Իջեւան քաղաքի հյուսիսային ծայրին , միջպետական ավտոճանապարհի եզրին ռուսաստանաբնակ գործարար, «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի քեռու տղան՝ իջեւանցի Արմեն Իսկանդարյանն արդեն 3 տարի հյուրանոցային, տուրիստական կենտրոն է կառուցում: Իջեւանի ճարտարապետական կոլորիտին ներդաշնակ այդ շենքի շինարարությունը սկսվել է խորհրդային շրջանում, սակայն այն կիսատ է մնացել:
Սամվել Կարապետյանի մոր հորեղբոր որդի, գործարար Սեյրան Իսկանդարյանը հայտնեց, որ այդ շենքում լինելու է նաեւ լողավազան: Ներկայումս ընթանում է շենքի տանիքի կառուցումը: Շենքի եւ հարակից կառույցների ընդարձակ տարածքներում ներքին հարդարման աշխատանքները կարող են տեւել մի քանի տարի:
Իջեւան քաղաքի Ազատամարտիկների հրապարակին հարակից տարածքում կիսատ է մնացել Սամվել Կարապետյանի նախաձեռնած մանկապարտեզի շինարարությունը: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը հայտնեց, որ մանկապարտեզի շինարարությունը դադարեցվել է, քանի որ կառույցի նախագծում փոփոխություն է կատարվել: Քաղաքապետը չգիտի, թե նախադպրոցական հիմնարկի շինարարությունը երբ կսկսվի: Սեյրան Իսկանդարյանը հայտնեց, որ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ եւ միջոցներով Հայաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Իջեւանում, կկառուցվեն մանկապարտեզներ, որոնք կնվիրվեն այդ համայնքներին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ