Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր հայրենիքն անուշ է. ծիրանը, որ կա` արժե ողջ Իրաքը»

Սեպտեմբեր 08,2017 12:30

Ինչպես իրաքահայերն ինտեգրվեցին Հայաստանում

2006 թվականին Իրաքում բնակվող Օհաննեսյանների ընտանիքը պատերազմի պատճառով հայրենադարձվել է Հայաստան:

Վահանը, կինը՝ Մարոն, իրենց երեք երեխաների հետ (երկու տղա, մեկ աղջիկ) արդեն 11 տարի է՝ բնակվում են Հայաստանում: Նրանք ապրել են Իրաքի մայրաքաղաք Բաղդադում, իսկ պատերազմի առաջին պայթյունները եղել են հենց այնտեղ:

«Շատ վատ վիճակում էինք՝ թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական առումով: Բաղդադում անընդհատ պայթյուններ էին տեղի ունենում, արդեն սովորական երեւույթ էր դարձել, բայց ամենաուժեղ պայթյունը տեղի ունեցավ շիաների երկու փոքրիկ մզկիթներում, այնքան ուժեղ պայթյուն էր, որ տան ապակիները փշրվեցին, որի հետեւանքով կտրեցի ոտքս, եւ մինչ այսօր էլ խնդիրներ ունեմ ոտքիս հետ: Ապրում էինք վախի լարված մթնոլորտում: Ոչ ջուր ունեինք, ոչ լույս: Վախենում էինք նաեւ մեր երկու տղաների համար, քանի որ տղաներին առեւանգում էին, իսկ գումար պահանջելու դեպքում վստահ չէիր, որ կվերադարձնեն: Ամուսինս մեր անվտանգության համար որոշեց, որ պետք է Հայաստան գանք՝ մեր հայրենիք»,-ասում է Մարո Օհաննեսյանը:

3 տարի ապրել են Մասիս քաղաքում, այնուհետեւ ՄԱԿ-ը Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանում տրամադրել է բնակարան` Քանաքեռի ուռուցքաբանականին մոտ լինելու համար, քանի նոր որդին՝ Հերոսը, առողջական խնդիրներ ուներ: Նա, ի վերջո, մահանում է: Իսկ մյուս տղան այժմ գտնվում է ԱՄՆ-ում: «Եղբոր մահից հետո չկարողացավ այստեղ մնալ, Գրին քարտ շահեց ու գնաց ԱՄՆ»,-ասաց մայրը:

Նարոն՝ նրանց դուստրը, ընդհատելով մորը, հավելեց. «Այստեղ շատ եմ հավանել, եթե եղբայրս ԱՄՆ-ում չլիներ, այլ մեր կողքին, ես չէի գնա Հայաստանից»:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ ՄԱԿ-ի եւ «Կարմիր խաչի» գրասենյակների աջակցությանը: Այն հարցին, թե գալով Հայաստան, ինտեգրման ի՞նչ խնդիրներ առաջացան, Վահան Օհաննեսյանն ասաց. «Մարդիկ շատ բարեհամբույր ընդունեցին մեզ, բայց որտեղ դիմում էինք, ասում էին՝ «դուք իրաքահայ եք», «չենք կարող օգնել», «գումար շատ ունեք», բայց չեն գիտակցում, որ տղայիս հիվանդությունը, ապրուստը, բոլորը ծախսեր են եւ ինչպե՞ս կարող է այդ գումարը մնալ, եթե չավելացվի վրան…Շատ են տարբերություն դնում մեր եւ սիրիահայերի միջեւ, նրանց ամեն հարցում օգնում են, բայց մեզ՝ ոչ»։

Վահանը Իրաքում ավտոէլեկտրիկ է աշխատել, իսկ Հայաստանում՝ սանտեխնիկ. տան միակ աշխատողն է: Վահանի ձեւակերպմամբ, Հայաստանը ապահով է, բայց ապրուստը՝ դժվար:

«Այստեղ մարդիկ չեն մտածում գործը զարգացնելու, ավելի լավ մասնագետներ բերելու մասին, դրա փոխարեն ասում են՝ «դա մեր ոճը չի»,-ավելացնում է նա: Խոսելով իրաքյան անցյալի մասին` Վահան Օհաննեսյանը փաստեց, որ շատ հավատով են այնտեղի հայերը, մասնակցում են եկեղեցական ծեսերին, նոր տարին էլ այլ կերպ են նշում՝ բոլորը հավաքվում են մեծ բարեկամի տանը, ուրախանում, քեֆ անում: Իրաքահայերը երեխաներին անպայման հայկական անուններ են տալիս։ «Մեր համայնքը միասնական էր մինչ պատերազմը, անգամ 1988-ի երկրաշարժի ժամանակ սուգ պահեցինք, ովքեր պետք է ամուսնանային, այդ տարի չամուսնացան, նաեւ օգնություն ուղարկեցին»,-նշում է Վահանը: Նրա հավաստմամբ՝ ոմանք դրսում ավելի լավ են պահպանում իրենց մշակույթը, քան Հայաստանում:

«Երբ եկանք Հայաստան, տեսանք, թե ինչքան շատ է տարբերվում այստեղի կյանքը մեր ծնողների պատմած կյանքից: Մեզ մոտ ընդունված չէ ամուսնանալ օտար ազգի մարդկանց հետ, միշտ ասում ենք` դու քո ազգից ամուսին չառնես, դարդից կմեռնես, իսկ ով հայի հետ չէր ամուսնանում, ուրիշ աչքով էինք նայում…Որդիս էլ ԱՄՆ-ում գտնվելով՝ նշանվել է հայ աղջկա հետ»,-ասում է Վահանը: Ապա հավելում է. «Վերջերս էլ Գառնի էինք գնացել ու տեսանք, թե ինչպես է մի տղամարդ մկրտվում: Ապշել էինք` ինչպե՞ս է, որ մեծ տղամարդը մկրտված չէ, մեզ մոտ միանգամից կնքում ենք երեխային»:

Մարոն էլ զրույցի ընթացքում հիշեց մի դեպք որդու հետ կապված. «Երբ տղայիս՝ Հերոսին հարցրեց բժիշկը՝ հավանեցի՞ր հայրենիքը, տղաս պատասխանեց` ոչ, իմ իմացած հայրենիքի հակառակ պատկերն էր»: Զրույցի ավարտին Վահանը նշեց. «Մեր հայրենիքն անուշ է, ծիրանը, որ կա, արժե ողջ Իրաքը»:

 

ՌԱԻՍԱ ՊԱՊՅԱՆ
ԵՊՀ Ժուռնալիստիկայի
ֆակուլտետի ուսանողուհի
Լուսանկարը` Ֆեյսբուքից:

«Առավոտ»

07.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Հառգելիս, Հայաստանը եթե ձեր հայրենիքը համարեիք, կներգաղթեիք այն ժամանակ, երբ այստեղ սով էր, մութ և ցուրտ, իսկ Իրաքը ամենահարուստ արաբական երկրներից էր: Բայց ես տեսնում եմ, որ դուք ավելի պրակտիկ եք և գտնվում եէ այնտեղ, որտեղ ներկա պահին ավելի ապահով է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930