Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ եռակողմ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին երեք երկրները հանդես կգան համատեղ հայտարարությամբ: «Մենք Նյու Յորքում միասին կընդգծենք, որ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Աբխազիայի հիմնախնդիրները հարկավոր է րոպե առաջ լուծել խաղաղ ճանապարհով և երկու երկրների տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է նա:
Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ հայ-վրացական բարեկամական հարաբերությունները Հայաստանի համար կարեւոր են, հաշվի առնելով նաև այն, որ Վրաստանում կա մեծ հայկական համայնք: Բուն խնդրի վերաբերյալ էլ նկատեց. «Մի շատ կարևոր սկզբունք են մոռացել՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքը:
Նրանց հայտարարությունը դեմ է բանակցային տրամաբանությանը, որովհետև առնվազն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների 5 հայտարարություն կա, որտեղ այդ 3 սկզբունքները, նաեւ ինքնորոշման իրավունքի իրացումը ներառված են: Հայաստանի, Արցախի իշխանություններն ու ընդդիմությունը, ինչպես նաև ժողովուրդն ունեն մեկ նպատակ՝ հասնելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման՝ անկախ նրանից, որտեղ ինչ կխոսեն: Մենք պայքարելու ենք դրա համար: Վաղ թե ուշ Արցախի հանրապետությունը դառնալու է անկախ հանրապետություն: 2-րդ աշխարհամարտից հետո 56 պետություն էր, աշխարհը գնում ինքնորոշման իրավունքի հաղթարշավի ճանապարհով`ուզի Չավուշօղլուն, թե չուզի»:
ԱԺ փոխխոսնակը հիշեցնում է` սեպտեմբերի 2-ն Արցախում անկախության օրն էր. «Ով տեսողության հետ խնդիր ունի, կարող է իր սև ակնոցները հանել և իրականությունը տեսնել: Արցախում կա անկախ, ժողովրդավարական հանրապետություն, որը զարգանում է ոչ թե ի հեճուկս, այլ հանուն արցախցիների և ողջ հայության»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ