Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշին 80 տարի անց առաջինը վայելեց Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերան

Սեպտեմբեր 08,2017 13:30

Շուշիի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 1-ին Շուշիի ռեալական դպրոցին (հիմնված 1881թ.) հարակից բացօթյա տարածքում կայացավ Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերայի (լիբրետոն՝ Դերենիկ Դեմիրճյանի) պրեմիերան: Նախագծի հեղինակ, գեղարվեստական ղեկավար եւ բեմադրող՝ Սարինա Ավթանդիլյան, բեմադրող դիրիժոր՝ Սուրեն Շահիջանյան, ռեժիսոր՝ Արմեն Պիրի Մասիհի: «Սասունցի Դավթի» պրեմիերան նվիրված էր նաեւ Արցախի անկախության տոնին, Հարո Ստեփանյանի ծննդյան 120 եւ Դերենիկ Դեմիրճյանի 140-ամյակներին: Բեմադրությանը մասնակցել են օպերային թատրոնի նվագախումբը, բալետային խումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը (ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան, գլխավոր դերերգերով հանդես են եկել Ազգային օպերային թատրոնի մեներգիչները: Սասունցի Դավթի կերպարը մարմնավորել է գերմանաբնակ Մկրտիչ Բաբաջանյանը:

Էպիկական այս օպերայի բեմադրությունը Սարինա Ավթանդիլյանի 4-րդ աշխատանքն է Արցախում: Առաջինը Շուշիում Անդրեյ Բաբաեւի «Արծվաբերդ» օպերան էր, հաջորդը՝ Ավետ Տերտերյանի «Կրակե օղակը», իսկ հետո Ստեփանակերտի Ազատության հրապարակում Վերդիի Ռեքվիեմը: Ի դեպ, ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության կոնվենցիայի Միջկառավարական կոմիտեի 7-րդ նստաշրջանը 2012թ. «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսի կատարողական դրսեւորումները» հայտն ընդգրկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության Ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:

Հարո Ստեփանյանը հեղինակ է 5 օպերայի: Երեւանի օպերային թատրոնում բեմադրվել են դրանցից երկուսը՝ «Լուսաբացին» (1938թ.) եւ «Հերոսուհին» (1950թ.):

Պրեմիերային ներկա են գտնվել նաեւ հյուրեր արտասահմանից, այդ թվում՝ հեղինակավոր «Սանկտ Պետերբուրգի պալատներ» դասական երաժշտության ամենամյա միջազգային փառատոնի ֆոնդի հիմնադիր նախագահ եւ գեղարվեստական ղեկավար Մարիա Սաֆարյանցը (լուսանկարում):

Մեզ հետ զրույցում տիկին Սաֆարյանցը նախ իր հիացմունքը արտահայտեց պրեմիերայի առիթով, նշելով, որ այն իսկապես կայացավ, հետո փոքր էքսկուրս անցկացրեց՝ ներկայացնելով օպերայի հեղինակին՝ Հարո Ստեփանյանին: «Խորհրդային տարիներին արվեստագետների, այդ թվում՝ կոմպոզիտորների համար հասկանալի պատճառով բարդ էր անդրադառնալ հերոսական թեմային: Իսկ Հարո Ստեփանյանը դա իրականացրել է հենց 1936-ին՝ դիմելով հայկական ժողովրդական էպոսին: Կոմպոզիտորը նաեւ հայ ժողովրդի հերոսական անցյալին է դիմել իր «Նունե» օպերայով, իսկ «Լուսաբացին» օպերան նվիրված է հայ ազատագրական պայքարին: Կրկնում եմ՝ սա այն տարիների համար մեծ ռիսկ էր»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով «Սասունցի Դավիթ» օպերային, ասաց. «Շուրջ 20 տարի իրականացնում եմ իմ սանկտպետերբուրգյան փառատոնը եւ գիտեմ բացօթյա միջոցառումների կազմակերպման բարդությունները: Դրանք կապված են եւ բեմի, եւ միկրոֆոնի, եւ լույսերի եւ այլնի հետ: Մի խոսքով՝ միայն բարձրակարգ երաժիշտների մասնակցությամբ հնարավոր չէ ներկայացնել բարձր արվեստ: Նշեմ, որ «Սասունցի Դավիթը» հենց այս ռեալական ուսումնարանի տարածքում իրականացնելու գաղափարն արդեն հաջողության գրավական է: Ռեժիսորը պրոյեկցիոն սարքավորումների միջոցով գտել էր հերոսական օպերային վայել, եթե կարելի է ասել՝ ֆոն, ավելի ճիշտ՝ պատկերներ, եթե հաշվի առնենք, որ սա նրա մասշտաբային առաջին աշխատանքն էր, ապա պետք է միանշանակ ողջունել: Աննկարագրելի բարդ է, երբ նվագախումբն ու երգչախումբը, մեներգիչները հանդես են գալիս միկրոֆոնով, ինչը բացօթյա տարածքում անհրաժեշտություն է: Ինձ տեղեկացրին, որ սա դիրիժորի դարձյալ առաջին օպերան է, որ ղեկավարում է նա: Իհարկե, անձնական որոշ նկատառումները՝ կապված երաժշտական տեմպերի հետ, ես չեմ բարձրաձայնի, դրանք զուտ մասնագիտական խնդիրներ են եւ դիրիժորն էլ առաջին անգամ է ղեկավարում օպերա, բայց, այնուամենայնիվ, կուզեի նշել, որ սա օժտված այն արվեստագետն է, որը պետք է շարունակի ղեկավարի մեծակտավ ստեղծագործություններ, այդ թվում՝ օպերաներ: «Սասունցի Դավիթ» օպերայի մեկնաբանման բարդությունը այս ստեղծագործության կիսառեչիտատիվային երգեցողության մեջ է նաեւ: Ինձ տեղեկացրին, որ Հարո Ստեփանյանի ներդրումը հայկական օպերային արվեստում նշանավորվում է նրանով, որ կոմպոզիտորը առաջինն է ստեղծել ռեչիտատիվ- դեկլամացիոն ոճ, ինչի փայլուն օրինակը այս օպերան է»: Տիկին Սաֆարյանցի ձեւակերպմամբ՝ վարպետորեն էր արված գրիմը եւ հագուստների դիզայնը. «Սա այն դեպքն է, երբ երկրորդ կարծիք լինել չի կարող: Եվ Ռուսաստանում, եւ արտասահմանում նույնպես ներկա եմ եղել ժողովրդական բանահյուսական արվեստը երաժշտության վերածած մեծակտավ ստեղծագործությունների, օպերաների: Եվ սա այն դեպքն է, որ ոչ միայն լսողական, այլեւ տեսողական «դաշտն» էլ է կարեւոր օպերայի կայացման համար: Հիացած եմ գրիմով եւ զգեստների դիզայնով»:


Հետաքրքրությանը՝ մեներգիչների՝ իրենց դերերգերը մեկնաբանելու կապակցությամբ Մարիա Սաֆարյանցը ասաց. «Այս պահին, եթե լարեմ հիշողությունս, չեմ մտաբերի եւ ոչ մի տարի, որ սանկտպետերբուրգյան փառատոնին մասնակից չլինեն հայաստանցի երաժիշտներ, մասնավորապես վոկալիստներ, իսկ հայկական վոկալ դպրոցի համբավը վաղուց տարածված է աշխարհում, հետեւաբար ես մեկառմեկ կարծիք չեմ հայտնի յուրաքանչյուր երգչի կատարողականի մասին: Իսկ ընդհանուր նրանք բոլորն էլ կարծես էպոսից լինեին: Կուզեի առանձնացնել այս նախագծի ղեկավարի՝ տիկին Ավթանդիլյանի աշխատանքը: Գիտեմ, որ նախկինում նա Շուշիում նույնպես իրականացրել է այլ օպերային նախագծեր եւս, այդ թվում՝ իմ կողմից սիրված կոմպոզիտոր Տերտերյանի «Կրակե օղակը»: Ինձ հայտնի է նաեւ ցանկացած մեծ միջոցառման նախապատրաստական աշխատանքի, կասեի՝ բեռի ծանրությունը, որը ղեկավարից պահանջում է երաժշտական խորը գիտելիքներ»: Տիկին Սաֆարյանցը հավելեց նաեւ. «Սասունցի Դավիթ» օպերայում միավորված են գուսանական եւ հոգեւոր երաժշտական տարրերը, դասական օպերային ժանրին հարիր լուծումներով եւ ցանկացած ժողովրդի գերնպատակը պետք է լինի առաջինը անդրադառնալ իր մեծերին, նրանց արվեստը ներկայացնել աշխարհին. «Ցանկացած մասշտաբային նախագիծ ակնկալում է մեծ ներդրումներ եւ հաջողության գրավականն է նաեւ, թե կոնկրետ ովքեր են ինչ-որ ձեւով աջակցում դրան: Ձեր «Սասունցի Դավիթի» հաջողության դեպքում կարեւորում եմ այն փաստը, որ Շուշիում կայացած բոլոր միջոցառումներն անցնում են Հայաստանի նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ. Գ. «Սասունցի Դավիթ» օպերայի երեւանյան պրեմիերան կկայանա սեպտեմբերի 9-ին՝ Ազգային օպերային թատրոնում:

«Առավոտ»

07.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930