«Ադրբեջանը մի երկիր է, որը թե ԵԽԽՎ-ում, թե տարբեր հարթակներում փորձել է կոռուպցիոն գործողություններ ծավալել, և դրա նպատակը եղել է նաև հակահայկական գործունեությունը: Ես կարծում եմ, որ մեր եվրոպացի գործընկերները կիրականացնեն քննություն, և այդ ամեն ինչը կունենա տրամաբանական շարունակություն, իսկ տրամաբանական շարունակությունը տարբեր տիպի սանկցիաներն են»,-այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը`անդրադառնալով «Ադրբեջանական լվացքատուն» անվանումը ստացած կոռուպցիոն սկանդալին:
ՀՀ ԱԺ փոխխոսնակի համար այս ամբողջ պատմության մեջ նորություն կամ անակնկալ չկա: Ասում է`Ադրբեջան պետության էությունը նացիզմն է, ֆաշիզմը, ռասիզմը, հայատյացությունը, մյուս կողմից էլ նաև հակաժողովրդավարությունն ու կոռուպցիան: Իր համար միայն զավեշտալի է Ադրբեջանի ղեկավարության պաշտոնական հայտարարությունը, թե այս ամենի հետևում հայկական լոբբին է կանգնած: «Չեմ բացառում, որ առաջիկայում նոր փաստեր կլինեն, որովհետև չեմ կարծում, որ Ադրբեջանի ղեկավարությունն այդքանով կսահմանափակվի`միայն մեկ կամ երկու երկրների պատգամավորներին կաշառելով», – ասաց Էդուարդ Շարմազանովը`հիշեցնելով նաեւ հակահայկական քաղաքականության մեջ ներդրած հսկայական գումարների մասին: Նա կոչ արեց եվրոպացի գործընկերներին քննարկել ու հետևություններ անել տեղի ունեցածից:
ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել են նաեւ ներքաղաքական, ներկուսակցական հարցեր: «Քանի որ երկար ժամանակ կուսակցությունը նիստ չէր հրավիրել, ՀՀ նախագահը այսօր ներկայացրել է իր հանդիպումները, մասնավորապես, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կարող ենք արձանագրել, որ այս փուլում ՀՀ-ի ու ՌԴ-ի հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգանում են», – մանրամասնեց Էդուարդ Շարմազանովը:
Իշխող կուսակցությունում քննարկել են խորհրդարանական խմբակցության մասնակցությունը Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանին, նաեւ նոյեմբերի 5-ին մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին կուսակցության մասնակցության ձևաչափերը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ