Լրահոս
Օրվա լրահոսը

Շաքարավազի շուկայում 13.4% գնաճ է գրանցվել

Սեպտեմբեր 08,2017 14:30
shaqar

Այս տարվա օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ շաքարի ու շաքարավազի գներն աճել են

Այս տարվա 8 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 0.6%: Այսինքն՝ նշված ժամանակահատվածում 0.6% գնաճ է գրանցվել:

Սեպտեմբերի 6-ին Ազգային վիճակագրական ծառայությունը՝ ԱՎԾ-ն, հրապարակել է սպառողական գների 2017 թվականի հունվար-օգոստոսի ցուցանիշները:

Ըստ այդմ՝ սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների շուկայում այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3.9% գնաճ է գրանցվել: Իսկ ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների շուկայում նշված ժամանակահատվածի համեմատությամբ գրանցվել է 2.8% գնաճ: 2017 թվականի հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տրանսպորտի ոլորտում գրանցվել է 0.9% գնաճ, կրթության ոլորտում՝ 2.2% գնաճ, հանգստի եւ մշակույթի ոլորտում՝ 3.1% գնաճ, ռեստորանային եւ հյուրանոցային ծառայություններում՝ 0.8% գնաճ:

Այս տարվա 8 ամիսներին նախորդ տարվա հունվար-օգոստոսի համեմատ նաեւ գնանկում է գրանցվել: Օրինակ՝ հագուստի եւ կոշիկի գների անկումը կազմել է 3%, առողջապահության ոլորտում գնանկումը կազմել է 0.3%, բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ եւ վառելիքի այլ տեսակների գնանկումը՝ 4.9%, տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա եւ բնակարանների խնամքի ամենօրյա գործունեություն՝ 5.8% գնանկում:

Եթե համեմատենք այս տարվա օգոստոսը հուլիսի հետ, ապա կրկին գնանկում է գրանցվել: Ըստ ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշների՝ 2017 թվականի օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 0.4% գնանկում, ինչն, ըստ ԱՎԾ-ի, պայմանավորվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 1.5% գնանկումով: Սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի (ներառյալ ալկոհոլային խմիչք եւ ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.4%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում եւ ծառայությունների ոլորտում գրանցվել է գների եւ սակագների՝ համապատասխանաբար 0.2% եւ 0.6% գնաճ:

ԱՎԾ-ի հրապարակած ցուցանիշներով՝ այս տարվա օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 0.9%, այդ թվում՝ սննդամթերքինը եւ ոչ ալկոհոլային խմիչքինը՝ ներառյալ ալկոհոլային խմիչք եւ ծխախոտ` 2.7% գնաճ, ոչ պարենային ապրանքներինը` 1.8% գնանկում, ծառայությունների սակագներինը 0.5%-ով աճել են:

Հանրապետության բոլոր քաղաքներում այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ սպառողական գները նվազել են 0.7-0.1%-ով, համեմատաբար բարձր գնանկում գրանցվել է Հրազդան քաղաքում: Իսկ Երեւանում սպառողական գները նվազել են 0.4%-ով:
ԱՎԾ-ն վստահեցնում է՝ 2017-ի օգոստոսին հուլիսի համեմատ մեր երկրում արձանագրվել է սննդամթերքի 1.7% գնանկում: Սա ԱՎԾ-ն պայմանավորում է բանջարեղենի եւ մրգի ապրանքախմբերի՝ համապատասխանաբար 14.4% եւ 6.6% գնանկումով:

Իսկ շաքարի եւ շաքարավազի գները ե՛ւ ընկել են, ե՛ւ աճել: ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում այս տարվա օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ գրանցվել է 13.4% գնաճ, իսկ 2017-ի օգոստոսին հուլիսի համեմատ՝ 0.2% գնանկում: Հանրապետության 4 քաղաքներում այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ շաքարի եւ շաքարավազի գները նվազել են 1.3-0.7%-ով, իսկ 6 քաղաքներում՝ 0.2-0.8% գնաճ: Երեւանում, ըստ ԱՎԾ-ի, պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

2017 թվականի օգոստոսին հուլիսի համեմատ հացաբուլկեղենի եւ ձավարեղենի գները 0.1%-ով նվազել են, իսկ ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Մսամթերքի գներն այս տարվա օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ 6.1%-ով աճել են, օգոստոսին հուլիսի համեմատ՝ 1.4%-ով են աճել: Մսամթերքի շուկայում գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գյումրիում, Երեւանում մսամթերքի գներն աճել են 1.7%-ով:

Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում այս տարվա օգոստոսին 2016-ի օգոստոսի համեմատ 5.9% գնաճ է գրանցվել, իսկ օգոստոսին՝ հուլիսի համեմատ, 0.9% գնաճ: Սա, ըստ ԱՎԾ-ի, պայմանավորված է կարագի 2.7% գնաճով: Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում այս տարվա օգոստոսին 2016-ի օգոստոսի համեմատ 1.4% գնանկում է եղել, իսկ հուլիսի համեմատ` 0.1% գնաճ, իսկ ձվի գինը նվազել է 0.7%-ով:

Ոչ պարենային ապրանքների շուկայում այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ գրանցվել է 0.2% գնաճ: Վառելիքի շուկայում ԱՎԾ-ն այս տարի գնաճ է արձանագրել. 2017-ի օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ գրանցվել է բենզինի 1.2% գնանկում, իսկ դիզելային վառելիքի շուկայում՝ 7.3% գնաճ, 2016-ի դեկտեմբերի համեմատ՝ բենզինի շուկայում՝ 10.3%, իսկ դիզվառելքի շուկայում՝ 13.8% գնաճ:

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

07.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930