Լրահոս
Օրվա լրահոսը

Անվճար բուժման հնարավորությունից զրկելու հետեւանքով հասցված վնասի փոխհատուցումը մասնակի բավարարվեց

Սեպտեմբեր 08,2017 14:00
cucak

Վերափորձաքննությունների անվերջ շրջապտույտում
պահանջվեց չորս տարի՝ կենսաթոշակը ստանալու համար

Անահիտ Գաբրիելյանը երեք տարի առաջ՝ հունիսի 27-ին հայցով դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության դեմ՝ սահմանված հաշմանդամության 3-րդ խումբը չընդատված համարելուն, 01.01.- 26.04.2014 թվականն ընկած ժամանակահատվածի չվճարված կենսաթոշակը, պատասխանողի կողմից ուղեգրված հետազոտության համար վճարված 10.600 դրամը, ինչպես նաեւ սխալ ախտորոշման հետեւանքով հասցված վնասը եւ 27.02- 2.06.2014 թվականն ընկած ժամանակահատվածում հայցվորին անվճար բուժման հնարավորությունից զրկելու հետեւանքով հասցված վնասը փոխհատուցելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

Վարչական դատարանը Անահիտ Գաբրիելյանին մերժել էր եւ նա դիմել էր վերաքննիչ վարչական դատարան:

Օրերս վարչական վերաքննիչ դատարանը Անահիտ Գաբրիելյանի հայցը բավարարել է մասնակի: Դատարանը պարտավորեցրել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալությանը ընդունելու Անահիտ Գաբրիելյանի նկատմամբ բարենպաստ վարչական ակտ, այն է` հայցվորի նկատմամբ սահմանել հաշմանդամության երրորդ խումբ` 27.02-26.04.2014 թվականն ընկած ժամանակահատվածի համար եւ այդ ժամանակահատվածի համար վճարել նախատեսված կենսաթոշակը:

Հետեւաբար, անվավեր կճանաչվի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Երեւանի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի 10.03.2014 թվականի թիվ 456-510 որոշումը:

Անահիտ Գաբրիելյանի գործով դատարանի 29.10.2015 թվականի որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը ներգրավվել էր որպես երրորդ անձ:

Անահիտ Գաբրիելյանին 2010թ. հուլիսի 26-ին տրվել է հաշմանդամության երրորդ խումբ՝ մեկ տարի ժամկետով: Մեկ տարի հետո հայցվորը դիմել էր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն՝ խնդրելով կատարել վերափորձաքննություն: Արդյունքում մեկ տարով եւս սահմանվել է հաշմանդամության երրորդ խումբ: 2012 թվականին Ա. Գաբրիելյանը կրկին դիմել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն՝ խնդրելով կատարել վերափորձաքննություն: Այս անգամ էլ հաստատվել է հաշմանդամության երրորդ խումբը մինչեւ 01.01.2014 թ.հունվարի մեկը: Թվով չորրորդ անգամ՝ 2014 թ. փետրվարի 27-ին դիմել է բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն՝ խնդրելով նշանակել վերափորձաքննություն: Բայց այս անգամ «փորձը» կամ «վերափորձաքննությունը» Գաբրիելյանին հաշմանդամ չի ճանաչել:

Հաշմանդամ կինը դիմում-բողոք է ներկայացրել բժշկասոցիալական փորձաքննության գործակալություն՝ խնդրելով վերացնել հաշմանդամ չճանաչելու մասին վերափորձաքննության արդյունքները եւ վերականգնել իր՝ հաշմանդամության խումբը, սակայն 2014 թ. հունիսի 11-ի գրությամբ քաղաքացու օրինական պահանջը մերժվել է:

Ի դեպ, հայցվոր կինը դատարանում պնդում էր, որ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության որոշման մեջ տեղի է ունեցել կեղծիք՝ «խրոնիկ երակային անբավարարության III0-ի փոխարեն նշվել է I0, ինչի հետեւանքով իրեն հաշմանդամ չեն ճանաչել»:

Պատասխանող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը դատարան էր ուղարկել պատասխան՝ առարկելով հայցի դեմ:

Ըստ հանձնաժողովականների, 2014 թվականի մարտյան որոշմամբ հայցվորի մոտ չի հայտնաբերվել հաշմանդամության երրորդ խմբում ընդգրկվելուն հատուկ որեւէ հիվանդություն. «Հայցվորի մոտ հայտնաբերվել է օրգանիզմի ընդերային եւ ստորին վերջույթների արյան շրջանառության աննշան խանգարում, մինչդեռ ՀՀ կառավարության 13.06.2003 թվականի թիվ 780-Ն որոշման հավելվածի 28-րդ կետի համաձայն՝ հաշմանդամության երրորդ խմբի հաստատման համար անձը պետք է ունենա օրգանիզմի որեւէ ֆունկցիայի չափավոր խանգարում»: Ներկայացուցչի պատասխանի համաձայն, 01.01.2014 – 26.04.2014 թվականն ընկած ժամանակահատվածում երրորդ խմբի հաշմանդամ ճանաչելու մասին որոշում ընդունելու լիազորություն գործակալությունը չունի:

Երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարությունը պնդել է ըստ էության նախարարության նշյալ գործակալության բերած փաստարկները:

Ուշադրության արժանի է, թերեւս, վարչական դատարանի իրավական վերլուծությունը. «Գործում առկա նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հայցվորի հաշմանդամության հարցը պարզելու նպատակով իրականացվել է վերափորձաքննություն, որի արդյունքում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 10.03.2014 թվականի թիվ 456-510 որոշմամբ հայցվորը չի ճանաչվել հաշմանդամ: Հետագայում կրկին իրականացվել է վերափորձաքննություն, որի արդյունքում 26.04.2014 թվականից հայցվորին նշանակվել է երրորդ խմբի հաշմանդամ: Այսինքն` հայցվող ժամանակահատվածում` 01.01.2014 թվականից 26.04.2014 թվականը, հայցվորին հաշմանդամ չճանաչելու վերաբերյալ առկա է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 10.03.2014 թվականի թիվ 456-510 որոշումը»:

Դատարանն արձանագրել էր, որ 2014 թ. մարտի 10-ի հայցվորի ամբուլատոր քարտում առկա հետազոտությունների արդյունքները համապատասխանում են հաշմանդամության երրորդ կարգ սահմանելու չափորոշիչներին, սակայն, ըստ պատասխանողի ներկայացուցչի, նշյալ հետազոտությունն արձանագրվել է վարչական վարույթի ավարտից հետո, հետեւաբար չի դարձել վարույթի նյութ եւ քննարկման առարկա:

Ըստ դատարանի իրավական գնահատականների. «Վարչական մարմինը չի իրականացրել պատշաճ վարչարարություն, որի արդյունքում ընդունվել է հայցվորի նկատմամբ ոչ բարենպաստ վարչական ակտ, հետեւաբար դատարանը, վերը նշված վերլուծությամբ, գտնում է, որ 10.03.2014 թվականի թիվ 456-510 որոշումը ենթակա է վերացման, միաժամանակ պարտավորեցնելով վարչական մարմնին ընդունելու հայցվորի նկատմամբ բարենպաստ վարչական ակտ, այն է` հայցվորի նկատմամբ սահմանել հաշմանդամության երրորդ խումբ եւ այդ ժամանակահատվածի համար վճարել նախատեսված կենսաթոշակը»:

 

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

07.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930