից` Բյուրականի անտառները, ըստ Նարինե Կիրակոսյանի, ունեն լայնատերեւ ծառեր: Մասնավորապես` այս անտառներում աճում է արեւելյան կաղնին:

Նարինե Կիրակոսյանը, վկայակոչելով բուսաբանների տվյալները, ասաց, որ Բյուրականի անտառներում աճող արեւելյան կաղնին կաղնի ծառատեսակներից ամենաբարձրահասակն է: Ըստ նրա՝ այս անտառներում էլ կան փռվող գիհիներ, որոնք գրանցված են Կարմիր գրքում: Անտառի հարստությունից են նաեւ վայրի տանձենիները:

«Բուսաբաններն ասում են, որ բազմամյա խոտաբույսերը, դեղաբույսերը, խոտերը կվերականգնվեն, բայց ծառերի մի մասը միայն կվերականգնվի, օրինակ` լայնատերեւ ծառերը հնարավոր է, որ վերականգնվեն, բայց, օրինակ, փռվող գիհիները մինչեւ արմատ վառվում են եւ, հնարավոր է, չվերականգնվեն»:

Ըստ «Էկո» մեդիա լրագրողական ցանցի համահիմնադրի՝ Արագածի լանջի բուսականությունը շատ լավ չի ուսումնասիրվել, այդ պատճառով բուսաբանները չեն կարող հստակ նշել, թե այդ հատվածներում քանի տեսակի բույս կա, հետեւաբար վնասի չափերն էլ հստակ չեն արտացոլվի: Փոխարենը, ըստ նրա, լավ ուսումնասիրվել է դիմացի` Արայի լեռան բուսականությունը:

Նախնական տվյալներով՝ Նարիներ Կիրակոսյանը, վկայակոչելով Բնության համաշխարհային հիմնադրամից ստացած արբանյակային տվյալները, ասաց, որ Բյուրականի անտառներում այրվել է մոտավոր 250 հեկտար տարածք, եւ քանի որ հրդեհը դեռ վերջնականապես մարված չէ, այդ թիվը, տիկին Կիրակոսյանի խոսքով, ավելանում է:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

07.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930