Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռոբերտ Էմմիյան. «Երեւանում միջազգային չափորոշիչների աթլետիկական ստադիոն կլինի»

Սեպտեմբեր 08,2017 13:00

Հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը Գյումրիում իր գավաթի խաղարկության միջազգային ավանդական մրցաշարն այս տարի նշեց բացառիկ հոբելյանով: Արդեն 30 տարի է Ծաղկաձորում սահմանած նրա ռեկորդը՝ 8,86 մետր, անհասանելի է Հին Աշխարհամասի ցատկորդների համար:

Լեգենդար մարզիկը Փարիզից Հայաստան ժամանել է նաեւ մեկ այլ լավ լուրով: Երեւանը կունենա միջազգային չափանիշերին համապատասխանող աթլետիկական ծածկույթով ստադիոն: «Առավոտի» հետ զրույցում Ռոբերտ Էմմիյանը նշեց. «Հայաստանը, թերեւս, աշխարհի միակ երկիրն է, որ տղանդավոր մարզիկներ, բանիմաց մարզիչներ ունի, սակայն մարզաձեւով լրջորեն զբաղվելու պայմաններ չկան: Ու դա շարունակվում է տարիներ շարունակ: Ամենամեծ երազանքս Երեւանում միջազգային չափորոշիչներին համապատասխանող աթլետիկական ծածկույթով ստադիոն ունենալն է, որը շատ թանկ հաճույք է: Բայց դա ինձ չի կանգնեցնում: Խոսել եմ IAAF-ի, Եվրոպայի ֆեդերացիայի նախագահների ու մյուս ղեկավարների հետ, բոլորին հրավիրել Հայաստան: Նրանք տեղյակ են իրավիճակին:

Աթլետիկական ամբողջական ծածկույթը շատ թանկ արժե, բայց միջազգային ֆեդերացիան ինձ ճանաչելով եւ հարգելով զգալի զեղջ էր արել՝ գինն իջեցնելով $ 380 հազար: Ընդ որում, $ 160 հազարն էլ ինքն է տրամադրում: Մնացած $ 220 հազարը մեր երկիրը պետք է հատկացներ: Բայց դա էլ խնդիր է: Մոտ երկու շաբաթ առաջ Լոնդոնում՝ աշխարհի առաջնության օրերին, ինձ հաջողվեց եւս մեկ անգամ մեկտեղ հավաքել մեր մարզաձեւի համաշխարհային ու եվրոպական ֆեդերացիաների ղեկավարներին, իմ ընկերներին: Նրանց կրկին ներկայացրեցի Հայաստանի քաղաքական եւ տնտեսական բարդ իրավիճակը: Փառք Աստծո, ըմբռնումով մոտեցան: Եվ «Հերկուլան» հանրահայտ ընկերությունը, որը բալկանյան երկրների ֆեդերացիաների հովանավորն է եւ որի ղեկավարն ինձ լավ ճանաչում է, համաձայնեց ամբողջ աշխատանքը կատարել 170 հազար եվրոյով: Սա Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխանող աթլետիկական ստադիոն (վազքուղի, հեռացատկի, բարձրացատկի, նետումների համար հատվածներով) ունենալու բացառիկ հնարավորություն է, որը ձեռքից բաց թողնել չի կարելի: Մնում է, որ հայաստանյան կողմը չհապաղի: Նախկին $ 220 հազարի փոխարեն այժմ պահանջվում է մոտավորապես $ 10 հազարի ներդրում:

Հայաստանի նախագահը, կառավարությունը, մարզական ղեկավարությունն այս տարիների ընթացքում փորձել են ինչով հնարավոր է աջակցել աթլետիկայի զարգացմանը Հայաստանում, ինչի համար շատ շնորհակալ եմ: Հիմա եկել է արագ, կոնկրետ քայլեր անելու ժամանակը, որպեսզի եվրոպացի մասնագետները գան եւ ծածկույթը տեղադրեն: Ուզում եմ, որ այդ ստադիոնը Երեւանում լինի: «Հրազդան» ստադիոնը շատ հարմար է իմ կարծիքով: Ծածկույթի տեղադրումը երկար ժամանակ չի խլի՝ մոտ երկու շաբաթ: Որքան արագ մեր իրավասու մարմինները կողմնորոշվեն ու գործեն, այնքան շուտ մենք ստադիոն կունենանք, որտեղ կմարզվեն մեր աթլետները: Վստահ եմ, այն կխթանի սպորտի թագուհու զարգացմանն ու տարածմանը եւ մենք շատ արագ հայաստանցի մարզիկների վարպետության, ցուցանիշների աճի ականատեսը կդառնանք: Ուզում եմ՝ ստադիոնը մայրաքաղաքում լինի, որպեսզի հետագայում այստեղ տարբեր տարիքային խմբերի ու ձեւաչափերի պաշտոնական առաջնություններ, միջազգային մրցաշարեր անցկացնելու հնարավորություն էլ ունենանք»:

 

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարում` Ուղիղ 30 տարի առաջ Ծաղկաձորի
օլիմպիական ավանի այս ցատկափոսում է Ռոբերտ Էմմիյանը
Եվրոպայի ռեկորդ սահմանել՝ ցատկելով 8,86 մետր:

 

«Առավոտ»

07.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930